Հայաստան - Արցախ

Անդրանիկ Թեւանեան. «ԱՄՆ-ի նպատակն է այս տարածաշրջանը բոցկլտող կրակի վերածել»

«ԱԼԻՔ» – Նիկոլ Փաշինեանը դէմ չէ միջանցքին («Զանգեզուրի միջանցք»-ԽՄԲ.)։ Այս մասին Alpha News-ի ուղիղ եթերում ասել է «Մայր Հայաստան» շարժման առաջնորդ Անդրանիկ Թեւանեանը։

«Այն տրամաբանութեամբ, որով այդ միջանցքը ներկայացւում է Թուրքիայի, Ադրբեջանի ու ԱՄՆ-ի կողմից, փաստացի նշանակում է Սիւնիքի հատւածը կտրել Հայաստանից ու Հայաստանը, ի վերջոյ, տանել ոչնչացման։ Միջանցքի տրամաբանութիւնն այն է, որ Հայաստանն ուղղակի պէտք է տարածքը տրամադրի մեր թշնամիներին։

Նիկոլ Փաշինեանը ոչ թէ դէմ է միջանցքին, այլ ուզում է, որ այդ միջանցքը վերահսկւի Արեւմուտքի, բայց իրականում թուրքական աշխարհի կողմից։ Իրանն ու Ռուսաստանը դէմ են այս տրամաբանութեանը, որովհետեւ արեւմտաթուրքական վերահսկողութիւնը միջանցքի նկատմամբ՝ նշանակում է այս տարածաշրջանից իրենց հեռացում»,- նկատել է նա։

Թեւանեանն ասել է, որ ԱՄՆ-ի շտապողականութեան հիմքում նոյեմբերի ընտրութիւններն են։ Ըստ նրա՝ փորձում են դեմոկրատները դիւիդենտներ շահել։

«ԱՄՆ-ն շտապում է, որովհետեւ նոյեմբերին ընտրութիւններ են սպասւում ու դեմոկրատներին անհրաժեշտ է, այսպէս ասած, փոքրիկ յաղթանակ ներկայացնել աշխարհաքաղաքական առումով։ Ուկրաինայում չեն կարողանում դա ցոյց տալ, Մոլդովայում նոյնպէս, Վրաստանը նոյնպէս փորձում են դարձնել մանրադրամ, այնպէս, ինչպէս Ուկրաինան Ռուսաստանի դէմ պայքարում։

Այս տեղերում իրենք դեռ չեն յաջողում ու, փաստացի, համաձայնութեան են եկել ՀՀ իշխանութեան հետ։ Նրանք համաձայնել են մանրադրամ դառնալ, որպէսզի ԱՄՆ-ում դեմոկրատները նոյեմբերի ընտրութիւններից առաջ ցոյց տան՝ իրենք ինչ-որ յաջողութիւններ ունեն։ Այդ յաջողութիւն կոչւածը պէտք է լինի հակառուսական, հակաիրանական բնոյթի»,- ասել է Անդրանիկ Թեւանեանը։

Նրա կարծիքով՝ այս ամէնի նպատակն է, որ Ռուսաստանին կամ ներքաշել պատերազմի մէջ, կամ վարկաբեկել։

«Բացարձակ անհիմն ու անտեղի են խաղաղութեան պայմանագրի մասին խօսակցութիւնները, ոորվհետեւ այդպիսի խնդիր չունի Ադրբեջանը։ ԱՄՆ-ը ցանկանում է մի քանի դիւիդենտ ստանալ այստեղ. ՀԱՊԿ-ից դուրս գալը, խոշոր դիւիդենտ՝ Գիւմրիի ռուսական ռազմաբազայի փակումը, ռազմական բախումներ ՀՀ տարածքում, որը հնարաւորութիւն կը տայ Ռուսաստանին կամ ներքաշել տարածաշրջանային պատերազմի մէջ, կամ վարկաբեկել, թէ դուք Հայաստանին չէք օգնում:

Նպատակն է այս տարածաշրջանը մեծ վառոդի, բոցկլտող կրակի վերածել, որի մէջ յայտնւելու է ամբողջ տարածաշրջանը։ ԱՄՆ-ը սա չի էլ թաքցնում, փորձում են դա փաթեթաւորել իբր Հայաաստանի եւրաինտեգրում անունով, բայց դա բացարձակապէս կապ չունի իրականութեան հետ։ Այստեղ կայ թուրքական շահի առաջմղում»,- եզրափակել է Անդրանիկ Թեւանեանը։

Related Articles

Back to top button