Արման Թաթոյեան. ««Խաղաղասէր» Ադրբեջանը ՀՀ-ին նոր պահանջներ է ներկայացնում՝ այս անգամ առաւել սթափեցնող ցանկով»
«ԱԼԻՔ» – ՀՀ Մարդու իրաւունքների նախկին պաշտպան Արման Թաթոյեանը ֆէյսբուքեան իր էջում գրառում է կատարել՝ անդրադառնալով Ադրբեջանի նախագահի առաջ քաշած նոր պահանջներին.
«Ադրբեջան «խաղաղասէր» իշխանական քարոզչութիւնը Հայաստանին նոր պահանջներն է ներկայացնում՝ այս անգամ առաւել սթափեցնող ցանկով։
Ըստ այդմ, ՀՀ Սահմանադրութեան մէջ պէտք է կատարել, այսպէս կոչւած, «արեւմտեան ադրբեջանցիների վերաբնակեցմանն» առնչւող 2 փոփոխութիւն՝
1.«արեւմտեան ադրբեջանցիների» անվտանգութեան ապահովում՝ օտարերկրեայ միջնորդական առաքելութեան երաշխաւորութեամբ։ Հայստանում պէտք է տեղակայւեն զինւած ուժեր այն երկրից, որը դաշնակից է Ադրբեջանին ու վայելում է վստահութիւն (ակնյայտ է չէ՞ որ երկիրն է)։
Քանի որ Ադրբեջանը չի վստահում Հայստանին, ինչ-որ փուլից սկսած «արեւմտեան ադրբեջանցիներն» իրենք պէտք է ունենան սեփական անվտանգութիւնը կազմակերպելու հնարաւորութիւն՝ զինւած ստորաբաժանումներ ստեղծելով.
2.«արեւմտեան ադրբեջանցիների» ադրբեջաներէնով կրթութեան իրաւունքի ապահովում։
Այս առաջարկները «արեւմտեան ադրբեջան» օկուպացիոն հայեցակարգի նոր զարգացումներ են, որոնք հիմնւած են բացարձակ կեղծիքի վրայ, որ անտեսել չի կարելի։ Ընդորում, ադրբեջանական իշխանական տարբեր աղբիւրներ նշում են, որ «վերաբնակեցման» ենթակաների թիւը 300,000 է:
Դրանք ցոյց են տալիս, որ ադրբեջանական իշխանութեան խաղաղասիրութիւնը կեղծ է, շղարշ է արտաքին աշխարհի համար։ Իրականում, տարւում է Հայաստանն օկուպացնելու քաղաքականութիւն. պարզապէս դա արւում է մարդասիրական քողի ներքոյ։
Սա այն է, ինչ արւեց Արցախի նկատմամբ. սկզբում էթնիկ զտումների իրական նպատակով Արցախի մեկուսացումն էր «էկոակտիւիստներով», յետոյ ադրբեջանական անցակէտի տեղադրումը եւ Արցախ տանող ճանապարհների ամբողջական արգելափակումը, իսկ դրանից յետոյ էլ զինւած յարձակումներն Արցախի նկատմամբ։
Այս ամէնը ցուցադրւել է ադրբեջանական իշխանութեան «Baku TV» հեռուստատեսութեամբ, որտեղ «հիմնաւորւում է» կեղծ փաստեր ներկայացնելով»,- գրել է նա: