Հայաստան - ԱրցախՔաղաքական

Վահրամ Բալայեան. «Պէտք է ե՛ւ Ադրբեջանի հետ բանակցւի, ե՛ւ միջնորդների, որպէսզի գերեվարւածներին հայրենիք վերադարձնենք»

Բազմաթիւ հայերի հետ, այս պահին, ադրբեջանական գերութեան մէջ են նաեւ Արցախի նախկին նախագահները, նախկին պետնախարարն ու արտգործնախարարը, ՊԲ բանակի նախկին հրամանատարն ու տեղակալը, Արցախի ԱԺ նախագահը։ Բազմաթիւ արցախցիների վկայութեամբ՝ նախկին նախագահները, ԱԺ նախագահը, ՊԲ նախկին հրամանատարը բազմաթիւ հնարաւորութիւններ են ունեցել սեպտեմբերի 19-ին յաջորդող օրերին անմիջապէս դուրս գալու Արցախից, սակայն նրանք յայտարարել են, որ ամենավերջինն են  դուրս գալու՝ ժողովրդից յետոյ, արդիւնքում  գերեվարւել են։ Նախկին արտգործնախարար Դաւիթ Բաբայեանը սեպտեմբերի 28-ին ինքնակամ էր ներկայացել իրաւապահ մարմիններին Ադրբեջանի  օկուպացրած Շուշի քաղաքում: Այդպէս էր պահանջել  ադրբեջանական կողմը, ինչի մասին  Շուշի գնալուց առաջ Դաւիթ Բաբայեանը յայտարարութիւն էր տարածել.

«Բոլորդ գիտէք, որ ես ընդգրկւած եմ Ադրբեջանի սեւ ցուցակում, եւ ադրբեջանական կողմը պահանջել է իմ ժամանումը Բաքու՝ համապատասխան հետաքննութեան համար։ Այս որոշումը, բնականաբար, մեծ ցաւ, անհանգստութիւն ու ստրես կը պատճառի առաջին հերթին իմ մերձաւորներին, բայց վստահ եմ, որ նրանք կը հասկանան։ Իմ չներկայանալը կամ աւելի վատ՝ փախուստը, լուրջ վնաս կը հասցնի մեր բազմաչարչար ժողովրդին, շատ ու շատ մարդկանց, եւ ես՝ որպէս ազնիւ մարդ, աշխատաւոր, հայրենասէր եւ քրիստոնեայ, չեմ կարող դա թոյլ տալ։ Աստւած օրհնի մեր ժողովրդին, թող Ամենազօրը կրճատի նրա տառապանքը եւ ամոքի նրա վէրքերը»։

Նախկին պետնախարարին եւ ԲՊ հրամանատարի նախկին տեղակալին ադրբեջանական կողմն առեւանգել էր Հակարիի կամրջի անցակէտից։

Արցախի նախկին բոլոր պաշտօնեաներին Բաքւում առաջադրւել է շինծու մեղադրանք, նրանք մի քանի ամսով կալանաւորւած են։

«168.am»-ի հետ զրոյցում Արցախի ԱԺ արտաքին յարաբերութիւնների մշտական յանձնաժողովի նախագահ, ՀՅԴ Արցախի Կենտրոնական կոմիտէի անդամ Վահրամ Բալայեանը խօսելով նշւած մարդկանց ճակատագրից ու հայրենիք վերադարձնելու ճանապարհներից, ասաց, որ ամէն ինչ պէտք է արւի՝ նրանց գերութիւնից ազատելու համար։

«Բնականաբար, պէտք է ե՛ւ Ադրբեջանի հետ բանակցւի, ե՛ւ միջնորդների, որպէսզի այդ հարցին լուծում տրւի։ Իհարկէ, որոշակի բաներ արւում են, արդիւնքը, տեսնենք՝ ինչ է լինելու։

Սփիւռքում եւս աշխատանք արւում է, սակայն ամբողջ հարցն այն է, որ Ադրբեջանը չի իրականացնում միջազգային կառոյցների կայացրած որոշումներն ու չի ենթարկւում ճնշումներին։

Իհարկէ, սա ծանր աշխատանք է եւ դժւարին, բայց պէտք է այդ աշխատանքն արւի»,- նշեց Վահրամ Բալայեանը։

Նա յիշեցրեց, որ 2020 թւականի Արցախի 44-օրեայ պատերազմից յետոյ հարիւրաւոր գերիներ այդպէս էլ հայրենիք չվերադարձւեցին, որքան էլ միջազգային այս կամ այն կառոյցը որոշում կայացրեց գերիներին վերադարձնելու համար, միեւնոյն է՝ Ադրբեջանը չենթարկւեց։

«Ցաւօք, դժւար է ասել՝ ինչ կը լինի, բայց կրկնում եմ՝ հսկայական ու դժւարին աշխատանք պէտք է տարւի»,- եզրափակեց Վահրամ Բալայեանը։

Առնչւող Յօդւածներ

Back to top button