Բագրատ Սրբազան. «Ադրբեջանցիները կարող են վերադառնալ Մասիս, եւ մենք հանդուրժելո՞ւ ենք սա»
«ԱԼԻՔ» – Մարզային հանդիպումների շրջանակում, երէկ՝ օգոստոսի 10-ին Սրբազան շարժման առաջնորդ Բագրատ Սրբազանն ու շարժման ակտիւիստներն այցելել են Արարատի մարզ: Նրանք հանդիպել են Մասիսի շրջանի Սայեաթ Նովա եւ Նիզամի գիւղերի, ինչպէս նաեւ Մասիս քաղաքի բնակիչների հետ:
Սայեաթ Նովա գիւղում Բագրատ Սրբազանը խօսել է ՀՀ Սահմանադրութիւնը փոխելու Ադրբեջանի պահանջի մասին.
«Թուրքերն ասում են՝ պէտք է գնաք, ձեր սահմանադրութիւնը փոխէք, դուք մարդ չէք, պետութիւն չէք, մենք ինչ ասենք, պէտք է անէք, ո՞վ է դրան պատասխան տալու»,- ասել է նա՝ յաւելելով. «Ես ինչ պէտք ունեմ փողոց դուրս գալու, հէնց էս զոհւած տղէրքի անունի ու պատւի համար, եւ այն մարդկանց համար, ում զրկել են, տեղահանել են: Ուր են մեր Գանձասար, Ամարաս, Շուշի, Ղազանչեցոց, ո՞ւր են, Կանաչ Ժամն ո՞ւր է: Ջերմուկի գլխին են, Ջերմուկում մարդ չկայ, էդ Ջերմուկը մեր սիրած, Սոթքը գնացէք, տեսէք, Սիւնիքը գնացէք, տեսէք: Ես հաւեսի համար չեմ դուրս եկել փողոցներ»,- ասել է նա:
Նիզամի գիւղում Սրբազանն անդրադարձել է ՀՀ քաղաքացիների այսօրւայ վիճակին՝ նշելով, որ նրանք ո՛չ ներսից, ո՛չ դրսից աջակցութիւն չունեն: Նա ասել է, որ ՀՀ գործող իշխանութիւնները մարդկանց միտքն ու կեանքը, հոգին այնքան են թունաւորել ատելութեան ու թշնամանքի միջոցով, որ մարդիկ չեն կարողանում անգամ իրենց կրքերը զսպել։
«Մեղք են մարդիկ, շփօթւած են ու մոլորւած։ Այսքան արհաւիրքից ու աղէտից յետոյ մարդիկ չեն կարող դիմացինի հետ թշնամի լինել, այլ հակառակը, այս արհաւիրքն ու աղէտը դուրս է գալու սիրով ու հաշտութեամբ, միմեանց պատիւ ընծայելով։ Մենք խօսում ենք հաշտութեան, ճշմարտութեան ու սիրոյ մասին»,- նշել է նա։
Մասիս քաղաքում կայացած հանդիպման ժամանակ Բագրատ Սրբազանը յատուկ անդրադարձել է ադրբեջանցիների Հայաստան վերադարձի Բաքւի պահանջին: Նա յիշեցրել է, որ երբ խօսում են ադրբեջանցիների վերադարձից, ապա Մասիսի ու Վարդենիսի շրջաններն ամենաառարկայական կենտրոններից են։
«1988 թւականին ադրբեջանցիների կողմից Մասիսի շրջանում տեղի ունեցաւ զանգւածային թունաւորում։ Նոյնիսկ մինչեւ 1988 թւականն այստեղով ոչ ոք չէր կարողանում հանգիստ անցնել, քանի որ ամբողջովին լցւած էր ադրբեջանցիներով։ Եւ ոնց ենք ճանապարհել, շատ հանգիստ, տուն, տեղ, բարձ, վերմակ, դրել են մեքենաների մէջ, ասել են՝ գնացէք: Ոմանք էլ լացել են, որ գնացին էս մարդիկ: Հիմա ինչ է ասում Հէյդարի որդին, ասում է, որ «Արեւմտեան Ադրբեջան» 300-400 հազար ադրբեջանցիներով են վերաբնակեցնելու, դուք ի՞նչ էք կարծում, սրանք ասելու են՝ ոչ, ես գրեթէ համոզւած եմ, որ ներքին համաձայնութիւն ունեն, նոյնիսկ տեղանքների եւ հասցէների են արդէն բաժանել: Եւ ինչ ասեմ, որ ամենավտանգալից շրջաններից մէկը այս շրջանն է, եւ մենք հանդուրժելո՞ւ ենք սա»,-ասել նա:
Նշենք, որ Բագրատ Սրբազանն այսօր կայցելի Տիգրանաշէն, Խոր Վիրապ, Արտաշատ եւ Վարդաշէն: