Այսօրւայ իշխանութիւնները պառակտում են ազգը եւ տանում են երրորդ հանրապետութեան կործանման
«ԱԼԻՔ» – ՀՀ Գերագոյն խորհրդի պատգամաւորները օգոստոսի 23-ին հաւաք են անցկացրել ՝ նւիրւած ՀՀ Անկախութեան Հռչակագրի 34-րդ տարեդարձին։ Հաղորդում են հայաստանեան ԶԼՄ-ները:
Այն կազմակերպւել է «Գերագոյն Խորհուրդ» պատգամաւորական ակումբի նախագահութեան նախաձեռնութեամբ։
«Այսօրւայ իշխանութիւնները տանում են երրորդ հանրապետութեան կործանմանը»,-իր ելոյթում ասաց ՀՅԴ անդամ, ԱԺ «Հայաստան» խմբակցութեան պատգամաւոր Արթուր Խաչատրեանը։
Նա նշեց, որ այս Հայաստանի Հանրապետութեան հիմքը Հայաստանի եւ Լեռնային Ղարաբաղի Հանրապետութիւններն էին։
«Անկախութեան հռչակագիրը ոչ միայն սկիզբ դրեց Հայոց անկախ պետականութեան վերականգնմանը, այլ նաեւ ուղենշեց այն հիմնական քաղաքական սկզբունքները, որոնց հիման վրայ կառուցւեց ՀՀ անկախ Հանրապետութիւնը։ Հիմնական սկզբունքներից առաջինը համահայկական նպատակների իրականացումն էր։ ՀՀ-ն միայն 29 հազ․ 742 քկմ-ի վրայ ապրող հայերի, հայաստանցիների հայրենիքը չէր, հռչակւեց, որ դա համայն հայերի հանրապետութիւնն է։ Այս ՀՀ-ի հիմքը Հայաստանի եւ Լեռնային Ղարաբաղի հանրապետութիւններն էին։ Այսօր ՀՀ-ի իշխանութիւնները, սեպ խրելով Հայաստանի, Արցախի հանրապետութիւնների եւ սփիւռքահայութեան միջեւ, փորձում են պառակտել մեր ազգը։ Ո՛չ, հայ ժողովուրդը ունի համահայկական նպատակներ, հայոց պետականութիւնը Արցախի հանրապետութեան եւ Հայաստանի Հանրապետության վերամիաւորումը ուղենիշ հռչակող պետութիւն է եւ այդ ընթացքից հնարաւոր չէ մեզ շեղել»,-ասաց Արթուր Խաչատրեանը։