«Սրբազան պայքար» շարժում. «Սահմանազատման կանոնակարգը հակասում է Հայաստանի պետական, ազգային շահերին»
«ԱԼԻՔ» – Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ իրականցւող սահմանազատման գործընթացի, ինչպէս նաեւ դրա վերաբերող Կանոնակարգի մասին «Սրբազան պայքար» շարժման համակարգող մարմին հանդէս է եկել յայտարարութեամբ, որում մասնաւորապէս նշւած է.
«Սեպտեմբերի 26-ին ՀՀ սահմանադրական դատարանի ակնյայտ ապօրինի որոշումից յետոյ «Հայաստանի Հանրապետութեան եւ Ադրբեջանի Հանրապետութեան միջեւ պետական սահմանի սահմանազատման եւ սահմանային անվտանգութեան հարցերով յանձնաժողովի եւ Ադրբեջանի Հանրապետութեան եւ Հայաստանի Հանրապետութեան միջեւ պետական սահմանի սահմանազատման պետական յանձնաժողովի համատեղ գործունէութեան մասին» կանոնակարգը ներկայացւել է Ազգային ժողովի դատին։
Այս առնչութեամբ հարկ ենք համարում արձանագրել հետեւեալը.
1․ ՀՀ վարչապետի պաշտօն զբաղեցնող անձը ստորագրել է բազմաթիւ փաստաթղթեր (օրինակ՝ 09.11.2020 թ.-ի Եռակողմ յայտարարութիւն եւ այլն), բայց դրանցից որեւէ մէկը չի անցել ներպետական վաւերացման նման ընթացակարգ (ՍԴ եւ ԱԺ վաւերացում), ինչպէս «Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ պետական սահմանի սահմանազատման» կանոնակարգը։ Աւելին, յանձնաժողովի մակարդակով ստորագրւած Կանոնակարգը մտցւում է նման ընթացակարգ այն պարագայում, երբ առնւազն դեռեւս առերեւոյթ առկայ չէ նմանատիպ որեւէ գործընթաց Ադրբեջանում։
Այսպիսի վարքագիծը խօսում է Ադրբեջանի կողմից հերթական պահանջի կատարման եւ պետական առերեւոյթ յանցագործութիւն կատարելու պատասխանատւութիւնը մէկ անձից այլոց վրայ տարածելու միտման մասին (Սահմանադրական դատարան, ԱԺ պատգամաւորներ, ԱԺ ՔՊ խմբակցութիւն, ինչպէս նաեւ 2021 թ.-ի ընտրութիւններում ՔՊ ընտրողներ)։
2. Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ դիւանագիտական յարաբերութիւնների բացակայութեան, Ադրբեջանի կողմից ուժի սպառնալիքի առկայութեան պայմաններում նման գործընթացի նախաձեռնումն ի սկզբանէ հարցականի տակ է դնում գործընթացի լեգիտիմութիւնը։
3. Տեսանելի է նաեւ, որ Ադրբեջանը Ալմա Աթայի հռչակագրի վրայ յղւելու եւ այդ հիմքով որեւէ գործընթաց տանելու իրական ցանկութիւն չունի։ Սա պարզ է դառնում այն բանից, որ Կանոնակարգը զուրկ է իրաւական որոշակիութիւնից, այն չի ամրագրում սահմանազատման եւ սահմանագծման միասնական իրաւական հիմք, աւելին, Կանոնակարգի նախաբանով հիմք է դրւում հատւածական սահմանագծման եւ սահմանազատման համար՝ Ալմա Աթայի հռչակագրից զատ սահմանազատման եւ սահմանագծման հիմք հռչակելով Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ յարաբերութիւնների կարգաւորման ենթադրեալ պայմանագիրը։
Այսինքն՝ սա դառնալու է հանրութեան վրայ «վաճառած» հերթական կեղծիքը, իբր պրոցեսը գնում է Ալմա Աթայի հռչակագրով։
Յաւելենք՝ Ալմա Աթայի հռչակագրով գնացող պրոցեսն ինքնին պրոբլեմատիկ է մեր ազգային եւ պետական շահի տեսանկիւնից, բայց Ադրբեջանը նոյնիսկ դրա ցանկութիւնը չունի, ինչը յստակ արտացոլւած է սոյն Կանոնակարգում։
4. Մայիս ամսին Տաւուշում իրականացւել է զօրքերի ապօրինի յետքաշում եւ ՀՀ սահմանների փաստացի փոփոխութիւն, սակայն Կանոնակարգը այդ գործընթացներից միայն ամիսներ անց է ներկայացւել Սահմանադրական դատարանի եւ Ազգային ժողովի դատին։ Սա եւս մէկ ապացոյց է, որ մայիս ամսին Տաւուշում իրականացւած գործընթացը ոչ մի կապ չունէր սահմանազատման եւ սահմանագծման հետ, այլ ընդամէնը միակողմանի զիջում էր։
Ադրբեջանը պարտադրանքի ուժով Տաւուշում հասել է իր նպատակին։ Նոյն կերպ, բոլոր այն տեղերում, որտեղ իր համար նպաստաւոր վիճակ է, անելու է նոյնը, այսինքն՝ սահմանի՝ Ադրբեջանի համար նպաստաւոր հատւածները համարւելու են սահմանազատւած եւ սահմանագծւած ըստ այս Կանոնակարգի, որից յետոյ Ադրբեջանը կարող է տարիներ ձգել այս գործընթացը եւ մենք չունենանք սահմանազատւած է սահմանագծւած սահման։ Սա էլ իր հերթին գործընթացի ներքոյ դրւած ռումբ է։
Ուստի, հաշւի առնելով վերոյիշեալը, «Սրբազան պայքարը» յայտարարում է՝ «Հայաստանի Հանրապետութեան եւ Ադրբեջանի Հանրապետութեան միջեւ պետական սահմանի սահմանազատման եւ սահմանային անվտանգութեան հարցերով յանձնաժողովի եւ Ադրբեջանի Հանրապետութեան եւ Հայաստանի Հանրապետութեան միջեւ պետական սահմանի սահմանազատման պետական յանձնաժողովի համատեղ գործունէութեան մասին» կանոնկարգը հակասում է ՀՀ պետական, ազգային շահերին եւ ենթակայ չէ վաւերացման։
Նշւած փաստաթղթի ընդունմանը ԿՈՂՄ ՔՒԷԱՐԿՈՂ իւրաքանչիւր ոք կիսում է ԱՌԵՐԵՒՈՅԹ ՊԵՏԱԿԱՆ ԴԱՒԱՃԱՆՈՒԹԵԱՆ տարրեր պարունակող գործընթացի մասնակիցը լինելու պատասխանատւութիւնը։
«Սրբազան պայքար»-ի համակարգող մարմին
21.10.2024 թ.