Ճանաչենք Հայոց աշխարհը

Որոտան գետը Սիւնիքի մարզի ամենախոշոր գետն է: Սկիզբ է առնում Սիւնիքի հրաբխային բարձրաւանդակի հիւսիս-արեւմտեան լանջերից` 3045 մ բարձրութեան վրայ գտնւող երկու փոքրիկ լճերից: Երկարութիւնը կազմում է 119 կմ., իր երկարութեամբ երկրորդն է Հայաստանի Հանրապետութիւնում:
Որոտանն ունի զարգացած գետային ցանց, միջին խտութիւնը կազմում է 1,09 կմ/կմ2: Նրա աւազանում կան 1133 գետակներ, որոնցից 37-ը ունեն 10 կմ.-ից աւել երկարութիւն: Կարեւորագոյն վտակներից են Սիսիանը, Այրիգետը, Լեռնաշէնը, Շաքին եւ այլն:
Որոտանի սնումը ձնանձրեւային է (52%), սակայն մեծ դեր ունեն նաեւ ստորերկրեայ ջրերը (48%): Այն ունի մեծ ջրաէներգետիկ եւ ոռոգիչ նշանակութիւն: Որոտանից սկսւում են Սիսիանի եւ Որոտանի ջրանցքները, որոնցով ոռոգւում են Սիսիանի եւ Գորիսի տարածաշրջանների գիւղատնտեսական հողային տարածքները:
Որոտան գետի մերձափեայ տարածքում գտնւում են բազմաթիւ պատմամշակութային եւ հոգեւոր արժէքներ, ինչպէս նաեւ աշխարհագրական կարեւորութիւն կրող վայրեր՝ Տաթեւի վանքը, Տաթեւի Մեծ Անապատը, Որոտնաբերդը, Որոտնավանքը, Շաքիի ջրվէժը, ինչպէս նաեւ մայր բնութեան հրաշքներից՝ Սատանի կամուրջը։
Նիւթը տրամադրել է՝ ՍՕՍԷ ԽՈՒԴԱՎԵՐԴԵԱՆԸ