Աբրահամ Գասպարեան. «Փաշինեանը չկայ, արեւմտամէտների այդ խուրձն ի՞նչ է անելու, չէ՞ որ Ռուսաստանն ահաւոր կացնային ձեւով է վերադառնալու»
Նոյեմբերի 30-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյեանը ելոյթ է ունեցել ԵԱՀԿ նախարարական 30-րդ համաժողովին։ Իր ելոյթում Միրզոյեանը նախ անդրադարձել է Արցախում Ադրբեջանի գործած ոճրագործութեանը՝ շեշտելով, որ միջազգային հանրութեան լուռ համաձայնութեամբ է Ադրբեջանը հասել իր վաղեմի նպատակին՝ Լեռնային Ղարաբաղի տարածքը՝ առանց հայ բնակչութեան, ապա յաւելել է.
«Դա իրականացնելուց յետոյ էլ ադրբեջանական կողմի պահանջները չեն դադարել. հիմա Հայաստանի Հանրապետութեան ողջ ինքնիշխան տարածքն է դարձել մեր հարեւանի թիրախը»։
168TV-ի «Ռեւիւ» հաղորդաշարի եթերու «Ջենեսիս Արմենիա» ուղեղային կենտրոնի եւ ABC media-ի ղեկավար Աբրահամ Գասպարեանը, խօսելով ԵԱՀԿ նախարարական համաժողովին Արարատ Միրզոյեանի ելոյթի շեշտադրումների մասին, նախ շեշտեց՝ ամբողջ ելոյթով Արարատ Միրզոյեանը շրջանցեց Արցախի հարցը եւ խօսեց ընդամէնը հետեւանքների մասին.
«Միւս կողմից, կարմիր թելով այս ելոյթում անցնում էին նախարարի ապահովագրութեանը միտւած տողերը, նախարարի ամբողջ ելոյթի նպատակը հետեւեալն էր՝ վաղն ինձ յանկարծ չմեղադրէք դաւաճանութեան համար։ Արարատ Միրզոյեանն իր այդ ելոյթում փորձում էր ցոյց տալ, թէ՝ ժողովո՛ւրդ, ասացի մի բան, ինչը արգելւած է իմ իշխանութեան մէջ»,- ասաց Գասպարեանը՝ զուր համարելով Միրզոյեանի ասած ցանկացած խօսք, որը հնչեցւում է Արցախը յանձնելուց յետոյ Արցախի ինքնորոշման իրաւունքի, արցախցիների վերադարձի միջազգային բարձրագոյն երաշխիքների մասին չբարձրաձայնելու պարագայում։
Գասպարեանը քաղաքական կապիկութիւն համարեց այս իշխանութեան որդեգրած քաղաքականութիւնը՝ եթէ խօսեն Արցախի մասին, Ալիեւին տալու են առիթ Հայաստանի սահմանների վրայ յարձակւելու։
«Նոյն տրամաբանութեամբ՝ վաղն ասելու են՝ հիմա եթէ խօսենք Սիւնիքի մասին, եթէ միջանցք չտրամադրենք, վաղն Ադրբեջանը պատերազմ կը յայտարարի»,- ասաց Գասպարեանը՝ շեշտելով՝ Փաշինեանը չի խօսում Սիւնիքի մասին, դրա մասին խօսում է Արեւմուտքը, բրիտանացի պաշտօնեաները եւ ծրագրում Միջին Միջանցքի գործարկումը՝ Հայաստանի տարածքների հաշւին։
«Ամերիկացիներն ասում են՝ այդ միջանցքը պէտք է տրւի, ուզես թէ չուզես, ինչին դէմ է Ռուսաստանը, որն առաջարկում է ճանապարհ եւ ոչ՝ միջանցք։ Հայաստանը մաս է դառնում այդ միջանցքին՝ առանց Հայաստանի կարծիքը հաշւի առնելու։ Դու ոչ մի բան քեզնից չես ներկայացնում, քո փոխարէն արդէն բանակցում են»,- ասաց Գասպարեանը՝ շեշտելով՝ Փաշինեանին ընդամէնը մնում է փաթեթաւորել այս գործընթացը եւ կերակրել այդ փաթեթաւորմամբ՝ ինչպէս Արեւմուտքին, այնպէս էլ՝ Հայաստանի ժողովրդին, որին տանում է պետականազրկման՝ յանուն սեփական աթոռի պահպանման։
ABC media-ի ղեկավարի մեկնաբանութեամբ՝ Փաշինեանի իշխանութիւնը, իրագործելով իրեն թելադրւած ծրագիրը, Ալիեւի հետ պայմանաւորւածութեան արդիւնքում գցում է իր միակ դաշնակցին՝ առանց հասկանալու, որ Արեւմուտքը Հայաստանի համար չի ստեղծելու այն պայմանները, որոնք ստեղծւած են, օրինակ, ԵԱՏՄ-ում։
«Այ խելօք, Հայաստանը 80 տոկոսով կապւած ԵԱՏՄ-ի եւ Ռուսաստանի հետ՝ իր ենթակառուցւածքներով, ատոմակայանով, եթէ դու ֆրանսիական ռադարներ ես բերում, որից, ի դէպ, Հայաստանն արտադրում էր առաջին պատերազմի ժամանակ, ի՞նչ ես անելու դրանցով Հայաստանի տնտեսութեան հետ։ Արեւմուտքը խնդիր է դրել, որ Փաշինեանն իր կապիկութիւններով պաշտօնապէս հասնի նրան, որ Հայաստանն իր կապերը կտրի Ռուսաստանի հետ՝ դուրս գայ ՀԱՊԿ-ից, ԵԱՏՄ-ից, խզի հայ-ռուսական դաշնակցային պայմանագիրը։ Ինչ վերաբերում է Փաշինեանի այդ քաղաքականութիւնը պաշտպանող Հայաստանի արեւմտամէտներին, ապա պէտք է հասկանալ, լաւ, Փաշինեանը չկայ, արեւմտամէտների այդ խուրձն ի՞նչ է անելու, չէ՞ որ Ռուսաստանն ահաւոր կացնային ձեւով է վերադառնալու այստեղ՝ իր դիրքերն ամրապնդելու համար»,- ասաց Աբրահամ Գասպարեանը։