Հայաստանի 200 քառ. կմ.-ն օկուպացւած է Ադրբեջանի կողմից
Pravda.ru-ի Հայաստանում յատուկ թղթակից Դարիա Ասլամովան հարցազրոյց է վերցրել ՀՅԴ անդամ, «Հայաստան» խմբակցութեան պատգամաւոր Արթուր Խաչատրեանից:
– Այսօր Հայաստանում ընդունւած է բոլոր դժբախտութիւնների համար մեղադրել Ռուսաստանին։ Ինչո՞վ է բացատրւում Ռուսաստանի հասցէին մեղադրանքների պայթիւնը։
– Կարծում եմ՝ Ձեր գնահատականը չափազանցւած է։ Կան, իհարկէ, հակառուսական տրամադրութիւններ։ Այստեղ կան եւ օբիեկտիւ, եւ սուբիեկտիւ պատճառներ։ Սկսենք օբիեկտիւից։
2020 թւականի նոյեմբերին՝ 44-օրեայ պատերազմից յետոյ, բազմաթիւ հայեր վերադարձան Լեռնային Ղարաբաղ։ Ոչ թէ այն պատճառով, որ եռակողմ համաձայնագիր ստորագրւեց, այլ այն պատճառով, որ նրանք յոյս ունէին՝ ռուսական խաղաղապահ զօրակազմը կապահովի իրենց անվտանգութիւնը։ Ականատեսն ենք՝ ինչ տեղի ունեցաւ 2023 թւականի սեպտեմբերի 19-ին։ Այո, Նիկոլ Փաշինեանը ճանաչել է Ադրբեջանի ինքնիշխանութիւնը Ղարաբաղի նկատմամբ։ Հասկանալի է՝ դա շատ բան փոխեց, բայց այնուամենայնիւ… Մարդիկ հաւատում էին՝ խաղաղապահ զօրախումբը կապահովի իրենց անվտանգութիւնը։
Կայ քաղաքական պատճառ, որովհետեւ տեսնում ենք՝ Հայաստանի ղեկավարութեան յստակ դիրքորոշումն արտաքին քաղաքական վեկտորը փոխելու հարցում։ Վեկտորի փոփոխութիւնն արդարացնելու համար նրանք սկսում են տարատեսակ մեղքեր բարդել Ռուսաստանի վրայ։
– Հռոմի ստատուտի ստորագրումը, այսինքն՝ Հաագայի միջազգային տրիբունալի ճանաչումը նման է պատերազմ յայտարարելուն։ Սա պարզապէս յարձակում չէ Պուտինի դէմ, այլ՝ յարձակում երկրի դէմ։
– Այո, դա հակառուսական ծառի ճիւղերից է։ Իշխանութիւնը վարում է հակառուսական քաղաքականութիւն՝ ուղղւած արտաքին քաղաքական վեկտորի փոփոխմանը։ Հռոմի ստատուտի վաւերացումն այդ քայլերից մէկն է, ի յաւելում ՀԱՊԿ գագաթնաժողովի եւ ԱՊՀ աշխատանքներին մասնակցութեան բոյկոտումը։ Բայց, իհարկէ, Հռոմի ստատուտի վաւերացումն ամենացաւոտ, կտրուկ քայլն է։ Մենք դէմ էինք դրա վաւերացմանը՝ ընդգծելով, որ իշխանութիւնը սխալ է գնահատում ստատուտի վաւերացման արտաքին քաղաքական ազդեցութիւնը։ Հռոմի ստատուտը չի ճանաչւել Սահմանադրական դատարանի կողմից։ Խորհրդարանը վաւերացրել է այն։
– Արեւմտեան վեկտորն ընտրելիս՝ ի՞նչ է ակնկալում Հայաստանի կառավարութիւնը: Եւրոպայի եւ Հայաստանի կապն աշխարհագրօրէն անհնար է։ Ի՞նչ կը ստանաք Արեւմուտքից:
– Կառավարութեան քաղաքականութիւնը մեզ համար շատ առումներով անհասկանալի է, անտրամաբանական եւ կործանարար։ Տւեալ իրավիճակում չի կարելի Ռուսաստանի հետ յարաբերութիւնների նման կտրուկ սառեցման գնալ։ Ինչի՞ վրայ են նրանք յոյս դնում, ի՞նչ այլընտրանքների։ Հասկանալի է՝ ամբողջ աշխարհում ընթանում է Ռուսաստանի եւ Արեւմուտքի առճակատումը։ Հաւաքական Արեւմուտքն ու Ռուսաստանը հակամարտում են ոչ միայն Ուկրաինայում, այլեւ Հարաւային Կովկասում, Կենտրոնական Ասիայում, Հարաւարեւելեան Ասիայում, Կենտրոնական Ամերիկայում։ Իսկ «ռազմական գործողութիւնների թատերաբեմը» միայն Ռուսաստանի եւ Ուկրաինայի սահմաններին չէ։ Կործանարար է Հայաստանը վերածել «ռազմական գործողութիւնների թատերաբեմի», կամ Ռուսաստանի եւ Հաւաքական Արեւմուտքի միջեւ դիւանագիտական ու ռազմաքաղաքական առճակատման դաշտի։ Բացի այդ, այդ առճակատումը վերաճում է «ռազմական թատերաբեմի» Հաւաքական Արեւմուտքի եւ Իրանի միջեւ։
– Նիկոլ Փաշինեանն ասում է, որ այժմ Հայաստանը կը դարձնեն «աշխարհի խաչմերուկ», դէպի Թուրքիա եւ Ադրբեջան ճանապարհները ապաշրջափակւելու են, իսկ Հայաստանը կը վերածւի տրանսպորտային հանգոյցի։
– Դա լուրջ չէ։ Ես գրեթէ երկու տարի փորձում եմ ստանալ այս նախագծի տնտեսական հիմնաւորումը։ Տնտեսական հիմնաւորում չկայ։ Այսինքն՝ սա զուտ քաղաքական նախագիծ է, ընդորում՝ Փաշինեանը փորձում է ցոյց տալ, որ ինքն է այդ նախագծի հեղինակը, բայց ինքը պարզապէս կամակատար է։ Սահմանը ոչ թէ մենք, այլ թուրքերն ու ադրբեջանցիներն են փակել։ Նրանք քաղաքական զիջումներ են պահանջում սահմանը բացելու համար։ Ի՞նչ զիջումներ, հասկանալի է՝ Ղարաբաղ, Սիւնիք, այսպէս կոչւած անկլաւներ, փախստականների վերադարձ։ Ի վերջոյ, նրանք Հայաստանին կոչում են «Արեւմտեան Ադրբեջան»։ Նախագծի հեղինակներն Ադրբեջանն ու Թուրքիան են։ Նրանք պահանջում են միջանցք։ Բայց թէ ի՞նչ կարգավիճակ ունի միջանցքը, պարզ չէ։ Փաշինեանը միջանցքը սահմանում է արտատարածքային։ Նման բան աշխարհում ոչ մի տեղ չկայ։ Ադրբեջանն ու Թուրքիան ճանապարհ են պահանջում։ Պանթուրքիստների երազանքը Բոսֆորից դէպի Արեւելեան Չինաստան ճանապարհ ունենալն է, որը կը կապի թուրքալեզու պետութիւններին։ Եւ դա ինչ-որ կերպ Հայաստանի հանրութեանը «վաճառելու» համար Փաշինեանը փորձում է ցոյց տալ, որ այս նախագիծը տնտեսական օգուտ եւ խաղաղութիւն կը բերի Հայաստանին։ Չկայ խաղաղութիւն, չկայ տնտեսական օգուտ։
– Եթէ այս նախագիծն իրականացւի՝ «Զանգեզուրի միջանցք»-ը, ինչպէս ադրբեջանցիներն են անւանում, բացւի, ի՞նչ արդիւնք կունենայ Հայաստանի համար։
– Նախ՝ փակման վտանգի տակ են յայտնւելու Իրանի հետ սահմանը եւ Հայաստանի ու Իրանի միջեւ անխափան հաղորդակցութիւնը։
Երկրորդ՝ ադրբեջանցիները միշտ կարող են սադրանք կազմակերպել ճանապարհին եւ յետոյ յայտարարել՝ կենսական ենթակառուցւածքների անվտանգութիւնն ապահովելու համար պէտք է զօրախումբ մտցնեն։ Քանի որ ադրբեջանցիներն իրենց վատ չեն զգում Հայաստանի օկուպացւած տարածքներում, 200 քառակուսի կիլոմետրն այժմ օկուպացւած է Ադրբեջանի կողմից։ Եւ նրանք կարող են գրաւել եւս մի քանի քառակուսի կիլոմետր։
– Եւ այդ ժամանակ կը կտրւի Իրանը։ Այժմ Իրանն Ադրբեջանին առաջարկել է իր տրանսպորտային միջանցքը Նախիջեւանի հետ հաղորդակցւելու համար։
– Այդ ճանապարհը գոյութիւն ունի։ Նախիջեւանն արդէն կապւած է Ադրբեջանի հետ։ Նա շրջափակման մէջ չէ։ Իրանն առաջարկում է օգտագործել միջանցքը, որը Ադրբեջանը Նախիջեւանին կապում է Իրանի տարածքով, նոյնիսկ առաջարկում է ընդլայնել ճանապարհը՝ բեռնահոսքը մեծացնելու համար։ Հասկանալի է՝ ոչ Թուրքիային, ոչ Ադրբեջանին դա չի բաւարարում։ Իսկ նրանց ձեռնտու չէ, որ Նախիջեւանից Ադրբեջան տանող ճանապարհները վերահսկւեն Իրանի կողմից։ Դեռ կայ Իսլամաբադ-Թեհրան-Ստամբուլ ճանապարհը։ Բոլոր ձւերը մէկ զամբիւղի մէջ դնելը նրանց ձեռնտու չէ: Դա կը բարձրացնի նրանց կախւածութիւնն Իրանից։ Դժւար կը լինի ճնշում գործադրել Իրանի վրայ։ Իսկ Հայաստանի վրայ ճնշում գործադրելն աւելի հեշտ է։
– Ոմանք ասում են, որ «Հայաստանի անվտանգութեան ներկայիս երաշխաւորը Իրանն է»։ Դուք Իրանը դիտարկո՞ւմ էք որպէս անվտանգութեան երաշխաւոր։
– Իրանը բազմիցս յայտարարել է՝ Հայաստանի տարածքային ամբողջականութիւնն իր համար կարմիր գիծ է, եւ մի քանի անգամ զօրավարժութիւններ է անցկացրել Ադրբեջանի հետ սահմանին՝ զօրքերն առաջ մղելով Արաքս գետի ափ (Արաքսը բաժանում է Հայաստանն ու Իրանը)՝ ցոյց տալով, որ պատրաստ է միջամտել։ Նրանք այժմ Սիւնիքում գլխաւոր հիւպատոսութիւն ունեն։ Իսկ դէպի Իրան ճանապարհն անցնում է Սիւնիքով։ Սիւնիքը ռազմավարական նշանակութիւն ունի բոլորի համար՝ Հայաստանի, Արեւմուտքի, Ռուսաստանի։ Քանի որ ես վստահ չեմ, որ Թուրքիայի անսահման հզօրացումը ձեռնտու է Ռուսաստանին։
– Փաշինեանն էլ ազնւօրէն ասում էր՝ դեռ իշխանութեան գալուց առաջ, որ Ղարաբաղը Հայաստանին պէտք չէ. «Մենք ուզում ենք Ղարաբաղը յանձնել, այն մեզ համար նման է առանց բռնակի ճամբրուկի»: Մարդիկ գիտէին, թէ ում օգտին են քւէարկել։ Դա նշանակում է՝ նոր սերունդը քւէարկում է յանուն խաղաղութեան եւ լիակատար դժկամութիւն վճռական գործողութիւններին։
– Չկայ նորմալ մարդ, որ ասի՝ «ես դէմ եմ խաղաղութեանը»։ Բայց ի՞նչ նկատի ունեն։ Քանի որ աշխարհի ամենախաղաղ վայրը գերեզմանոցն է, այնտեղ մարդիկ հանգչում են խաղաղութեամբ։ Սա այն խաղաղութիւնն է, որն Ադրբեջանն առաջարկում է Հայաստանին։ Այնպէս որ, մենք երկընտրանք չունենք՝ խաղաղութիւն, թէ պատերազմ։ Մենք երկընտրանք ունենք՝ դիմադրել, թէ՞ եւս մէկ ցեղասպանութիւն։ Մեր կառավարութեան քաղաքականութիւնը չի բերելու խաղաղութեան, այն բերելու է նոր ցեղասպանութեան։
Yerkir.am
Հրապարակման պատրաստեց՝ ԳԱՅԻԱՆԷ ՄԱՆՈՒԿԵԱՆԸ