ԻրանՄիջազգայինՔաղաքական

Թուրքիա-իսրայէլական մամուլի կարծիքով Իրանի մեսիջը յստակ էր կամ՝ խօսքդ ասա ու քցիր գետին տէրն ինքը կը վերցնի

«ԱԼԻՔ» – Մերձաւոր Արեւելքում լրահոսի ուշադրութիւնը շարունակում է սեւեռւած մնալ Իրանի Իսլամական յեղափոխութեան Պահակազօրի կորպուսի հրթիռային յարձակումների վրայ, ինչի արդիւնքում միաժամանակ ոչնչացւել են տարածաշրջանում յայտնի երկու ահաբեկչական խմբաւորումների ԴԱԷՇ-ի եւ «Ջէյշ-օլ-զոլմ»-ի բազաները: Գործողութիւնն իր տեսակով աննախադէպ էր այն առումով, որ ԴԱԷՇ-ի կենտրոնների կողքին թիրախաւորւել է նաեւ սիոնիստական «Մուսադ»-ի գործակալական եւ հետախուզական կենտրոնը՝ Էրբիլում:

Նոյն կապaկցութեամբ «Քրդստան»-ի պաշտօնական էջը արաբերէնով հրապարակած իր թւիթում աղմուկ բարձրացնելով տեղադրել է «Լուծումն Իրանի կազմաքանդումն է» գրառումը:

Սոցիալական ցանցերում իրավիճակի ուղղութեամբ օգտատէրերի մօտ զարգացող տրամադրութեան կողքին աչքի ընկաւ նաեւ Թուրքիայի գործող կառավարութեանը մօտ կանգնած Yeni Safak օրաթերթի խմբագիր Իբրահիմ Քարագոլի թւիթերեան գրառումը, որտեղ բառացիօրէն նշւած է. «Իրանն ասում է՝ «Մուսադ»-ի բազայի առկայութեան պատճառով թիրախաւորւեց Էրբիլը։

«Ջէյշ-օլ-զոլմ»-ի պատճառով Պակիստանը յայտնւել է Իրանի հրթիռների թիրախում:

Իսկ եթէ վաղը նոյն պատճառներով հրթիռակոծւի Բաքո՞ւն։ Եւ սա հնարաւոր է»։

Բանը նրանում է, որ դեռ նախորդ տարւայ ամռանը մամուլի էջերում Բաքւի եւ Իրաքեան Քուրդստանի միջեւ յարաբերութիւնների զարգացման մասին խօսք գնաց: Առանցքում նշւած էր նաւթամշակման եւ վառելանիւթի փոխադրումների գործակցութիւնը, ինչի լուսանցքում «Մուսադ»-ի միջնորդութեամբ հանդիպումներ էին տեղի ունենում անջատողական դէմքերի եւ, առհասարակ, Իրանը կազմաքանդւած տեսնելու երազանքով ահաբեկչական խմբաւորումների միջեւ: Թէեւ այս մասին ժամանակին մամուլով արւել է լրատւութիւն, սակայն տարածաշրջանում առկայ զարգացումների պատճառով այն դարձեալ յայտնւել էր լուսանցքում:

Այնուամենայնիւ, յիշեցման կարգով նշենք, որ Ադրբեջանի Հանրապետութեան եւ Իրաքեան Քուրդստանի ղեկավարների յուլիսեան աննախադէպ հանդիպումը խօսում է այն մասին, որ Բաքուն ու Էրբիլը, հաւանաբար, իրենց յարաբերութիւնները չեն սահմանափակել միայն էներգետիկայի ոլորտում։ Յարաբերութիւնների վրայ հիմնականում ազդել են միջազգային եւ տարածաշրջանային զարգացումները։ Թուրքիան այս փոխազդեցութիւնների հարցում եղել է կատալիզատորի դերում: Թուրքիայի փորձագիտական շրջանակների կարծիքով, Իրանի նկատմամբ Ադրբեջանի եւ Իրաքեան Քուրդստանի ընդհանուր մտահոգութիւնը այդ երկուսին իրար մօտեցնող գործօնն էր։

Յիշեցնենք, որ Իրաքեան Քուրդստանի տարածաշրջանի ղեկավար Նեչիրւան Բարզանին յուլիսին Բաքւում հիւրընկալւել էր Իլհամ Ալիեւին։

«Ֆարս» լրատւական գործակալութիւնը նոյն կապակցութեամբ գրել է, որ «Մուսադ»-ի գործակալների ցանցաւորումը տարածաշրջանում տեղի է ունենում Բաքւի եւ Էղլիմի (Իրաքեան Քուրդստանի) կենտրոններից, ինչը կատարւում է արդիւնաբերութեան ոլորտում դեր ստանձնած գործարարների քողի տակ:

Նոյն ենթատեքստում է դիտարկւում նաեւ Էրբիլում թիրախաւորւած «Մուսադ»-ի ենթակառոյցը, ինչը լսարանին յայտնի է, որպէս քուրդ գործարար Փիշւա Վազայի առանձնատուն: Առանձնատան լուսանկարներում երեւում է, որ այն գտնւում է Էրբիլ քաղաքից մի քանի կիլոմետր հեռաւորութեան վրայ, եւ յարակից տարածքը վերահսկւել է տեղակայւած ռազմաբազայի միջոցով: ԻՅՊԿ-ի հրապարակումների համաձայն՝ առանձնատունը եղել է «Մուսադ»-ի քողարկւած կենտրոնը, որտեղ տեղադրւած էր ռադարային համակարգ, ինչպէս նաեւ գաղտնալսումային հզօր տեխնիկա:

Քուրդ գործարար Փիշւա Վազայը սերտօրէն կապւած է եղել «Մուսադ»-ի եւ Իրաքեան Քուրդստանի ղեկավարութեան հետ։ Նրան են պատկանում Empire եւ Falcon Group ընկերութիւնները, որոնք հիմնադրւել են 2003 թւականին, Իրաքի իրադարձութիւններից յետոյ եւ զբաղւել են նաւթի արդիւնահանմամբ։

«Նա ունէր նաեւ սեփական բանակը՝ SB Falcon Group-ը, որն ըստ հաւաստի աղբիւրների՝ փոքր մասնաւոր բանակ է, եւ կազմւել է ամերիկացի նախկին զինւորականների աջակցութեամբ»,- մէկը միւսին յղում տալով գրում են սոցիալական ցանցերի օգտատէրերը։

Նոյն կապակցութեամբ թւիթերեան գրառումներում օգտատէրերից մէկը նշել էր, որ թէեւ համեմատելի չէ, բայց հետաքրքիր կը լինէր ասելը, որ Սէյէդ Ռազի Մուսաւին, ով տարածաշրջանում հակաահաբեկչական գործողութիւնների հրամկազմից էր եւ ԴԱԷՇ-ի դէմ պայքարող ուժերի հրամանատարն էր, վերջերս նման գործողութեան արդիւնքում զոհւեց Սիրիայի իր կացարանում: Իսկ քուրդ գործարարի քողարկւած դիմակով «Մուսադ»-ի անմիջական այս գործակալի ոչնչացումը լաւ պատասխան էր, յատկապէս, երբ պարզ դարձաւ, որ նա էր տարածաշրջանում Իսրայէլի ծրագրերի ֆինանսական խոշոր հովանաւորը, ինչպէս նաեւ սիոնիստների բանակին վառելանիւթով ապահովողը։

Այնուամենայնիւ, արեւմտեան լրատւամիջոցների կարծիքով՝ Իրանի արձակած հրթիռների ուղղութիւնը եւս պարունակում էր մեսիջ: Տեղեկատւութեան համաձայն՝ Խուզեստանի հարաւից Իդլիբում թաքֆիրական խմբաւորման ուղղութեամբ 4 «Խէյբար շեքան» տեսակի զենիթային հրթիռ է արձակւել: 4-ը Քերմանշահից եւ Արեւելեան Ատրպատականից՝ 7 հրթիռ:

Ռազմական հարցերով փորձագէտ Հոսէյն Ռաջային X-ի իր միկրոբլուգում գրել է. «Հրթիռների արձակման ուղին խելամտօրէն են ընտրւել: Դրանք անցել են Իրաքում ԱՄՆ-ի տեղակայւած ռազմաբազաների վրայով, որի ուղղութեամբ ոչինչ չի կատարել կամ չի կարողացել անել ԱՄՆ-ը: Իսկ նոյն ԶԼՄ-ները յաճախ են նշել, որ ամերիկացիները պնդում են Իրաքում եւ Սիրիայում իրենց ռազմաբազաները Իսրայէլի անվտանգութիւնը երաշխաւորելու համար է»։

Իսրայէլական լրատւամիջոցները նոյնպէս անդրադարձել են հարցին գրելով, որ Իրանի կողմից Սիրիայի հիւսիս-արեւմուտք արձակւած բալիստիկ հրթիռները կտրել են 1230 կմ. հեռաւորութիւն։ «Սա առաջին դէպքն է, երբ Իրանը օպերատիւ հրթիռներ է արձակում այս հեռաւորութեան վրայ: Սա նշանակում է, որ պէտք եղած պահին Իրանը կարող է առանց խոչընդոտների խոցել Իսրայէլը»,- գրում են իսրայէլական թերթերը:

Դիտորդներն այս գործողութիւնը համարել են որպէս Իրանի կողմից սիոնիստական ռեժիմին ուղղւած յստակ ուղերձ։

Ուշագրաւ է նաեւ Ալիեւին յարող Բաքւի լրատւամիջոցի՝ «Ախար»-ի հրապարակումը, որտեղ նշւած է, որ Իրանն Իրաքում ու Պակիստանում սպանել է միայն մահմեդական երեխաներին, ոչ թէ ահաբեկիչներին: «Հետեւաբար, Իրանը մանկասպան ռեժիմ է եւ միտումնաւոր առաջացրել է Իսրայէլի ոչնչացման հարցը՝ վտանգելով մուսուլմանների միասնութիւնը: Եթէ ​​Իրանը վրէժ է ուզում լուծել, ապա պէտք է յարձակւէր Իսրայէլի եւ Էրբիլում ամերիկեան հիւպատոսութեան վրայ»։

Առնչւող Յօդւածներ

Back to top button