Եւրոխորհրդարանի մի շարք պատգամաւորներ ՖԻՖԱ-ին եւ ԻՒԻՖԱ-ին խնդրել են հեռացնել Իսրայէլի հաւաքականին
Եւրոխորհրդարանի մի խումբ պատգամաւորներ դիմել են Ֆուտբոլի միջազգային ֆեդերացիային (ՖԻՖԱ) եւ Եւրոպական ֆուտբոլային ասոցիացիաների միութեանը (ԻՒԻՖԱ)՝ Գազայի հատւածում հակամարտութեան պատճառով պատժամիջոցներ կիրառել Իսրայէլի ֆուտբոլի ազգային հաւաքականի եւ իսրայէլական ակումբների նկատմամբ։
Այս մասին ասւում է Inside World Football պորտալում հրապարակւած պատգամաւորների նամակում։
«Մենք՝ որպէս Եւրոխորհրդարանի անդամներ եւ Եւրոպայի ժողովրդի քաղաքական ներկայացուցիչներ, կոչ ենք անում ՖԻՖԱ-ին, ԻՒԻՖԱ-ին եւ բոլոր իրաւասու մարմիններին վճռական քայլեր ձեռնարկել Պաղեստինում մարդու իրաւունքների շարունակւող խախտումների դէմ»,- ասւում է յայտարարութեան մէջ։
«Քաղաքացիների անխտիր սպանութիւնը, մարդասիրական օգնութեան շրջափակումը կամ ենթակառուցւածքների ոչնչացումը, որը ազդում է խաղացողների, մրցավարների, պետական պաշտօնեաների եւ մարզական վայրերի վրայ, յանցագործութիւն է, որը մենք չենք կարող անտեսել»:
Tert.am