Ռուս վերլուծաբան. «Հայաստանը ՀԱՊԿ-ը լքելու որոշումը ունի, դա ակնյայտ է բոլորի՝ ՀԱՊԿ ղեկավարութեան, անդամ երկրների եւ Մոսկւայի համար»
ՀՀ իշխանութիւնները ՀԱՊԿ-ը լքելու վերջին տարիների դանդաղ, սակայն հետեւողական քաղաքականութիւնը կարծես եզրափակիչ փուլ են մտցնում։
Օրերս Փաշինեան-Լուկաշենկօ հեռախօսազրոյցից պարզ էր դարձել, որ ՀԱՊԿ Հաւաքական անվտանգութեան խորհրդի՝ նոյեմբերի 23-ին Բելոռուսիայի մայրաքաղաք Մինսկում կայանալիք նիստին Փաշինեանը չի մասնակցի։
Սա, թերեւս, նորութիւն չէր՝ հաշւի առնելով, թէ ինչ հետեւողականութեամբ են ՀՀ իշխանութիւնները դեռեւս նախորդ տարւանից բոյկոտում ՀԱՊԿ-ի բոլոր առաջարկները, միջոցառումները, ՀԱՊԿ-ում պաշտօնների ստացումը եւ այլն, եւ այլն։ Իսկ այսօր բելոռուսական ԲԵԼՏԱ լրատւամիջոցից պարզ դարձաւ, որ Հայաստանը Հաւաքական անվտանգութեան պայմանագրի կազմակերպութեան իր գործընկերներին խնդրել է օրակարգից հանել երկրին օգնութեան մասին փաստաթուղթը։
Այս մասին նոյեմբերի 20-ին յայտարարել է ՀԱՊԿ գլխաւոր քարտուղար Իմանգալի Տասմագամբետովը Բելոռուսիայի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի հետ հանդիպմանը։ «Ինչ վերաբերում է անցեալ տարւայ նոյեմբերին կայացած ՀԱՊԿ խորհրդի որոշումների կատարման գործողութիւնների ծրագրի կատարմանը եւ Բելոռուսիայի առաջնահերթ ոլորտներին, ապա 34 գործողութիւններից 32-ն աւարտւած են։ Երկու միջոցառում, ցաւօք, չենք կարողացել իրականացնել։ Դրանք առաջին հերթին մեր միջազգային շփումներն են եւրոպական միջազգային կազմակերպութիւնների հետ, ինչպիսին ԵԱՀԿ-ն է։ Եւ երկրորդ հարցը Հաւաքական անվտանգութեան խորհրդի հրամանն է՝ վերջնական տեսքի բերել Հայաստանին օգնութեան մասին որոշումը։ Թէպէտ միւս դաշնակիցներն աջակցել են որոշմանը, հայկական կողմն այդ փաստաթղթի հետ կապւած որեւէ հետաքրքրութիւն չի ցուցաբերել, աւելին՝ մեր աշխատանքի աւարտական փուլում նրանք խնդրել են ընդհանրապէս այն հանել օրակարգից»,- ասել է ՀԱՊԿ գլխաւոր քարտուղարը։
Նշենք, որ նոյեմբերի 22-ին Մինսկում տեղի կունենան պաշտպանութեան նախարարների խորհուրդների, արտաքին գործերի եւ ՀԱՊԿ երկրների Անվտանգութեան խորհուրդների քարտուղարների կոմիտէի նիստերը։
Նոյեմբերի 23-ին նշանակւած է ՀԱՊԿ Հաւաքական անվտանգութեան խորհրդի նիստը ղեկավարների մասնակցութեամբ, որին էլ Փաշինեանը, որը յայտարարում էր, թէ ՀՀ-ն վեկտոր չի փոխում, չի մասնակցելու։
Օրերս ՀՀ ԱԽ քարտուղար Արմէն Գրիգորեանն ասել էր, որ Հայաստանը սկսած 2020 թւականի պատերազմից յետոյ, երբ ՀԱՊԿ-ում ասում էին, որ Լեռնային Ղարաբաղը ՀՀ սուվերեն մաս չէ, չեն կարող այդ հարցերով զբաղւել, չի մասնակցում նիստերի, բայց 2021 թւականի մայիսից, երբ ադրբեջանական զօրքերը ներխուժել են ՀՀ սուվերեն տարածք, ՀՀ-ն դիմել է ՀԱՊԿ-ին եւ այդ պահից սկսած մինչեւ անցած տարի սեպտեմբերը, երբ որ Ադրբեջանը յարձակւել է Հայաստանի վրայ, եւ ՀՀ-ն օգնութիւն է խնդրել, չեն ստացել անհրաժեշտ օգնութիւնը ՀՀ սուվերեն տարածքը պաշտպանելու համար։ «Այդտեղից սկսած մենք բազմաթիւ հարցեր ենք ունեցել ՀԱՊԿ-ին, մինչեւ այժմ մենք չունենք այդ հարցերի պատասխանը, եւ սա է նաեւ պատճառը, որ չենք մասնակցում ՀԱՊԿ Հաւաքական անվտանգութեան խորհրդի նիստին»,- ասել է նա՝ յաւելելով, որ ՀԱՊԿ նիստին չմասնակցելը դեմարշ չէ, եւ ՀՀ օրակարգում ՀԱՊԿ-ը լքելու հարց չկայ։
168․am-ի հետ զրոյցում ռուս ռազմական վերլուծաբան Ալեքսանդր Խրամչիխինն ասաց, որ տեղեկութիւնը, որ Հայաստանը խնդրել է հանել օրակարգից ՀՀ-ին օգնելու փաթեթը, եւս չի զարմացնում, ինչպէս ՀԱՊԿ նիստին Փաշինեանի չմասնակցելու եւ նման բոլոր որոշումները, սակայն զարմացնում է այն, որ մինչ այժմ ՀՀ իշխանութիւնները յայտարարում են, թէ ՀԱՊԿ-ը լքելու հարց օրակարգում չունեն։
«Եթէ չկայ նման հարց իրենց օրակարգում, ապա ինչո՞ւ հայկական կողմը չի աշխատում այդ կառոյցում, չի փորձում թէկուզ ստանալ այն, ինչ իրեն անհրաժեշտ է, ինչո՞ւ են բոլոր հարցերը վերածւում հրապարակային սկանդալների, դիւանագիտական փոխհրաձգութեան։ Հայաստանը ՀԱՊԿ-ը լքելու որոշումը ունի, դա ակնյայտ է բոլորի՝ ՀԱՊԿ ղեկավարութեան, անդամ երկրների եւ Մոսկւայի համար։
Ի դէպ, այս որոշումը կայ շատ վաղուց եւ այս հռետորաբանութեամբ, թէ օրակարգում չկայ ՀԱՊԿ-ը լքելու հարց, մինչ այս պահը Հայաստանը փորձում է թաքցնել, որ որոշում եղել է վաղուց։ ՀԱՊԿ-ն ունի թերութիւններ, եւ բոլորը դա հասկացել էին, ՀԱՊԿ-ը այս երկրների համար եղել է քաղաքական հովանի եւ Ռուսաստանի հետ յարաբերութիւնները ռազմական ոլորտում փաթեթաւորող կառոյց։ Հայաստանը ստացել է սպառազինութիւն ամենաարտօնեալ գներով եւ այլ արտօնութիւններ։
Հայաստանի ՀԱՊԿ անդամակցութիւնը, հայ-ռուսական դաշնակցութիւնը թոյլ է տւել Հայաստանին անվտանգային հարցերին տալ քաղաքական լուծումներ, որից ՀՀ իշխանութիւնները հետեւողականօրէն հրաժարւում են՝ փոխարէնը չունենալով սրան հաւասար այլընտրանք։ Եթէ նոյնիսկ դժգոհ են ՀԱՊԿ-ից, եւ իսկապէս ՀԱՊԿ-ը լիարժէք կառոյց չէ, այնուամենայնիւ դրան այլընտրանք Հայաստանը դեռ չի գտել»,- ասաց վերլուծաբանը։
Նրա կարծիքով, ուշագրաւն այս ամենում այն է, որ երկար ժամանակ յայտարարելով խաղաղութեան օրակարգին նւիրւած լինելու մասին, որին զուգահեռ թուլացրին հայ-ռուսական յարաբերութիւնները եւ ՀԱՊԿ-ին, ՀՀ իշխանութիւնները հիմա էլ յայտարարում են, որ գուցէ լինեն ռազմական նոր սադրանքներ։
«Եթէ նոյնիսկ ՀԱՊԿ-ից անվտանգութեան ոլորտում կան դժգոհութիւններ, երեւի թէ կային ակնկալիքներ, որ ՀԱՊԿ-ը ՀՀ-ում պէտք է գործողութիւններ իրականացնի, այսօր, ըստ ՀՀ իշխանութիւնների, սադրանքների դէպքում հայկական կողմը, հետաքրքիր է, ո՞ւմ է տեսնում բանակցողի, միջնորդի, ռազմական գործողութիւնները կանգնեցնողի դերում։ Դա Ֆրանսիա՞ն է, թէ՞ ԵՄ-ն, որոնց նախաձեռնութիւններն Ադրբեջանը հեշտութեամբ մերժում է։ Երեւի թէ ՀՀ իշխանութիւններն ունեն իրենց հաշւարկները, որոնք ոչ մէկի համար հասկանալի չեն»,- ասաց նա։
Իր հերթին՝ ռուս ռազմական վերլուծաբան Վլադիմիր Եւսէեւն ասաց, որ Հայաստան-ՀԱՊԿ այս օրէցօր վատթարացող իրավիճակը բնականաբար է՛լ աւելի է թուլացնում ՀՀ անվտանգութիւնը, որովհետեւ ՀԱՊԿ-ը ՀՀ անվտանգութեան համար, եթէ ՀՀ իշխանութիւնների ակնկալիքները չի բաւարարել, ամէն դէպքում ունեցել է դերակատարութիւն ՀՀ անվտանգութեան համակարգում։
«Երկիրը, որը ՀԱՊԿ-ի կամ ՆԱՏՕ-ի անդամ է, որեւէ գործառոյթ չունի՞ սեփական անվտանգութեան ապահովման հարցում, թէ՞ ողջ պատասխանատւութիւնը պէտք է ստանձնի ՀԱՊԿ-ը։ Ի դէպ, ՀԱՊԿ-ը իրականացրել է մի շարք գործառոյթներ ու անընդհատ քննադատութեան է ենթարկւել։ Ուշադրութիւն եմ ուզում դարձնել այն հանգամանքի վրայ, որ, իհարկէ, այս ամենին Մոսկւայում քչերն են ուշադրութիւն դարձնում, քանի որ զբաղւած են անձամբ ՌԴ անվտանգութեամբ, որում, ի դէպ, ՀԱՊԿ-ը եւ ՀԱՊԿ միւս երկրները որեւէ դերակատարութիւն չունեն, եւ ՌԴ-ն նման ակնկալիքներ չունի։ Սակայն ՌԴ-ն մշտապէս իր հնարաւորութիւնների սահմանում աջակցել է ՀԱՊԿ անդամ երկրների անվտանգութեանը։ Եթէ ՀՀ իշխանութիւնները վստահ են իրենց եզրայանգումներում եւ այլ երկրների հետ ճիշտ քաղաքականութիւն են վարել ու վարում, ապա վաղուց պէտք է լքած լինէին ՀԱՊԿ-ը, հաշւի առնելով իրենց հռետորաբանութիւնը։ Սա նշանակում է, որ ինչ-որ բան այն չէ իրենց արեւմտեան հաշւարկներում կամ, այնուամենայնիւ, չկայ վստահութիւն»,- ասաց վերլուծաբանը։
168․am