Միջազգային

Հռոմի Պապը սրբադասել է 15-ամեայ համակարգչային հանճարին՝ նրան առաջին սուրբ-միլենիալ հռչակելով

«ԱԼԻՔ» – Երէկ՝ սեպտեմբերի 7-ին, Հռոմի Պապ Լէօ 14-րդը սրբերի շարքին է դասել 15-ամեայ համակարգչային հանճարի՝ նրան հռչակելով Կաթոլիկ եկեղեցու պատմութեան մէջ առաջին սրբազան-միլենիալը, որն օգտագործել է տեխնոլոգիաները հաւատը տարածելու համար եւ արժանացել «Աստծոյ ինֆլիւենսեր» մականւանը: Յայտնում է Associated Press-ը։

Լէօ պապը 2006 թւականին մահացած Կառլօ Ակուտիսին սրբադասել է Սուրբ Պետրոսի հրապարակում բաց երկնքի տակ մատուցւած պատարագի ժամանակ՝ մօտ 80,000 մարդու առջեւ, որոնցից շատերը միլենիալ սերնդի ներկայացուցիչներ էին եւ փոքր երեխաներ ունեցող զոյգեր։

Իր պոնտիֆիկատի առաջին սուրբ պատարագի ժամանակ Լեւոնը սրբերի շարքին է դասել նաեւ մէկ այլ հանրաճանաչ իտալացի գործչի, որը մահացել է երիտասարդ հասակում՝ Պիեռ Ջորջօ Ֆրասսատիին։

Ակուտիսը ծնւել է 1991 թւականի մայիսի 3-ին Լոնդոնում՝ հարուստ, բայց ոչ յատկապէս բարեպաշտ կաթոլիկ ընտանիքում։ Ծնւելուց անմիջապէս յետոյ նրանք վերադարձել են Միլան, եւ նա ունեցել է սովորական երջանիկ մանկութիւն, թէեւ նշանաւորւած աճող կրօնական նւիրւածութեամբ։ Ակուտիսը յատկապէս հետաքրքրւած էր համակարգչային գիտութիւններով եւ մանկուց կլանում էր ծրագրաւորման գրքեր՝ կոլէջի ուսանողների համար։

Նա արժանացել է «Աստծոյ ինֆլիւենսեր» մականւանը՝ շնորհիւ իր հիմնական տեխնոլոգիական ժառանգութեան՝ բազմալեզու կայքի, որը փաստագրում է, այսպէս կոչւած, հաղորդութեան հրաշքները, որոնք ճանաչւած են եկեղեցու կողմից. նախագիծ, որը նա աւարտել է այն ժամանակ, երբ նման կայքերի մշակումը մասնագէտների իրաւասութիւնն էր։

2006 թւականի հոկտեմբերին՝ 15 տարեկան հասակում, Ակուտիսը հիւանդացել է սուր լէյկոզով։ Մի քանի օր անց նա մահացել է։ Նրան թաղել են Ասսիզիում։ Նրա մահին յաջորդած տարիների ընթացքում միլիոնաւոր երիտասարդ կաթոլիկներ են հաւաքւում Ասսիզիում, որտեղ նրանք կարող են տեսնել երիտասարդ Ակուտիսին ապակեայ դամբարանում՝ ջինսեր հագած, Nike-ի կօշիկներով եւ սւիտերով։

Related Articles

Back to top button