«ԱԼԻՔ» – Էներգակիր ռեսուրսների նկատմամբ Ադրբեջանի գերակայութեան եւ դրանց տարանցման ենթակառուցւածքի առկայութեան բերումով, Արեւմուտքն աչք փակեց Արցախում միջազգային նորմերի խախտման վրայ՝ չգիտակցելով, որ Երեւանի եւ Բաքւի միջեւ լարւածութիւնը կրում է նաեւ յետցնցումային բնոյթ, իսկ Արեւմուտքի ծրագրերը լինելու են նման լարւածութեան հետեւանքների զոհերից մէկը:
«Էղթեսադ-նիւզ» վերլուծական կայքի համաձայն՝ սեպտեմբերի 19-ին Ադրբեջանի իրականացրած ռազմական ներխուժումն Արցախ, Եւրոմիութեան եւ ԱՄՆ-ի գծած բոլոր կարմիր գծերի անտեսումն էր։ Փորձագիտական շրջանակների կարծիքով՝ նման գործողութեան հետեւանքները կարող են բացասական անդրադառնալ Արեւմուտքի շահերի վրայ: Յատկապէս, այն բանից յետոյ, երբ Ալիեւն անձամբ էր վստահեցրել եւրոպացի եւ ամերիկացի բարձրաստիճան պաշտօնեաներին, որ Բաքուն չի դիմելու ռազմական գործողութիւնների:
Բաքուն շրջանցում է Արեւմուտքը
«Լեռնային Ղարաբաղի դէպքում արժէ հաշւի առնել, որ Ադրբեջանը բանակցային սեղանի շուրջ ստացել է գրեթէ այն ամէնը, ինչ ցանկացել է ունենալ: Երկար տարիներ բանակցային անարդիւնք գործընթացի եզրագծում, վերջապէս տեղի ունեցաւ Լեռնային Ղարաբաղում բնակւող հայերի եւ Բաքւի միջեւ ուղիղ հանդիպում, որի արդիւնքում հայկական կողմը պարտադրաբար ընդունեց յայտարարութիւն՝ ԼՂ-ն Ադրբեջանին ինտեգրելու վերաբերեալ»,- գրել է «Էղթեսադ-նիւզ»-ը յղում անելով «Կարնեգի» կենտրոնի յօդւածագրին:
«Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինեանը ճանաչել է Ադրբեջանի տարածքային ամբողջականութիւնը, ներառեալ՝ Լեռնային Ղարաբաղը, որպէս այդ երկրի աշխարհագրութեան մաս»։ Ինչպէս գրել է «Կարնեգի» հետազօտութիւնների ինստիտուտը, տեղի ունեցածը չի կարող բացատրւել քաղաքական գործարքի շրջանակներում։
Միեւնոյն ժամանակ, արեւմտեան վերլուծական կենտրոնների համոզմամբ, օրհասական իրավիճակի արդիւնք էր մարդու իրաւունքների խնդիրը Արցախում։ Բաքուն յայտարարել է, որ լիովին վերահսկում է տարածաշրջանը, եւ որ այդ տարածքում մնացած հայերին ոչինչ չի սպառնում այլեւս: Սակայն կան փաստագրւած տեղեկութիւններ՝ ադրբեջանցի զինւորականների կողմից հայերի նկատմամբ անմարդկային ու դաժան վերաբերմունքի մասին, որի առաջին պատասխանատւութիւնը Բաքւի վրայ է, ով մինչ օրս մերժել է տարածաշրջան միջազգային դիտորդներ ուղարկելու ջանքերը, քանի որ բարձրացւել է միջազգայինօրէն ընդունւած մարդու իրաւունքների նորմերի խախտման հարցը։
Արեւմտեան դիտորդների կարծիքով՝ Ալիեւն իր մօտեցումներն ու վարքագիծը քննարկել է Մոսկւայի հետ նախքան Արցախի վրայ յարձակումը։ Նոյն կենտրոնների համոզմամբ, արեւմտեան խաղացողները հէնց այնպէս չէ, որ աչք են փակում Արցախում իրականացւած էթնիկ զտումների վրայ: «Մէկ այլ տեսանկիւնից կարեւոր խնդիրը Հայաստանի տարածքով դէպի Նախիջեւանի շրջան տրանսպորտային երթուղին է: Ռուսաստանը, Ադրբեջանը եւ Թուրքիան փորձում են պարտադրել «Միջանցք»-ի իրենց տարբերակը»,- նշւած է «Կարնեգի»-ի հրապարակած յօդւածում :
Արեւմուտքում Բաքւի ունեցած առեւտրատնտեսական նշանակութիւնը բացատրւած է աշխարհագրական դիրքով միայն:
Այս առումով յօդւածագրի ընդգծումներում կարեւորւել է Ադրբեջանի կարգավիճակը՝ որպէս Ռուսաստանի եւ Իրանի միջեւ նաւթագազային ենթակառուցւածքներով եւ ենթուղիներով միջանցքի շրջանակում կարող երկիր։
Արեւմուտքի համար առանձնայատուկ նշանակութիւն ունի էներգակիրների կենտրոն համարւող Բաքուն, իրեն կցած տարածքների վրայ վերահսկողութիւն սահմանելուց յետոյ: Առաւելութիւն, որը լաւագոյնս օգտագործում է Բաքուն կողմերի հետ վարած բանակցութիւններում:
Եւրոպայի խփած ինքնագոլը
«Կարնեգի»-ի վերլուծաբանը յաւելել է, որ Եւրոմիութեան յանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լէյէնը 2022 թւականի յուլիսին, սխալ որոշմամբ, մեկնեց Բաքու որպէս Եւրոմիութեան գործընկերութեան շրջանակում բարեկամ երկիր, կնքելու Եւրոպային գազի յաւելեալ ծաւալներ տրամադրելու մասին պայմանագիրը: Պայմանագրում ոչ մի նշում չկայ հակամարտութեան հանգուցալուծման, կամ խաղաղութեան Հայաստանի ձեւակերպումների մասին: Արեւմուտքի համոզմամբ, Ադրբեջանի Հանրապետութիւնը միշտ մնալու է, որպէս տարածաշրջանի տրանսպորտային կենտրոնը: «Սակայն այսօր ստեղծւած իրավիճակի հետ կապւած երկու սպառնալիք կայ: Նախ՝ փորձագէտները եկել են այն եզրակացութեան, որ գազի մեծ ծաւալների տարանցումը Եւրոմիութիւն քիչ հաւանական է: Այլ կերպ ասած՝ աւելի քան 3 կամ 4 միլիարդ խորանարդ մետր արտահանման ծաւալների հասնելու համար կը պահանջւի ենթակառուցւածքների արդիականացում եւ տեխնիկական ու ներդրումային միջոցների հայթայթում, որի հետ կապւած խնդիրներ կան: Ռուսաստանն ու Իրանը նոյնպէս բաժնետէր են Հարաւկովկասեան գազատարների եւ դրանց վերահսկելու հարցում»,- գրել է յօդւածագիրը:
Երկրորդ՝ հակասութիւններն անքակտելիօրէն կապւած են միմեանց: Միջին միջանցքի (Խազար-թրանց) երթուղին, որը Չինաստանից եւ Կենտրոնական Ասիայից Հարաւային Կովկասով միացւելու է Եւրոպային, բազմակողմ երթուղի է, որը ներառում է նաեւ Հայաստանը։ Նման միջանցքի շահագործմանն անհրաժեշտ է նաեւ տարածաշրջանային համագործակցութիւն եւ միջազգային կառոյցների մասնակցութիւն, հետեւաբար, եկել է ժամանակը, որ Եւրոպան իր շահերից վեր դասի մարդու իրաւունքների նորմերը եւ ստեղծւած մարտահրաւէրների հարցում ճնշման տակ դնի Բաքւին»,- եզրափակել է յօդւածագիրը: