Երգ չորեքշաբթի օրերի համար – Իրանի եւ Հայաստանի համագործակցութեան ընդլայնումը մանկական գրականութեան ոլորտում
Parstoday – ՀՀ-ում Իրանի դեսպանատան մշակութային խորհրդատուն եւ «Խնկօ Ապէր» ազգային մանկական գրադարանի տնօրէնը կարեւորել են մանկական գրականութեան ոլորտում երկու երկրների համագործակցութեան ընդլայնումը:
Հայաստանում Իրանի դեսպանութեան մշակութային հարցերով խորհրդական Մոհամմադ Ասադի Մովահեդը հանդիպել է «Խնկօ Ապէր» ազգային մանկական գրադարանի տնօրէն Ռուզանա Տօնոյեանի հետ եւ քննարկել մշակութային կարեւոր հարցեր, յատկապէս մանկական գրականութեան եւ երկու երկրների միջեւ մշակութային ոլորտներում համագործակցութեան ընդլայման թեմաներ:
Ինչպէս հաղորդում է Parstoday-ը՝ վկայակոչելով Իսլամական մշակոյթի եւ հաղորդակցութեան կազմակերպութեանը, Տօնոյեանը ողջունել է Իրանի հետ մշակութային համագործակցութեան հնարաւորութիւնը եւ մատնանշել անցեալում իրականացւած բազմաթիւ մշակութային ծրագրեր, այդ թւում՝ գրքերի շնորհանդէս, իրանցի մանուկ հեղինակների ներկայութիւնը եւ կրթական համագումարների անցկացումը:
Ըստ այս հաղորդման, պայմանաւորւածութիւն է ձեռք բերւել, որ Գէորգ Ասատրեանի կողմից վերջերս հայերէն թարգմանւած եւ տպագրւած «Այդ չորեքշաբթի», «Հրէշի ստւերը» եւ «Երգ չորեքշաբթիների համար» գրքերի շնորհանդէսը տեղի ունենայ «Խնկօ Ապէր» ազգային մանկական գրադարանում։
Որոշւեց նաեւ, որ օրակարգում լինեն համատեղ ծրագրեր, ինչպիսիք են գրքի շնորհանդէս, մանկական պատմւածքների թարգմանութիւնը պարսկերէնից հայերէն, երեխաների եւ պատանիների համար նախատեսւած արւեստի յատուկ խմբերի ներկայութիւն:
Որպէս Հայաստանի մայրաքաղաք Երեւանի երեխաների առաջին գրադարանը եւ կրթական կենտրոնը՝ «Խնկօ Ապէր» ազգային մանկական գրադարանը հիմնադրւել է 1930 թւականին՝ ի յիշատակ մանկական պատմւածքների վաստակաշատ հեղինակ «Խնկօ Ապէր»-ի։