ԻրանՀայաստան - ԱրցախՄիջազգայինՏնտեսական

Հայաստանի խորհրդարանը վաւերացրեց ԵԱՏՄ-ի եւ Իրանի միջեւ  ազատ առեւտրի համաձայնագիրը

«ԱԼԻՔ» – Հայաստանի ազգային ժողովը վաւերացրեց Եւրասիական տնտեսական միութեան եւ Իրանի միջեւ ազատ առեւտրի համաձայնագիրը:  

«Արմէնպրես»-ի հաղորդմամբ՝ «Եւրասիական տնտեսական միութեան եւ դրա անդամ պետութիւնների՝ մի կողմից, եւ Իրանի Իսլամական Հանրապետութեան՝ միւս կողմից, միջեւ ազատ առեւտրի մասին» համաձայնագիրը վաւերացնելու մասին նախագիծն ընդունւեց միաձայն՝ ստանալով 95 կողմ ձայն: Համաձայնագիրը ստորագրւել է 2023 թւականի դեկտեմբերի 25-ին Սանկտ Պետերբուրգում:

Համաձայնագիրը կարգաւորում է կողմերի միջեւ տնտեսական համագործակցութեան հարցերի լայն շրջանակ՝ զգալիօրէն ընդլայնելով ժամանակաւոր համաձայնագրով սահմանւած՝ սակագնային արտօնութիւններ նախատեսող ապրանքային անւանացանկն, ինչպէս նաեւ որակապէս բարելաւելով նախկինում արձանագրւած սակագնային զիջումները: Համաձայնագրի կնքման հիմք են  հանդիսացել 2019 թւականին ուժի մէջ մտած «Եւրասիական տնտեսական միութեան եւ դրա անդամ պետութիւնների՝ մի կողմից, Իրանի Իսլամական Հանրապետութեան՝ միւս կողմից միջեւ ազատ առեւտրի գօտու ձեւաւորմանն ուղղւած ժամանակաւոր համաձայնագրով» ամրագրւած դրոյթները:

ՀՀ էկոնոմիկայի նախարար Գէորգ Պապոյեանը տեղեկացրել էր, որ 2019 թւականին ուժի մէջ մտած ժամանակաւոր համաձայնագիրը թոյլ էր տւել շեշտակիօրէն աւելացնել ԵԱՏՄ պետութիւնների եւ Իրանի առեւտրաշրջանառութիւնը՝ 2.4 միլիարդ դոլարից հասցնելով 5.2 միլիարդ դոլարի։  

Related Articles

Back to top button