Ամիր Աբդօլլահեան. «ԱՄՆ-ի դէմ յարձակումները Իրանին վերագրելը անհիմն է»
«ԱԼԻՔ» – Իրանի արտաքին գործերի նախարար Հոսէյն Ամիր Աբդօլլահեանը կատարելապէս անհիմն է անւանել սիոնիստական ռեժիմի դէմ Պաղեստինի Դիմադրութեան խմբերի հոկտեմբերի 7-ին մեկնարկած գործողութեանը Իրանի դերակատարութեան մասին յայտարարութիւնը:
ԻՌՆԱ-ի համաձայն՝ Իրանի ԱԳ նախարարը Նիւ Եօրքում «CNN» հեռուստաալիքի հետ հարցազրոյցում ընդգծել է. «Իրանը գործողութեան մասին տեղեակ չի եղել, եւ պաղեստինցիներն են կապ հաստատել: Իրանը չունի որեւէ խումբ Պաղեստինում, եւ չի վարել միջնորդաւորւած պատերազմ: Իսրայէլն է ԱՄՆ-ի վստահւած ուժը տարածաշրջանում, որը տարածաշրջանն անապահով է դարձրել»։
Նա նշել է. «Անտարակոյս աջակցում ենք Պաղեստինին: Միշտ էլ քաղաքական, մեդիա եւ միջազգային աջակցութիւն ենք ցուցաբերել Պաղեստինին, եւ երբեւէ չենք ժխտում դա: Դա իրականութիւն է»:
Ամիր Աբդօլլահեանն ընդգծել է. «Երբ տարածաշրջանում որեւէ յարձակում է իրականացւում, կամ որեւէ խմբի կողմից թիրախաւորւում է ԱՄՆ-ի շահերը, դրանք վերագրել Իրանի Իսլամական Հանրապետութեանն առանց որեւէ ապացոյց ներկայացնելու, կատարելապէս սխալ ու անհիմն քայլ է»:
Ասուլիսի այլ բաժնում Իրանի արտաքին գործերի նախարարը ընդգծել է. «Մենք չենք ձգտում եւ չենք ձգտել տարածաշրջանում ընդլայնել պատերազմը: ՄԱԿ-ում իմ ելոյթում ես ասացի, որ հէնց Իսրայէլի ռեժիմն է պատերազմ եւ անապահովութիւն պարտադրել մեր տարածաշրջանին: Իրանի Իսլամական Հանրապետութիւնը միշտ էլ տարածաշրջանում խաղաղութեան ջատագովն է եղել: Շեշտում եմ, որ Գազայում պաղեստինցի խաղաղ բնակիչների շարունակական սպանդը եւ Իսրայէլին ԱՄՆ-ի ցուցաբերած լիակատար աջակցութիւնը սիոնիստական ռեժիմին խրախուսել են աւելի շատ սպանդի: Իսրայէլի անվտանգութեան եւ քաղաքական համակարգը փլուզւել է, եւ գործում է միայն իսրայէլական ռազմական մեքենան, իհարկէ՝ ԱՄՆ-ի լիակատար աջակցութեամբ»: