Մեհդի Սոբհանի․ «Հայաստանն ու Իրանը կարող են եռապատկել «գազ՝ էլեկտրաէներգիայի դիմաց» ծրագրի ծաւալները»
Հայաստանն ու Իրանը կարող են աւելացնել «գազ՝ էլեկտրաէներգիայի դիմաց» ծրագրի ծաւալները։
Այդ մասին «Civilnet»-ին տւած հարցազրոյցում ասել է Հայաստանում Իրանի դեսպան Մեհդի Սոբհանին։
«Երկու երկրների միջեւ առկայ է գազի գիծ եւ մենք երկու ամիս առաջ երկարաձգեցինք «գազ՝ էլեկտրաէներգիայի դիմաց» պայմանագիրը: Դա երկու երկրների յարաբերութիւններում մեծ եւ ռազմավարական քայլ էր: Այդ պայմանագրի շնորհիւ մենք կը կարողանանք աւելացնել Հայաստանից էլեկտրաէներգիայի ներմուծումը գազի դիմաց, եռապատկել կամ նոյնիսկ քառապատկել այն: Շատ լաւ ծրագրեր ունենք Հայաստանի հետ: Ունենք երրորդ էլեկտրահաղորդման գիծը, որ յոյսով եմ առաջիկայ ամիսների ընթացքում աւարտին կը հասցւի»,- ասել է նա։
Դեսպանը յիշեցրել է, որ նախորդ տարի Հայաստանի եւ Իրանի միջեւ առեւտրաշրջանառութեան ծաւալը 711 միլիոն դոլար է կազմել։ Նա յոյս է յայտնել, որ այս տարի այդ թիւը մօտ մէկ միլիարդի կը հասնի:
«Կայ նաեւ Ագարակ-Քաջարան 32 կիլոմետրանոց ճանապարհի նախագիծը, որը նոյնպէս ռազմավարական կարեւորութեան է եւ ամենամեծ նախագիծն է, որը կնքւել է Հայաստանի կառավարութեան եւ իրանական ընկերութիւնների միջեւ: Մենք միշտ խրախուսել ենք ուրիշ իրանական ընկերութիւններին, որ գան Հայաստան եւ օգտւեն Հայաստանում աշխատանքի լաւ հնարաւորութիւններից, այստեղ արտադրեն եւ արտահանեն ուրիշ երկրներ: Ընդհանուր առմամբ, կարող եմ ասել, որ մեր առեւտրային եւ տնտեսական կապերը զարգացման լաւ դինամիկայ ունեն եւ մենք վճռականօրէն շարունակելու ենք այդ ուղին»,- նշել է Սոբհանին։