Թաւրիզի պետհամալսարանի միջոցներով հրատարակւող պանթուրքիստների ամսագիրն ու իրանցի փորձագէտի արձագանգը. «Գազայի երեխաների սպանդը Բաքւի նաւթահոտ ունի»
«ԱԼԻՔ» – Պաշտօնական Բաքուն եւ ենթակայ ԶԼՄ-ների կողմից արցախահայութեան՝ Արցախ անարգել վերադարձի ԼԱՀԷ-ի դատարանի բացայայտ վճռի հետ կապւած լուրերը բոյկոտի են ենթարկւած։
Յիշեցնենք, որ սրանից 2 օր առաջ ԼԱՀԷ-ի միջազգային արբիտրաժային դատարանը Բաքւին պարտաւորեցրել է թոյլ տալ հայերի անվտանգ վերադարձն Արցախ:
Բաքւի իշխանութիւններն ու լրատւամիջոցները, որոնք մինչ այդ մրցակցում էին արցախահայութեան հետ կապւած իւրաքանչիւր աննշան երեւոյթի լուսաբանման հարցում, մինչ այժմ ոչ մի արձագանգ չեն ցուցաբերել ԼԱՀԷ-ի միջազգային արբիտրաժային դատարանի վճռի վերաբերեալ։
Նոյն հողի վրայ էլ, կարծես, նոր թափ է արձանագրում բաքւամէտ քարոզչամեքենան, «իւրայինների» հիասթափութեան ալիքը մեղմելու նպատակով: Այնպէս, որ Թաւրիզի պետական համալսարանի արտօնութեամբ ու հնարաւորութիւններով հրապարակւող «Սահանդ» ամսագրի վերջին համարի շապիկը, խօսուն փաստն է այն բանի, որ պանթուրքիստական վոհմակը ձեռքերը ծալած չի նստել եւ անմիջապէս գործի անցնելով՝ փորձել է «Խուջալուից՝ Գազա» վերնագրի ներքոյ երկու ուղղութեան վրայ աշխատել: Առաջինը՝ վերյիշեցնել Խուջալուի մասին, երկրորդը՝ շեղել լսարանի ուշադրութիւնը Բաքու-Թել Աւիւ դաշինքից ու բարեկամական խորը կապերից:
Նոյն կապակցութեամբ դոկտ. Էհսահ Մովահեդեանն իր տելեգրամային ալիքում գրառում կատարելով, անդրադարձել է ամսագրով հրապարակւած նիւթերին, որոնցից ներկայացնում ենք միայն Արցախին վերաբերող ակնարկը:
Փորձագէտը նշել է, որ ամսագրի շապիկի աջ կողմում, լաւ կը լինէր, եթէ գրւած լինէին՝ Բաքւից Թել Աւիւ, քանի որ իրենց նշած Խոջալուի «ոճրագործութեան» եւ Գազայի ոճրագործութիւնների համահարթեցման ենթատեքստում օրինականացնելու փորձն է երեւում Բաքւի եւ Թել Աւիւի միջեւ անօրինական առեւտրի, ինչից մարդկանց ուշադրութիւնը շեղելու ջանքերը անցնում են ապարդիւն, յատկապէս, Իսրայէլին զօրակցող Բաքւի կեցւածքից եւ իսլամական աշխարհի հանդէպ բացայայտ դաւաճանութիւնից յետոյ:
Վերադառնալով Խուջալուի քարոզչական հնարքին, Մովահեդեանը յաւելել է, որ ամսագիրը, որպէս աղբիւր ներկայացրել է հակաիրանական հակումներով Բաքւի յայտնի մշակութային գործակալի ուսումնասիրութիւնը, ով բազմաթիւ կեղծ յօդւածների հեղինակ է: «Քարիմ Քարիմովն ազգութեամբ թալիշ է, սակայն ճակատագրի հեգնանքով ձուլւել է Ալթայի ինքնութեան մէջ»,- նշել է փորձագէտը:
Նա արձանագրել է. «…Չգիտես Հէյդար Ալիեւի միջոցով ամրագրւած գործարքը սիոնիստների հետ, որը յանգեցրեց Ղարաբաղում Իրանի ազդեցութեան զրոյացմանը, կամ միւս բոլոր պատերազմական յանցագործութիւնների եւ կուլիսային ջարդերին, ի՞նչ ընդհանրութիւն կարող է ունենալ Գազայի հատւածում առկայ իրավիճակի հետ»։
«Իմ կարծիքով, միակ նմանութիւնը սիոնիստների ակտիւ դերակատարութիւնն է երկու ջարդերի դէպքում էլ, որոնց մասին հեղինակը միտումնաւոր չի նշել, յատկապէս ներկայ իրավիճակում Ալիֆի կեղտալւայ ձեռքերը մաքրելու նպատակով»,- նշել է Մովահեդեանը:
Նա անմիջապէս յաջորդ տողում գրել է. «Երկու դէպքում էլ Բաքւի նաւթը մեծ դեր է խաղացել երեխաների սպանդի գործում, առաջինի դէպքում՝ սիոնիստների կողմից Բաքւի նաւթին ձեռնահասութեան եւ Հէյդար Ալիեւին իշխանութեան բերելու, որով ճարպկօրէն սպանդը վերագրեցին հայերին, իսկ երկրորդ անգամ՝ Գազայում իրականացւող սպանդը, որը իրականցւում է սիոնիստների ձեռամբ, օգտագործելով նոյն՝ Բաքւի նաւթը»։