
«ԱԼԻՔ» – Ապրիլի 26-ի միջօրէին հզօր պայթիւն է որոտացել Բանդար Աբբասի «Շահիդ Ռաջայի» նաւահանգստում:
Ըստ նախնական տւեալների՝ պայթիւնը տեղի է ունեցել վտանգաւոր ապրանքների եւ քիմիական նիւթերի բռնկման հետեւանքով։ Պայթիւնն այնքան ուժգին է եղել, որ լսւել է Բանդար Աբբասից 20 կմ. հեռաւորութեան վրայ գտնւող Ղեշմ կղզում, մի քանի կիլոմետր շառաւղով տեղակայւած բոլոր շէնք-շինութիւնների պատուհանների ապակիները կոտրւել են։
Հորմոզգան նահանգի նահանգապետարանի արտակարգ իրավիճակի վարչութիւնից տեղեկացրել են, որ վերջին տւեալներով՝ զոհերի թիւը հասել է 25-ի, վիրաւորներինը՝ 800-ի, իսկ 6 հոգի համարւում են անհետ կորած:
Հրդեհաշիջման աշխատանքներն արդէն աւարտւում են, իսկ դէպքի կապակցութեամբ հետաքննութիւնն ընթանում է: