Շողակաթի տօնը Ս. Էջմիածնի Մայր Տաճարի նաւակատիքի տօնն է

Ըստ Ագաթանգեղոս պատմիչի` հայոց աշխարհի երկրորդ լուսաւորիչ` Ս. Գրիգորը, մի տեսիլք է տեսնում, ուր Քրիստոս Աստւած իջնում է երկնքից եւ ձեռքի ոսկէ մուրճով հարւածում Սանդարամետ կոչւած կռատան տեղում: Աննկարագրելի ու զարմանահրաշ այս տեսիլքով Միածինը մատնանշում է Մայր տաճարի հիմնադրման վայրը:
Սրբի այս տեսիլքը կոչւում է «Շողակաթ», քանզի Ս. Գրիգոր Լուսաւորիչը տեսնում է, թէ ինչպէս է երկնքից մի շող կաթում: Պատմական տեղեկութիւնների համաձայն, Էջմիածնի Մայր Տաճարը նւիրագործւել եւ օծւել է 303 թւականին, Ս. Կոյսի Վերափոխման տօնի օրը: Ըստ Մաղաքիա արք. Օրմանեանի՝ քանի որ Մայր Տաճարը նւիրւած է Սուրբ Աստւածածնի անւանը, Հայ Եկեղեցին Վերափոխման տօնի նախընթաց շաբաթ օրը նշում է Շողակաթի տօնը:
1700 տարի հայ մարդու համար նւիրական ուխտատեղի դարձած Մայր Աթոռ Ս. Էջմիածինը Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու հաւատքի օրրանն ու սրբութիւն սրբոցն է` իր հոգեւոր, ազգային ու պատմական նշանակութեամբ` հիմնադրւած Աստծու Միածին Որդու միջոցով:
Ս. Գրիգորի տեսիլքով Աստւած իջաւ մեր դրախտավայր երկիրն ու կանխորոշեց հայ ժողովրդի ապագան` որպէս ընտրեալ մի ժողովուրդ, որն առաջինը հռչակեց քրիստոնէութիւնը որպէս պետական կրօն եւ իր սրտում ընդունեց Երկնաւոր Վարդապետի սիրոյ վարդապետութիւնը: Ի՞նչ առնչութիւն կայ վերափոխման տօնի եւ խաղողօրհնէքի միջեւ:
Խաղողօրհնէքը որեւէ առնչութիւն չունի Աստւածածնի վերափոխման տօնի հետ: Ուրեմն, եթէ նրանք առնչութիւն չունեն իրար հետ, մենք ինչո՞ւ նրանք կը կատարենք միասնաբար: Այս հարցի պատասխանը յստակ կը դառնայ եթէ նկատի առնենք հետեւեալ 2 կէտերը՝
ա) Համաձայն Աստւածաշնչի եւ մեր հայրերի աւանդութեան, արտի երախայրիքը (առաջին բերքը), պէտք էր ընծայւէր Աստուծուն: Այս ընծայումը անցեալում տեղի կունենար օգոստոսին, որովհետեւ այս ամսւան էր, որ սովորաբար պտուղների մեծ բաժինը կը հասունանար, ինչպէս եւ այսօր:
բ) Հայ Եկեղեցու տօնացոյցի համաձայն, մենք օգոստոս 15-ի մերձաւոր Կիրակին տօնում ենք Աստւածածնի վերափոխումը: Ուրեմն, քանի որ արտերի առաջին բերքի նւիրումն օգոստոսին տեղի կունենար, եւ քանի որ Աստւածածնի վերափոխումը եւս օգոստոսին կը կատարւէր, ժամանակի ընթացքին եկեղեցին յարմար տեսաւ, որ այս երկու դէպքերը միասնաբար կատարւէին, մէկը միւսին աւելի ուշագրաւ եւ իմաստալից դարձնելու նպատակով:
Եկեղեցին ճիշտ արեց նրանց միասնաբար կատարելու որոշումը առնելով, այլապէս, այսօր մեր ժողովուրդն իր ունեցածի որոշ մասն Աստուծուն նւիրելու սովորութիւնն ամբողջութեամբ մոռցած պիտի լինէր:
Աստւածածնի վերափոխման տօնը մի առիթ է մեր ժողովրդի զաւակների համար, մտածել տալու առաքինութեան մասին, մեր անձի նեղ պարունակից դուրս գալու եւ դէպի եկեղեցին ու դէպի աղքատը բացւելու մասին:
Խաղողի կամ ոչխարի ընծայումը, անցեալից մեզ եկած մեր հայրերի ու մայրերի հաւատքի արտացոլացումն ու մնացորդն է. այն հաւատքի՝ որ իր առաջինը Աստուծուն նւիրե՛լ գիտէր:
Իսկ թէ ինչո՞ւ պտուղներից ընտրւեց խաղողը: Հաւանաբար, նրա համար, որ Քրիստոսն ինքն իրեն նմանեցրեց որթատունկի (Յհ 15.1), եւ գինին, որ կը պատրաստւի խաղողի հիւթից, կոչեց իր արիւնը (Ղկ 22.17):
Նիւթը տրամադրել է Տ. ՎՐԹԱՆԷՍ ՔՀՆՅ. ԲԱԲԱԽԱՆԵԱՆ



