Բիզնեսի զարգացման ժամանակակից գործիքներ

Նախաբանի փոխարէն
«ԱԼԻՔ»-ը մեկնարկում է մասնագիտական նոր յօդւածաշար, որի հեղինակն է մարքեթինգային ռազմավար, բիզնես-քոչինգ եւ Իրանի անհատական եւ բիզնես-զարգացման մենթորների միութեան անդամ Արթին Յովսէփեանը։
Յօդւածաշարի շրջանակում հեղինակը պարբերաբար կը ներկայացնի ժամանակակից բիզնեսի, կազմակերպական զարգացման, մարքեթինգի եւ բիզնես-քոչինգի վերաբերեալ թեմաներ՝ փորձելով դրանք մատուցել հայ ընթերցողին հասանելի եւ կիրառական ձեւով։
Քոոչինգ. Բիզնեսի զարգացման մէջ մենթորինգի եւ խորհրդատւութեան միջեւ բացակայ օղակը
Արթին Յովսէփեան
Մարքեթինգային ռազմավարութեան աւագ մասնագէտ, Իրանի անհատական ստարթափերի եւ բիզնեսի զարգացման «քոչինգի մասնագէտների ընկերակցութեան» անդամ
Վերջին տարիներին «քոչինգ» (Coaching), մասնաւորապէս՝ «բիզնես-քոչինգ» (Business Coaching) եզրոյթները լայն տարածում են գտել անհատական եւ կազմակերպչական զարգացման ոլորտում՝ յաճախ յայտնւելով «մենթորութիւն» (Mentoring) եւ «խորհրդատւութիւն» (Consulting) հասկացութիւնների կողքին։ Սակայն գործնականում այս երեք մօտեցումները ոչ միշտ են յստակ տարբերակւում, ինչի հետեւանքով երբեմն խորհրդատուներն ու մենթորները նոյնպէս ներկայանում են որպէս «քոչ»։
Բիզնեսի զարգացման ռազմավարութեան մասնագէտների գնահատմամբ՝ քոչինգը նախ եւ առաջ կառուցակարգւած երկխօսութեան գործընթաց է, որի ընթացքում քոչը ոչ թէ պատրաստի լուծումներ է առաջարկում, այլ դառնում է մտաւոր գործընկեր՝ օգնելով դիմորդին աւելի յստակ տեսնել իր նպատակները, մարտահրաւէրներն ու աներեւոյթ հնարաւորութիւնները։

Ի տարբերութիւն խորհրդատւութեան, որտեղ մասնագէտը ներկայացնում է իր առաջարկած լուծումները, քոչինգի հիմքում ընկած են նպատակային հարցադրումները՝ դիմորդին ուշադիր լսելու մշակոյթը, եւ նրա մէջ ինքնաճանաչման խթանումը։ Այս մօտեցման համաձայն՝ իւրաքանչիւր մարդ, անկախ ստեղծագործական ներուժից, քոչինգի հիմնական առաքելութեամբ՝ բացայայտելու է իր ներուժը եւ զարգացմանն անհրաժեշտ պայմանների ստեղծման գիտակցութիւնը:
Այսպիսով արձանագրենք, որ քոչինգը կախւածութիւն չի ստեղծում «մարզիչից», այլ զարգացնում է ինքնուրոյն մտածելու, պատասխանատու որոշումներ կայացնելու եւ երկարաժամկէտ աճ ապահովելու կարողութիւնը։
Մենթորութիւնը, ընդհակառակը, հիմնւած է փորձի փոխանցման վրայ։ Մենթորը սեփական փորձի, գործնական գիտելիքների եւ խորհուրդների միջոցով աջակցում է ճանապարհ չանցած կամ աւելի քիչ փորձ ունեցող անձին։ Այս մօտեցումը լայն կիրառութիւն ունի կազմակերպչական համակարգերում՝ մասնագիտական զարգացման, աշխատակիցների ներառման եւ կազմակերպւելու մշակոյթին ծանօթացման նպատակով։ Այստեղ ուսուցման հիմնական աղբիւրը մենթորի փորձն է, մինչդեռ քոչինգի դէպքում մարդը սովորում է սեփական մտածողութեան եւ փորձառութեան միջոցով։
Խորհրդատւութիւնն այս եռանկիւնի երրորդ բաղադրիչն է։ Այդ դէպքում արտաքին մասնագէտը վերլուծում է առկայ խնդիրը, գնահատում իրավիճակը եւ ներկայացնում գործնական լուծումներ։ Կազմակերպութիւնները սովորաբար խորհրդատուների են դիմում ռազմավարութեան մշակման, կառուցւածքային փոփոխութիւնների կամ յստակ ճգնաժամերի յաղթահարման համար, իսկ արդիւնաւէտութիւնը գնահատւում է ձեռք բերւած արդիւնքներով եւ ներդրումների վերադարձով։
Առանձնակի ուշադրութիւն պէտք է դարձնել նաեւ քոչինգի մասնագիտական չափանիշերին։ Միջազգային հեղինակաւոր կառոյցները, ինչպիսիք են Քոչինգի միջազգային կազմակերպութիւնը (ICF) եւ Մենթորութեան ու քոչինգի եւրոպական խորհուրդը (EMCC), սահմանել են մասնագիտական կարողութիւնների, վարքագծի եւ էթիկական սկզբունքների յստակ շրջանակ։ Դրա համաձայն՝ քոչը պարտաւոր է պահպանել գաղտնապահութիւնը՝ յստակ տարանջատելով իր մասնագիտական դերը, եւ յարգել դիմորդի ինքնուրոյն լինելու սահմանակարգը:
Իրանում եւս գործում են այս չափանիշերին համապատասխան գնահատման ու հաւաստագրման մեխանիզմներ, իսկ ոլորտի զարգացման, որակի վերահսկման եւ մասնագէտների համակարգման ուղղութեամբ աշխատանքներ են իրականացւում համապատասխան մասնագիտական կառոյցների կողմից։
Քոչը պէտք է յստակ գիտակցի, թէ երբ է գործում որպէս քոչ, երբ՝ որպէս մենթոր կամ խորհրդատու, եւ այդ տարբերութիւնը բացայայտ ներկայացնի դիմորդին։ Հակառակ դէպքում վտանգւում են ե՛ւ մասնագիտական վստահութիւնը, ե՛ւ իրականացւած քոչինգային աշխատանքի արժանահաւատութիւնը։
Եզրակացութիւն
Շուկայական անորոշութեան, տնտեսական ճնշումների, մարդկային ռեսուրսների հետ կապւած խնդիրների, եւ պատերազմական իրավիճակների պայմաններում քոչինգը կարող է նշանակալի դեր ունենալ բիզնեսի ղեկավարների եւ թիմային կարողութիւնների բարձրացման գործում։ Երբ մարդիկ յայտնւում են տեւական լարւածութեան մէջ, յաճախ առաջնայինը ոչ թէ պատրաստի խորհուրդն է, այլ մասնագիտական վերլուծումներն ու նպատակային լսումներն են։ Սակայն այդպէս կարելի է ազդեցութիւն գործել այն դէպքում, երբ ծառայութիւնը մատուցւում է միջազգայինօրէն հաստատւած եւ ընդունւած չափանիշերին համապատասխան մասնագիտական լուծումներով:



