Հասարակական

Ալֆրէդ Եաղուբզադէ.  Ինչպէս փրկել լուսանկարները՝ ժապաւէնը ջուրն ընկնելուց յետոյ!

ՀԱՏԻՍ

 

Պատերազմի ընթացքում իրանահայութեան նւիրած նահատակների, ինպչպէս նաեւ թիկունքում լոգեստիկական աշխատանքներին մասնակցած հայ արհեստաւորների պատմութիւնն այնքան լուսաւոր է, որ կարող է լուսանցքում թողնել  համայնքից միւս ակտիւութիւններն ու այլ ոլորտներում տեղի ունեցած հերոսութիւնները:

Պատերազմը լուսաբանելու հարցում անգնահատելի մեծ էր նաեւ իրանահայ մամուլի դերը, յատկապէս «ԱԼԻՔ» օրաթերթը որպէս՝ միակն իր ասպարէզում: Իսկ առաջնագիծը լուսաբանող լրագրողներից Ալֆրէդ Եաղուբզադէն այն անուններից էր, ում ներդրումը այնքան էր մեծ, որը նոյնիսկ 40 տարի անց, շարունակում է նոր էջ բացել 8-ամեայ պատերազմի պատմութեան առումով:

Ալֆրէդ Եաղուբզադէի վերջին գրքի՝ «Իրան-Իրաք պատերազմի լուսանկարների ալբոմ»-ի հրատարկումը պատեհ առիթ էր Ալֆրէդին անդրադառնալու եւ գրքի նախաբանում բերւած պատմութիւնները թերթիս այսօրւայ համարւով  ընթերցողին ներկայացնելու համար: 

Պատերազմի առաջին տարւայ յունւարն էր, ես լուսանկարում էի «Նասր» օպերացիան՝ իրաքեան ինքնաթիռների կողմից ռմբակոծւած տարածքի կարեւոր մարտերից մէկի ժամանակ։ Այս գործողութեան ընթացքում Իրանի այն ժամանակւայ նախագահ Աբուլ Հասան Բանի Սադրը եւ ցամաքային զօրքերի հրամանատար գեներալ Ֆալահիի հետ միասին ղեկավարում էին գրոհը հրամանատարական կենտրոնից, իսկ ես նրանց նկարում էի հէնց նոյն վայրում:

Երկու օր ճակատում լուսանկարներ անելուց յետոյ որոշեցի գնալ առաջնագծի միւս հատւածներն էլ տեսնելու, թէ ինչ կայ նկարելու:  

Նրանք առաջ էին շարժւում փորձելով նոր դիրքեր զբաղեցնել։ Այդ ժամանակ էլ մի փոքրիկ նաւակում տեղաւորւեցինք ու հէնց մի փոքր առաջ էինք շարժւել Քարխէի երկայնքով իրաքեան կողմն սկսեց հրետակոծել նաւի ուղղութեամբ: Դոկտ. Չամրանը եւս նաւակում էր: Ճակատագրի հեգնանքով նա նոյնպէս հետաքրքրւած էր լուսանկարչութեամբ, եւ մենք բազմաթիւ զրոյցներ ունեցանք լուսանկարչութեան մասին:

Նաւակը շրջւեց, ու մենք բոլորս ընկանք ջուրը: Իմ բոլոր ֆիլմերը գրպանումս էին, ու ես ստիպւած էի փրկել իմ տեսախցիկները, իհարկէ կեանքիս հետ միասին:  

Չնայած Չամրանը ոտքից վիաւոր էր, կարողացաւ գլխավերեւում պահել իր կլաշնիկովը եւ լողալով հասնել գետի ափ: Մենք բոլորս ոտքից գլուխ թրջւել էինք: Տղաներից մէկը կրակ վառեց, որպէսզի չորացնենք մեր շորերը: Նրանք ինձ հարցրին, թէ ինչ եմ անելու թրջւած  ֆիլմերի հետ: Ինձ հետ միշտ ունէի ածելի, շամպուն եւ պոլիէթիլենային տոպրակ։ Մտքովս ընկաւ, որ իմ ֆիլմերը փրկելու լաւագոյն միջոցը փաթաթւած ֆիլմերն իրար կպչելու առաջն առնելն է: Իսկ լաւագոյն միջոցը դրանք խոնաւ պահելն էր:

Պոպրակը լցրեցի ջրով ու ֆիլմերը գցեցի տոպրակի մէջ: Թաց էր մնալու,  քանի որ երբ թաղանթները  երեւակման խուցն ես տեղափոխում, եթէ իրար կպչած մնան, անհնար կը լինի փրկել լուսանկարները:  Չնայած մեր օրերին, եթէ նման բան պատահի երիտասարդ սերնդի լուսանկարիչների հետ, նրանք հաւանաբար չեն կողմնորոշւելու ինչ անել:

Թեհրան վերադառնալիս, երբ ճանապարհին ինձ ուղղեկցող զինծառայողները հարցնում էին ջրով լի տոպրակի մասին, ես ցոյց էի տալիս տոպրակի պարունակութիւնն ու ասում՝ ձկներ են: 

Մութ խցիկում   ուրախանալու պատճառ կար արդէն: Նաեւ զարմացած էի, որ կարողացել եմ պահպանել պատկերների մեծ մասը: Դրանցից միայն 30%-ն էր վնասւել։ Դրանցում իմ ամենագրաւիչ լուսանկարներից մէկն էր փրկւել, Աբուլ Հասան Բանի Սադրի նկարը, ով խրամատում պատսպարւել էր  օդային յարձակման պահին։

Լուսանկարում՝ Ալֆրէդ Եաղուբզադէն մի քանի այլ կամաւորների կողքին, այն բանից յետոյ, երբ նաւակը  շրջւել եւ ջուրն էին ընկել: Խուզեստան-պատերազմի առաջին տարին, դեկտեմբեր: Լուսանկարը՝ Մուստաֆա Չամրանի

Առաջին պատմութիւնը

Աբադանի ազատամարտի օրերին ես լուսաբանում էի «Հասրէ Աբադան»-ի իրադարձութիւնները:  «Սաման Ալ-Աէմէ» գործողութիւնն էր: Ծանր մարտերից յետոյ վիրաւոր զինւորներին պէտք է ինքնաթիռով տեղափոխէին Թեհրան: Դա լաւ հնարաւորութիւն էր վիրաւորների հետ նոյն ինքնաթիռը նստելու եւ լուսանկարներն ուղարկել Փարիզ՝  Associated Press եւ Gamma գործակալութիւններ։

Ես համաձայնեցրել էի բոլոր ձեւականութիւնները Իրանի բանակի Շտաբի հրամանատարի հետ: Նա համաձայնել էր ինձ նոյն ինքնաթիռով տանել Թեհրան։ Երկու օր անց՝ հոկտեմբերի 7-ին, ես հասայ Ահւազի օդանաւակայան, երբ բոլոր վիրաւոր զինւորներին պատգարակներով էին տանում, ես սկսեցի լուսանկարել թռիչքուղու վրայ եղած եռուզեռը։ Գեներալ Վալիուլլահ Ֆալահն անցաւ կողքովս եւ ասաց. «Տես՝ տեղ չմնաս»։ Ասացի մի քիչ էլ նկարեմ՝ կը միանամ: Նա ձեռքը թափահարեց ու ասաց՝ լաւ, յետոյ կը հանդիպենք: Երբ վերջին վիրաւորին օգնեցին բարձրանալ ինքնաթիռ, ես պատրաստւեցի բարձրանալ, բայց մի զայրացած սպայ ոտքով հարւածեց ուսիս եւ ասաց. «Այս ինքնաթիռը վիրաւորների համար է»: Ես ցոյց տւեցի իմ գրաւոր թոյլտւութիւնն ու  ասացի. «Ես լուսանկարում էի եւ Աբադանի ճակատամարտից եմ վերադառնում։ Պէտք է վերադառնամ Թեհրան։ Նա փակեց ինքնաթիռի դուռը, եւ ինքնաթիռն առանց ինձ օդ բարձրացաւ։

Յուսահատ վերադարձայ հիւրանոց ու այդ սպայի լաւ ու վատը միասին բարձրաձայն յիշեցնում էի ճանապարհին: 

Երբ պատմութիւնը պատմեցի հիւրանոցի մենեջերին, նա խփեց ուսիս ու ասաց. «Ալֆրէդ, ինքնաթիռը, որում փորձում էիր նստել, վթարի է ենթարկւել ու ընկել է, եւ միայն երկու մարդ է ողջ մնացել»:

Առաջին պահին չհաւատացի նրա ասածին, բայց լուրը հաստատւեց։ Թեհրանի Քահրիզաք շրջանում C-130 ինքնաթիռի կործանման հետեւանքով զոհւել էին Թիմսար Վալիուլլա Ֆալահին, Ջաւադ Ֆաքուրին, Սէյէդ Մուսա Նամջուն, Իւսոֆ Քոլահդուզը եւ Ջահանարան։

Յաջորդ առաւօտ ես փորձեցի  մէկ այլ ռազմական ինքնաթիռով Թեհրան գնալ,  որը տեղափոխում էր վիրաւոր ռազմիկների մէկ այլ խումբ: Ես նկարում էի, երբ սպան նորից ոտքով հարւածեց ինձ։ «Ինչու ես նկարում, գնա՛ ու նստիր  տեղդ»:

Նորից ցոյց տւեցի ՊՆ-ից իմ նամակն ու ասացի, որ այս ինքնաթիռում գաղտնիք չկայ։ Թոյլ տւէք անել իմ գործը:

Երբ վայրէջք կատարեցինք, հէնց ոտք դրեցի թռիչքուղու վրայ, մի մեքենայ եկաւ ու ինձ քաշեցին մեքենայի մէջ։ Մենք տեղափոխւեցինք բանտ, իսկ ես պէտք է նրանց յանձնէի տեսախցիկներս։ Ես նորից ցոյց տւեցի իմ նամակը, բայց նրանք ասացին, որ պէտք է հետեւեն սովորական ընթացակարգին: Երբ ինձ հարցաքննում էին, ես հարցրի՝ որտե՞ղ ենք հիմա։ Մաշհադ, Շահի օրօք Սաւաքի նախկին բանտում։ «Մաշհա՞դ: Կարծում էի՝ Թեհրանում ենք»։

Գիշերը բակում քնեցի։ Յաջորդ առաւօտ տասներկու-տասնհինգ հոգու հետ նոյն խցում էինք փակւել: Երիտասարդներ էին:  Սկսեցինք զրուցել, ու ես նրանց հարցնում էի, թէ ինչու էք այստեղ՝ մէկ էլ դուռը բացւեց, ու երիտասարդներին դուրս հրաւիրեցին: Ինձ ասացին, որ կանգնեմ անկիւնում, յետոյ նորից տարան հարցաքննութեան։ Վերջապէս տեսախցիկներս յանձնեցին ու ասացին, որ ազատ եմ գնալու։ Ես նրանց ասացի, որ փող չունեմ Թեհրան վերադառնալու համար, աւտոբուս նստելու կամ նոյնիսկ ուտելիք գնելու ոչինչ չունեմ։

Նրանք ինձ մի քիչ գումար տւեցին, ու ես կարողացայ Թեհրան տանող աւտոբուս նստել:  Երբ վերջապէս հասայ Թեհրան, գնացի Մշակոյթի նախարարութիւն՝ պատմելու իմ պատմութիւնը: Նրանք ասացին, որ ամէն ինչ գիտեն։ Մաշհադի այդ կենտրոնին հէնց իրենք էին ասել, որ ես մաքուր եմ։ «Դուք պէտք է շնորհակալութիւն յայտնէք մեզ»,-ասացին ինձ:

Բանակի ցամաքային զօրքերի հրամանատար Թիմսար Վալիուլահ Ֆալահին եւ Աբուլ Հասան Բանի Սադրը, որը ուժերի հրամանատարն էր հարաւային ճակատում «Նասր» գործողութեան հրամանատարական կենտրոնում՝ Հովէյզէ, 1359 թւական, դեկտեմբեր:

Իմ առօրեան պատերազմի առաջնագծում

Երբ որոշեցի գնալ առաջնագիծ, ​​չէի պատկերացնում, թէ ինչ տեսք կարող է ունենալ ճակատը, կամ ինչպէս է պէտք  այնտեղ հասնել։ Բայց ինձ համար կենսական նշանակութիւն ունէր իմ երկրի ամենակարեւոր պատմական իրադարձութիւնները փաստագրելը: Գիտէի, որ միջազգայինօրէն լուսաբանւում է այն, բայց իրականում մենք ունէինք միայն պատերազմի մասին պատմող հատ ու կենտ լուսանկարներ:

 Այդ իսկ պատճառով ես պատրաստեցի տեսախցիկի պայուսակս ու հաւաքեցի որքան կարող էի շատ ֆիլմեր ու նստեցի Խորամշահր մեկնող առաջին իսկ աւտոբուսը: Երբ տեղ հասայ հակառակ պատկերացումներին, տեսայ, որ քաղաքի մթնոլորտը բորբոքւած է, խառնաշփոթ ու ծանր անհանգստութիւն կայ։ Ամբոխը հաւաքում էր այն ամէնը, ինչ կարող էր օգտագործել պաշտպանւելու համար՝ կացիններից ու դանակներից մինչեւ զէնքի տեղն զբաղեցնող իրեր: Խրամատ էին փորում, իսկ նաւատորմի ռէյնջերներն օգնում էին նրանց։ Բոլորը ծայրաստիճան զայրացած էին ու ինձ համար պայմանները բարենպաստ չէին մնալու: Վերադարձայ Թեհրան։ Թեհրանում գնացի Մշակոյթի նախարարութեան գրասենեակ ու հետաքրքրւեցի, թէ լրագրողների համար ճանապարհ կայ՞ առաջնագիծ գնալու: Ինձ ասացին, որ արտասահմանեան եւ իրանցի լրագրողների համար արշաւ են կազմակերպում, եւ ես կարող եմ միանալ նրանց: Վերջապէս հասայ Խորամշահր։

Լրագրողները պատկերացում չունէին, թէ ինչ է կատարւում եւ ինչպէս պէտք է դրսեւորել պահւածքը նման պայմաններում: Կռւող կամաւորները նոյնպէս նեարդային էին ու անփորձ: Դա աւարտւեց տխուր եւ որոշ չափով զաւեշտալի իրավիճակով, երբ կիսաշրջազգեստով ու բարձրակրունկ կօշիկներով իրանցի լրագրողը վիրաւորում ստացաւ  ոտքից։

Թեհրան վերադառնալուն պէս գնացի «Միզան» թերթի գրասենեակ ու առաջարկեցի աշխատել նրանց մօտ՝ թղթակցի անվճար քարտի դիմաց:

Անցան օրեր ու իմ առօրեան նոյնն էր, ինչ ռազմիկների կեանքը: Ուտում էի նրանց հետ, կիսում էինք մեր վախերը, եւ երբ երիտասարդներ էինք կորցնում նոյն ցաւն էինք ապրում:  Ինքս ինձ սովորական ռեժիմ էի սահմանել՝ սափրելու մորուքս ամէն օր, լողանալով գետում եւ լւանալով վերնաշապիկս, երբ միւսն արդէն չորացած էր լինում։

Մի քանի օր, երբ առաջնագծում վիճակը ծանր էր լինում, իսկ պայթիւնները մօտ, իսկապէս սարսափելի էր ինձ համար։ Ինքս ինձ հարցնում էի. «Ի՞նչ եմ ես այստեղ անում»: Պէտք է յետ գնամ ու դասս շարունակեմ, յետոյ արդարացում կը գտնէի ու  կը շարունակէի։

Մի օր էլ խնդրեցի «Բասիջի»-ի մարտիկներից ցոյց տալ, թէ ինչպէս պէտք է օգտագործեմ «Կլաշնիկով»-ը, ես չգիտէի, թէ ինչպէս պէտք է լիցքաւորել աւտոմատը: Որպէս զինւոր հրաձգութեան պարապմունքի ժամանակ ես քսան գնդակից տասնինը խփել էի գետնին ու թիկունքի բլուրներին,  միայն մէկ գնդակ էր նստել թիրախ համարւող թղթին:  Մեր պատասխանատու սպան ինձ ասաց, որ եթէ նախկին ժամանակները լինէին, քեզ վրայ կրակելու էի: «Ինչպէ՞ս է հնարաւոր, որ տասնինը գնդակ արձակես այն հողի վրայ, որը պէտք է պաշտպանես»։

Այդ օրերն ինձ համար լի էին խորը փորձառութիւններով, մեծանալու ու կազմաւորւելու փորձով։ Ես սովորեցի, թէ ինչպէս յարմարւել մի միջավայրի, որը շատ էր տարբերւում  ինձ հարազատից: Դպրոցում ունէի կրօնական ընկերներ։ Բայց երբ ես ապրում էի բասիջիների հետ ու ուղիղ կապ գտայ իմ տարիքի այդ երիտասարդների հետ, տեսայ, որ նրանք շատ աւելի կրօնական էին: Իսկ որոշներն էլ, երբ հասկացան, որ ես իրենց նման աղօթել չգիտեմ, զարմանում էին: Նրանցից ոմանք նոյնիսկ չգիտէին, որ Իրանում կան մի քանի տարբեր կրօնական փոքրամասնութիւններ։

Անցան ժամանակներ ու ես աստիճանաբար սովորեցի ճանաչել ականանէտների ձայնը, սովորեցի այնպէս քայլել, որ հնարաւոր լինի հեռու մնալ ականներից: Բայց յատկապէս գտայ անկրկնելի ընկերներ։

Ես ռազմիկ չէի: Մարտից հեռու էի, միեւնոյն ժամանակ զգում էի, որ ծառայում եմ իմ երկրին՝ փաստագրելով այդ սարսափելի, դաժան պատերազմը։

Երբեմն վերադառնում էի Թեհրան ու մի քանի օր մնում՝ լուսանկարները երեւակելու կամ լրատւամիջոցներին ուղարկելու համար:

Ընկերներս հարցնում էին, թէ ինչ եմ անում առաջնագծում։ Ես նրանց ասում է, որ դուք պէտք է լինէք այնտեղ ու տեսնէք, թէ իրականում ինչ է պատերազմը։ Թեհրանում իմ ունեցած բազմաթիւ ընկերներ «նահատակ» դարձան։

Ես կորցրեցի շատ ընկերներ: Նրանց, ում տեսայ ճակատներում, կամ նոյնիսկ դպրոցական շրջանի ընկերներիս:

Related Articles

Back to top button