Հ. Մ. «Արարատ» կազմակերպութիւնը, 80 տարի է ինչ իրանահայ համայնքում ծաւալում է ազգային, հասարակական ու մշակութային բազմաոլորտ աշխատանքներ:
Այս տարի Հ.Մ.Ա.Կ.-ի 80-ամեակը նշող յանձնախմբի նախաձեռնութեամբ մի նոր մտայղացմամբ կազմակերպւել էր «Հ.Մ.Ա.Կ.-ի հիմնադրման 80-ամեակին նւիրւած երգի մրցոյթ», 16-ից վեր բոլոր ցանկացողների համար, երգի տարբեր ժանրերում, որի ընթացքում ոչ միայն Թեհրանի այլ նաեւ իրանահայ համայնքի այլ հայահոծ քաղաքների մեր հայրենակիցների համար բացառիկ առիթ էր ընձեռնւել երգեցողութեան ոլորտում ներկայացնլու իրենց կարողականութիւնները եւ ինչու չէ կարճ ժամանակահատւածում հնարաւորինս երաժշտական ուսուցումներ ստանալ կազմակերպութեան վաստակաւոր երաժիշտներից:
Առիթը պատեհ համարելով «ԱԼԻՔ»-ի յարկի տակ հարցազրոյց ենք ունեցել երգի մրցոյթ նախաձեռնութեան հեղինակների եւ նախագիծը իրագործողների, կազմակերպութեան «Արարատ» երգչախմբի խմբավար դիրիժոր Արփի Սիմրոջեանի, երաժիշտ Մեղեդի Նազարեանի եւ երիտասարդ Արեգ Մարգարեանի հետ:
Զրոյցի ընթացքում Մեղեդի Նազարեանը, որպէս նախագծի հեղինակ, անդրադառնալով երգի մրցոյթին նշել է. «Ելնելով այն հանգամանքից,որ վերջին տարիներին, յետ համաճարակի եւ յետ Արցախեան պատերազմի ու հետագայ տիրող իրավիճակների, որոնք հոգեպէս մեծ հարւածներ հասցրին մեր ժողովրդին, որոնցից անմասը չմնաց նաեւ մեր համայնքը եւ տիրում էր ինչ որ անտարբերութիւն եւ ոչ աշխուժ վիճակ, մտածեցի մի քայլ նախաձեռնել իմ մասնագիտական ոլորտում, համայնքում աշխուժութիւն ստեղծելու նպատակով: Քանի որ այս տարի լրանում է Հ.Մ.Ա.Կ.-ի հիմնադրման ու գործունէութեան 80-ամեակը, առիթը պատեհ համարելով 80-ամեակը նշող կազմակերպիչ յանձնախմբին առաջարկ ներկայացրեցի կազմակերպել երգի մրցութիւն, որը ընդառաջւեց յանձնախմբի կողմից եւ այսպիսով կեանքի կոչւեց յանձնախումբ եւ ձեռնամուխ եղանք աշխատանքների: Մրցոյթի յանձնախմբի անդամները, իրաւարարները եւ ուսուցողներն են՝ Երեւանի Կոմիտասի անւան Պետական կոնսերւատորիայի երեք տարբեր բաժիների շրջանաւարտներ՝ խմբավարական բաժնի շրջանաւարտ Արփի Սիմրոջեանը, Ջազային բաժնի շրջանաւարտ Արմէն Ասատրեանը, Դասական վոկալ բաժնի շրջանաւարտ ես՝ Մեղեդի Նազարեան, եւ մեզ հետ համագործակցում էին երգչուհի Անի Արզումանեանը եւ Վահիկ Լի Մարգարեանը»:
Նա այսպէս շարունակեց. «Ամենասկզբում նշեմ, քանի որ վերջին տարիներին համայնքում նւազել է մեր մեներգիչների թւային պատկերը, այս քայլը նաեւ յարմար առիթ է ճանաչելու մեր համայնքի անյայտ դէմքերին եւ նրանց հետ մասնագիտական ուսուցումներ անցկացնելով ներգրաւել մեր միութիւնների երգչախմբերում:
Իսկ անդրադառնալով երգի մրցոյթի նախագծին ասեմ, որ սոյն նախագիծը բաղկացած էր երեք փուլերից, առաջին փուլում մրցոյթին յայտ ներկայացրած 25 մասնակիցները հեռակայ կարգով իրենց կատարումները նկարահանելով ուղարկեցին յանձնախմբին, որը քննարկւեց իրաւարար կազմի միջոցով: Երկրորդ փուլում իրաւարար կազմի ներկայութեամբ, մասնակիցները անմիջական մասնակցութեամբ ներկայացրեցին իրենց երգերը: Ի դէպ նշեմ, որ այս նախագծին մասնակցել էին Նոր Ջուղայից եւ Թաւրիզից, եւ Ջուղայի մեր մասնակիցներից մէկը անցել էր երրորդ փուլ, սակայն հնարաւորութիւն չունեցաւ ներկայ գտնւելու երրորդ փուլի, այսինքն Գալա համերգի առիթով կազմակերպւած դասարաններին: Յիշատակելի է որ իւրաքանչիւր մասնակցի հետ երեք պահ անհատական ուսուցողական փորձեր ենք ունեցել իսկ յետոյ խմբային փորձեր, եւ նրանց պատրաստել բեմ բարձրանալու համար:
Նշեմ, որ մրցոյթի առաջին փուլին մասնակցել էին 25 հոգի, իսկ երկրորդ փուլ անցան 11 հոգի: Երրորդ փուլի համար նկատի է առնւել Գալա համերգ, որի հարցով սկսած յուլիս ամսի վերջից եւ օգոստոս ամիսը կազմակերպել ենք երգեցողութեան դասարաններ, դասաւանդութեամբ Արփի Սիմրոջեանի, իմ եւ երիտասարդ Արեգ Մարգարեանի, ով այդ ընթացքում չի խնայել իր կարելին: Երրորդ փուլ անցած մեր 10 մասնակիցների համար ունեցել ենք անհատական դասարաններ, եւ նրանց հետ պարապել ենք երգեցողութեան հիմնական օրէնքները եւ ընտրել երգեր, իւրաքանչիւր մասնակից երրորդ փուլում հանդիսատեսին է ներկայացնելու անհատական երկու երգեր»:
Մեղեդի Նազարեանը այսպէս շարունակեց. «Յանձնախումբը տարբեր ձեւեր քննարկեց աւարտական փուլի՝Գալա համերգի համար եւ ի վերջոյ եզրակացրեցինք որ այդ փուլը մրցոյթային տեսք չունենայ, քանի որ մասնակիցները հանդէս են գալու տարբեր ոճերի երգերով՝ ջազ, փափ, ժողովրդական եւ այլն, ուստի հնարաւոր չէ նրանց գնահատական տալ առաջին, երկրորդ կամ երրորդ ընկալեալ ձեւով, ուստի մտածեցինք մրցոյթը դարձնել Գալա համերգ, որը տեղի է ունենալու սեպտեմբերի 8-ին «Արարատ» մարզաւանի «Այգեստան»-ի տարածքում, սիրով հրաւիրում ենք մեր հայրենակիցներին ներկայ լինել այդ միջոցառմանը: Նաեւ ունենալու ենք խմբական երգու երգեր, որին մասնակցելու են նաեւ վերջին փուլ չանցած մասնակիցները, որոնցից միայն չորսն են մասնակցութեան ցանկութիւն ներկայացրել , յուսանք Գալա համերգը անցնի յաջողութեամբ եւ մենք ծառայած լինենք մեր նպատակին, որը երաժշտական ուսուցումներ փոխանցելն էր նոյնիսկ սեղմ ժամանակահատւածում: Ի դէպ նշեմ որ այս բոլոր աշխատանքները կատարւել են սիրայօժար եւ կազմակերպութեան անվերապահ համագործակցութեամբ: Յուսանք հնարաւոր լինի աւելի երկար ժամանակահատւածում աւելի համապարփակ տեղեկութիւններ փոխանցել ցանկացողներին»:
Զրոյցը շարունակեցինք խմբավար դիրիժոր Արփի Սիմրոջեանի հետ, ով տարիներ է ինչ չի խնայել իր ջանքը երգի ու երաժշտութեան ոլորտում մասնագիտական ուսուցումներ փոխանցելու առումով: Նախագծի հետ կապւած Արփի Սիմրոջեանը նշեց. «Այս ծրագրի սկզբում նախ սկսեցինք ծանօթանալ մասնակիցների հոգեբանութեան հետ, քանի որ մեծամասնութիւնը ընտրում էր մելամաղձոտ երգեր: Իհարկէ երգերի ընտրութիւնը կատարում էին հէնց իրենք մասնակիցները, եւ քանի որ ժամանակը սահմանափակ էր, մենք միայն նրանց երգերի վրայ կենտրոնանալով դրանց ճիշտ երգեցողութիւնն էինք ուսուցանում նրանց, իհարկէ մենք նաեւ առաջարկում էինք իրենց ձայնին յարմար երգեր, սակայն վերջիվերջոյ հէնց մասնակիցն էր ընտրում էր իր երգը: Ցաւով պէտք է նշեմ, որ նկատելի է երաժշտական գիտելիքների խիստ պակասը եւ շատերի մօտ արւեստի հետ հոգեկան կապի բացը խիստ զգալի է, նաեւ ցաւալի է, որ ոմանց թւում է թէ իրենք տիրապետում են այդ ոլորտին, որը կանխում է ճիշտ ուսուցանման ընթացքը: Այս առումով գոնէ ես փորձել եմ մասամբ խստապահանջ լինելով մասնակիցների մօտ այն տպաւորութիւնը ստեղծել, որ իրենք եւս լուրջ մօտեցում ցուցաբերեն արւեստի նկատմամբ: Նաեւ նրանց ուսուցանել ենք բեմային կեցւածք եւ այն հանգամանքը որ միայն բառեր արտաբերելը չի նշանակում երգել, երգը պէտք է հասկանալ, իմաստը ըմբռնել ու զգալ հոգով, որպէսզի հնարաւոր լինի ճիշտ երգել: Երգը այն ժամանակ է երգ, երբ երաժշտութիւնն է իշխում բառերի վրայ, այլ ոչ թէ բառերը երաժշտութեան վրայ, քանզի այդ դէպքում դա համարւում խօսել եւ ոչ թէ երգել: Շատ ենք աշխատել մեր մասնակիցներին փոխանցել երաժշտական նախադասութիւնը եւ իրապէս երրորդ փուլ անցած մասնակցի մօտ արդէն մասամբ նկատելի է դրական փոփոխութիւնը ,որովհետեւ մասամբ երաժշտական դաստիարակութիւն էր փոխանցւել մասնակիցներին, քանի որ այդ կարճ ժամանակահատւածում աւելին հնարաւոր չէր»:
Արփի Սիմրոջեանը ընդգծեց, որ ինչպէս Մեղեդի Նազարեանն է նշել, մեր հիմնական նպատակը մասնակիցներին քաջալերելն էր արւեստի այս ոլորտով զբաղւել եւ գիտելիքներ ձեռք բերել, ուստի որոշեցինք երրորդ փուլում որը համարւում է Գալա համերգ, հրաւիրել բոլոր մասնակիցներին որպէսզի երկու երգերով երգչախմբին մաս կազմեն, քանի որ երգջախմբային կատարումների ժամանակ եւս երաժշտական գիտելիքներ է փոխանցւում, սակայն ցաւօք ոչ բոլորը այդ քայլը ընդառաջեցին, բայց կարեւորը արւեստի հետ մասնակիցների շփումն էր»: Այս մասին Արփի Սիմրոջեանը նշեց, որ խմբային կատարումների հարցով չորս պահ եւ ամէն անգամ մօտաւորապէս երկու ժամ պարապմունքներ են անցկացւել մասնակիցների հետ «Արարատ» մարզաւանում, եւ Մեղեդի Նազարեանը պարապել է ձայնավարժութիւն եւ երգեցողութեան ընդհանուր օրէնքներ: Իւրաքանչիւր պահ մեներգիչների հետ 15 րոպէ պարապում էինք ձայնավարժութիւն, յետոյ այլ կանոնները:
Անհրաժեշտ եմ համարում գնահատանքս յայտնել Հ.Մ.Ա.Կ.-ին որ իր 80-ամեակին նւիրւած նման դաստիարակչական միջոցառումներով չի խնայել ոչինչ եւ պատճառ հանդիսացել համայնքում անյայտ եւ ատակ ուժեր ի յայտ գան եւ ստանան այնպիսի գիտելիքներ, որ միգուցէ դրանց ձեռքբերումը այլ պայմաններում իրապէս շատ դժւար է, քանզի ոչ բոլորն են հնարաւորութիւն ունենում նման ձեւով բեմ բարձրանալ եւ գիտելիքներ ստանալ: Յատկանշական է նաեւ , որ այս կարճաժամկէտ դասընթացներում փորձել ենք ուսուցանել նաեւ ճիշտ սովորելու մեթոդը, եւ յուսանք մեր այս քայլը ապագայում իր արգասիքներն է տալու համայնքին»:
Զրոյցը շարունակեցինք Արեգ Մարգարեանի հետ: Սկզբում նա իր գոհունակութիւնը յայտնեց որ Արփի Սիմրոջեանի, Մեղեդի Նազարեանի եւ Արմէն Ասատրեանի հետ , առիթ է ունեցել համագործակցել նախագծի առումով եւ նշեց, որ Գալա համերգին երեք մասնակիցների հետ ինքը նւագակցելու է որպէս դաշնակահար: Նա աւելացրեց. «Մրցոյթի տարբեր փուլերում չի խնայել իր կարելին եւ նւագակցել է մասնակիցների հետ, նաեւ օժանդակել է մասնակիցներին ընտրելու իրենց երգերը»: Նա այսպէս շարունակեց. «Սկզբում մասնակիցներից շատերը միայն մտածում էին թէ ինչ տեղ են գրաւելու, սակայն չէին մտածում որ նման նախագծի մասնակցելով ինչ գիտելիքներ են ստանալու: Ըստ իս մասնակիցները իրապէս բեմային շատ կարեւոր փորձառութիւններ եւ ուսուցումներ ստացան, անկախ այն հանգամանքից որ որեւէ տեղ զբաղեցնելու են թէ ոչ, եթէ այս հնարաւորութիւնը չլինէր, միգուցէ նրանցից շատերը առիթ չունենային բեմ բարձրանալու, հէնց այնպէս որ ժամանակին իմ պարագային է տեղի ունեցել: Իմ համոզմամբ այս նախագիծը ծառայել է իր նպատակին, որը արւեստի հետ մասնակիցներին առնչակից դարձնելը եւ երգի ու երգեցողութեան ճիշտ ընկալման փոխանցումն է»:
Նա որպէս երիտասարդ իր համատարիքներին դիմելով նշեց. «Հեշտ չէ մասնագիտանալ մի ոլորտում եւ դժբախտաբար այսօր երիտասարդները յաճախ բջջային հեռախօսներով միայն մի շարք թեմաներ են դիտում եւ մտածում, որ ինչ որ տեղեկութիւններ ստանալով արդէն իրենք եւս իրազեկ են ամէն ինչի, բայց իրական կեանքը դա չէ: Այս երգի փառատօնին մասնակիցները երբ մօտիկից շփւեցին մասնագէտների հետ եւ մասնակցեցին դասընթացների ,ըստ իս իրազեկ դարձան այս իրողութեանը: Ուրեմն անհրաժեշտ է աշխատանք տանել եւ անընդհատ սովորել եւ ժամ յատկացնել, իհարկէ օրւայ ընթացքում մի քանի ժամ կտրւելով բջջայինից»:
Նշենք որ Գալա համերգը կայանալու է «Արարատ» մարզաւանի «Այգեստան»-ում կիրակի՝ սեպտեմբերի 8-ին երեկոյեան ժամը 19:30-ին:
Հարցազրոյցը՝ ԿԱՐԻՆԷ ԴԱՒԹԵԱՆԻ