Արդէն կէս դար ու հինգ տարի է ինչ Հ. Մ. «Արարատ» կազմակերպութեան նախաձեռնութեամբ Թեհրանում կայանում է Համահայկական մարզական խաղերը, որը լաւագոյն առիթն է համախմբելու իրանահայ մարզական կեանքով զբաղւող մարզիկ-մարզկուհիներին:
Մարզական միջոցառում, որը նախաձեռնում է Հ.Մ.Ա.Կ.-ի Մարզական միութիւնը:
Ահաւասիկ այս տարի Հ.Մ.Ա.Կ.-ը թեւակոխում է իր հիմնադրման ու գործունէութեան 80-ամեակը, որը լի է եղել բազմաթիւ վերավայրումներով, իսկ մարզական կեանքում կազմակերպութիւնը իր ուրոյն խօսքն ունի ասելու իրանահայ համայնքում: Այս տարւայ Համահայկական խաղերը, որը նւիրւել է կազմակերպութեան հիմնադրման ու գործունէութեան 80-ամեակին մեկնարկեց երեքշաբթի՝ սեպտեմբերի 10-ին երեկոյեան «Արարատ» մարզաւանում:
Բացման հանդիսութիւնը մեկնարկեց Տէրունական աղօթքով, որը կատարեց կազմակերպութեան «Արարատ», Հայ Համալսարանական Ընդհանուր միութեան «Տաւիղ» եւ Թեհրանի հայոց թեմի Կրթական խորհրդի «Նոր ձայներ» միասնական երգչախումբը, ղեկավարութեամբ դիրիժոր Արփի Սիմրոջեանի (Նազարեան): Ապա կազմակերպութեան Սկաուտական միութեան դրօշակագարդը, թմբկահարների նւագակցութեամբ մարզադաշտ տեղափոխեց Իրանի Իսլամական Հանարպետութեան, Հ.Մ.Ա.Կ.-ի եւ Համահայկական խաղերը բնորոշ դրօշները: Այնուհետ երգչախումբը հնչեցրեց Իրանի պետական եւ Հ.Մ.Ա.Կ.-ի հիմները եւ ծածանւեցին դրօշները:
Բացման հանդիսութեան հաղորդավարներ Անահիտ Նազարեանը եւ Հայրիկ Աղանեանը յայտարարելով խաղերի մեկնարկը նշեցին, որ այս շրջանի խաղերին մասնակցել են շուրջ 350 մարզիկ-մարզկուհիներ ոչ միայն Թեհրանի հայկական միութիւններից, այլ նաեւ Նոր Ջուղայի Հ. Մ. Մ. «Արարատ» միութիւնից եւ «Արմին» խմբից, իսկ մասնաճիւղերից մասնակցել էին Թաւրիզից եւ Ուրմիայից խմբեր: Ծրագիրը շարունակւեց կազմակերպութեան 80-ամեայ անցած ուղին պատկերող տեսաֆիլի ցուցադրութեամբ, որը ի յարգանս հանդիսութեանը ներկայ պետական հիւրերի ներկայացւեց պարսկերէն լեզւով: Ֆիլմը պատրասրել էր Կարէն Մնացականեանը:
Իւրաքանչիւր մարզական խաղերի հիմնական տեղում են կանգնած մարզիկները, որոնք հերթաբար մուտք էին գործում մարզադաշտ ներկաների ծափողջոյնների ներքոյ:
Միջոցառման սպասւած պահերից է ջահի բոցավառւելը: Սկզբում ցուցադրւեց տեսաֆիլմ, որը ներկայացնում էր օրեր առաջ «Արարատ» մարզաւանի Ս. Խաչ մատուռում ջահի օրհնութեան արարողութիւնը, որից յետոյ ջահը պահ էր դրւել մատուռում, իսկ բացման հանդիսութեանը գեղեցիկ մտայղացմամբ կազմակերպութեան տարբեր շրջանների Կենտրոնական վարչութիւնների նախագահներ՝ Վարուժան Առաքելեանը, Հենրիկ Խալոյեանը, Հարմիկ Զովէլեանը, Գէորգ Վարդանը, Համլետ Խալոյեանը եւ ներկայ շրջանի կազմակերպութեան Կենտրոնական վարչութեան նախագահ Սոֆի Ջաղարբէգեանը ընկերակցութեամբ կազմակերպութեան կրտսեր բասկետբոլիսների, ջահը մարզադաշտ բերեցին եւ նախագահները ջահը մէկը միւսին փոխանցելուց յետոյ այն յանձնեցին երէցագոյն նախագահ Վարուժան Առաքելեանին, ում ձեռքով էլ բոցավառւեց 55-րդ շրջանի Համահայկական խաղերի ջահը: Ջահի բոցավառումը զուգորդւեց հրավառութեամբ, որը մեծ թւով հանդիսատեսների ջերմ ողջոյններին արժանացաւ եւ միաժամանակ կատարւեց քառաբինով վայրէջք Սկաուտական միութեան անդամ Ռենէ Ալավերդեանի միջոցով: Ընկալեան սովորութեան համաձայն ջահի բոցավառումից յետոյ կատարւում է իրաւարարների եւ մարզիկների երդումը: Իրաւարարների երդումը կատարեց լող մարզաձեւի իրաւարար Մելանի Աղանեանսը, իսկ մարզիկների երդումը՝ թենիսիստ Արգին Թարինեանը: Ապա ցուցադրւեց կազմակերպութեան բասկետբոլի եւ Ֆուտբոլի մասին տեսահոլովակ, որից յետոյ մարզական ցոյցեր կատարեցին կազմակերպութեան ֆուտբոլի եւ բասկետբոլի ակադեմիաների սաները:
Օրւայ առիթով ներկաներին ողջոյնի խօսք փոխանցեց կազմակերպութեան Կենտրոնական վարչութեան նախագահ Սոֆի Ջաղարբէգեանը: Ի յարգանս պետական հիւրերի պարսկերէն լեզւով ներկայացրած իր ելոյթի ընթացքում նա համապարփակ գծերով անդրադարձաւ կազամակերպութեան հիմնադրման անցեալին, տարբեր մասնաճիւղերին եւ ընդգծեց, որ կազմակերպութեան նպատակն է եղել բազմաոլորտ բնագաւառներում դաստիարակել հայ նոր սերնդին, որոնք պատիւ բերեն թէ՛ համայնքին, եւ թէ՛ իրենց ուրոյն տեղը գրաւեն Իրանի մարզական ու արւեստի ոլորտում: Նա ընդգծեց, որ հակառակ բազում դժւարութիւնների, որոնք 80 տարիների ընթացքում թեւակոխել է կազմակերպութիւնը, սակայն մարզական կեանքում կազմակերպութեան յարկի տակ աշխատող մարզիկներ ու իրաւարարներ ներգրաււել են Իրանի ազգային հաւաքականներում եւ ինչու չէ հանդէս եկել միջազգային բեմերում: Նա իր գնահատանքի խօսքը ուղղեց Իրանի սպորտի նախարարութեանը, քաղխորհրդին, քաղաքապետարանին, օլիմպիականի ազգային կոմիտէին, տարբեր ֆեդերացիաներին, Իսլամական խորհրդարանում իրանահայ իրարայաջորդ պատգամաւորներին, ազգային մարմիններին, կառոյցներին ու բարերարներին եւ ժողովրդին որոնք չեն խնայել իրենց կարելին:
Թեհրանի հայոց թեմի առաջնորդ Տ. Սեպուհ արք. Սարգսեանի պատգամը, որ վատառողջ լինելու բերումով ներկայ չէր բացման հանդիսութեանը, հայերէնով ու պարսկերէնով ընթերցեց Տ. Գրիգորիս քհնյ. Ներսիսեանը: Խօսքի մէջ նշւել էր. «Խոստացեալ բարձրունքներին հասնելու միջոցներից առողջ համայնքի գոյատեւումն է, համայնք որ առողջապահական կանոնները, առողջ սնունդը եւ մարմնամարզումը կարեւորելով իր մարմինը դարձնում է առողջ մտքի ու հոգու տաճարը: Նոյն այդ նպատակով է, որ սիրելի Իրանում կազմակերպւում են մարզական միջոցառումներ, այդ միջոցառումներից է Հ.Մ.Ա.Կ.-ի կողմից կազմակերպւած Համահայկական խաղերը, որը հաստատւած է միասնութեան, եղբայրասիրութեան հողի վրայ»:
Միջոցառմանը հայերէնով ու պարսկերէնով իր խօսքը փոխանցեց Իրանի Իսլամական խորհրդարանում Թեհրանի եւ հիւսիսային իրանահայութեան պատգամաւոր Արա Շահվերդեանը: Իր ելոյթի ընթացքում պատգամաւորը նախ գնահատելով ժողովրդի ներկայութիւնը նշեց. «Նման միջոցառումներում Ձեր խուռներամ մասնակցութիւնը գնահատելի է, քանզի դա այն խթանիչ ուժն է, որը քաջալերում է պատասխանատուներին շարունակելու իրենց աշխատանքը համայնքում կենսունակութիւն եւ աշխուժութիւն ստեղծելու համար»: Պատգամաւորը իր ելոյթի ընթացքում գնահատանքով անդրադարձաւ Իրանի սպրոտի եւ երիտասարդութեան հարցերով նախարար դոկտ. Ահմադ Դոնիամալիի ներկայութեանը ընդգծելով, որ նա լաւապէս ծանօթ է իրանահայ համայնքին եւ աւելացրեց. «Ձեր ներկայութիւնը մարզական այս միջոցառմանը վկայում է այն ուշադրութեան մասին, որ դուք տածում էք մարզական կեանքի նկատմամբ, որը գնահատանքի է արժանի իրանահայ համայնքի համար: Ես որպէս Իրանի եւ իմասնաւորի Թեհրանի եւ հիւսիսային իրանահայութեան պատգամաւոր դիմում եմ Ձեզ եւ այլ պատասխանատուներին, որպէսզի համայնքի մարզական-մշակութային կեանքի նկատմամբ ցուցաբերէք ձեր նիւթական ու բարոյական աջակցութիւնը, որով հնարաւոր է առաւել զարգ տալ այս ոլորտին»: Պատգամաւորը կարեւորութեամբ անդրադարձաւ որ անհրաժեշտ է պետական բիւջէի յատկացում Իրանի Համահայկական խաղերին, որը ոչ միայն նպաստելու է իրանահայ մարզական կեանքին, այլ նաեւ իր ուրոյն դերն է խաղաղալու Իրանի մարզական կեանքում:
Հանդիսութեանը ելոյթ ունեցաւ Իրանի սպորտի եւ երիտասարդութեան հարցերով նախարար դոկտ. Ահմադ Դոնիամալին: Նա կարեւորութեամբ անդրադարձաւ Իրանում իրանահայ համայնքի անմնացորդ ներդրումներին, ընդգծելով որ անձամբ ծանօթ է իրանահայ համայնքին: Նախարարը ընդգծեց, որ լինելով Անզալի քաղաքից, որի պատգամաւորն է եղել Իսլամական խորհրդարանում, մօտիկից ծանօթ է տեղում բնակւող հայութեանը, որոնք միշտ խաղաղ գոյակցութեամբ ապրել են իրենց իրանցի հայրենակիցների կողքին: Իր ելոյթի ընթացքում նախարարը նշեց, ինչպէս Հանրապետութեան նախագահն է յայտարարել մենք իւրայատուկ ուշադրութիւն ենք դարձնելու կրօնական ու էթնիկ հայրենակիցներին:
Նախարարը իր ելոյթի ընթացքում անդրադարձաւ «Արարատ» մարզաւանում լողաւազանի եւ ֆուտբոլի գետնի խնդիրներին եւ խոստացաւ աջակցել այդ երկու տարածքների վերանորոգման հարցով: Նախարարը ընդգծեց, որ Իրանի ֆուտբոլի ազգային հաւաքականին անդամակցած Էդմոդ Բզիկը, Անդրանիկ Թէյմուրեանը, Մարգար Աղաջանեանը եւ Մայիս Մինասեանը իրենց ներդրումն են ունեցել Իրանի ֆուտբոլի կեանքում: Նա նաեւ գնահատանքով անդրադարձաւ Իրան-Իրաք պարտադրեալ պատերազմի տարիներին իրանահայ համայնքի անմնացորդ ներդրումներին եւ յանուն Իրանի իրենց կեանքը նւիրաբերած նահատակներին, անձնուրացներին ու գերեւարւածներին: Նա կաեւորեց Իրան-Հայաստան ռազմավարական յայաբերութիւնները եւ հայ ժողովրդի հետ սերտ կապերը եւ նշեց, որ Իրանի ժողովուրդը կանգնած է իրանահայ եւ հայ ժողովրդի կողքին:
Միջոցառմանը հիւրերի օթեակում ներկայ էին՝ Իսլամական խորհրդարանում Սպահանի եւ հարաւային իրանահայութեան պատգամաւոր Գեղարդ Մանսուրեանը, Իրանում Հայաստանի Հանրապետութեան արտակարգ եւ լիազօր դեսպան Արսէն Աւագեանը, Իրանի Հայ Կաթողիկէ համայնքի առաջնորդ Սարգիս եպս. Դաւիթեանը, Հայ Աւետարանական եկեղեցու հովւապետ դոկտ. Միշէլ Աղամալեանը, Թեհրանի Քաղխորհրդի խօսնակ՝ Ալիռեզա Նադալին, Թեհրանի երրորդ շրջանի քաղաքապետ Համիդ Ջաւանին, Իրանի մարզական ֆեդերացիայի նախագահները եւ պետական հիւրեր, «ԱԼԻՔ» հաստատութեան ներկայացուցիչ Սեւան Դանիէլեանը, «ԱԼԻՔ» օրաթերթի գլխաւոր խմբագիր Արամ Շահնազարեանը, Թ. Հ. Թ. Պատգամաւորական ժողովի ներկայացուցիչներ, Թ. Հ. Թ. Թեմական խորհրդի ատենապետ Վարուժ Յովհանիսեանը, Թեհրանի մարզա-մշակութային միութիւնների ու կառոյցների ներկայացուցիչներ, Նոր Ջուղայի Հ. Մ. Մ. «Արարատ» միութեան վարչութեան նախագահ Սարօ Պօղոսեանը, Հ.Մ.Ա.Կ.-ի մասնաճիւղերից ներկայացուցիչներ եւ հիւրեր:
Ծրագրի պաշտօնական բաժնի աւարտին Արփի Սիմրոջեանի ղեկավարութեամբ միասնական երգչախմբի եւ Հ.Մ.Ա.Կ.-ի «Արարատ» պարախմբի համադրութեամբ ներկայացւեց «Գարուն Երեւան»-ը, որից յետոյ երգչախումբը հանդէս եկաւ մի քանի կատարումներով, իսկ պարախումբը նաեւ մէկ պարով: Ապա հայերէնով պատկերասփռւեց կազմակերպութեան պատմականը ներկայացնող տեսաֆիլմը, որը պատրաստել էր Կարէն Մնացականեանը: Հանդիսութիւնը շարունակւեց սթէնդափ կոմեդիայով, որը ներկայացրեց Հայաստանից ժամանած Արէն Սաֆարեանը:
Գեղարւեստական յայտագրի յաջորդ բաժնում Բերդ-Քոչարի միասնական պարով ելոյթ ունեցան Հ.Մ.Ա.Կ.-ի՝ «Արարատ» պարախումբը աւագ ուսուցիչ Լինեթ Սարգսեան, պարուսոյց՝ Ալմարա Շահմիրեան, փորձավարներ՝ Նարէ Մնացականեան եւ Նարէ Տէր-Մկրտչեան, Հ. Մ. Մ. «Նայիրի» միութեան՝ «Նայիրի» պարախումբը գեղարւեստական ղեկավար Արտաւազդ Աւետիսեան ու պարուսոյցներ՝ Թինա Անտոն եւ Սիւնէ Շահվալադեան, Հ. Մ. «Սիփան» միութեան՝ «Սիփան» պարախումբը պարուսոյց Կարինէ Մանուչերեան, Հ. Մ. Մ. «Րաֆֆի» համալիրի՝ «Գարուն» պարախումբը գեղարւեստական ղեկավար՝ Կարինէ Պետրոսեան, «Կակաչ» պարախումբը գեղարւեստական ղեկավար՝ Արուս Սարգսեան-Աւագեան եւ պարուսոյց եւ փորձավար Արմինէ Աւագեան ու «Ակունք» պարային համոյթի սաները գեղարւեստական ղեկավար եւ բեմադրիչ Կարինէ Մանուչերեան: Հանդիսութիւնը եզրափակւեց Դրօ Յակոբեանի երգերի կատարմամբ, որին ընկերակցում էր նւագախումբը:
Թղթակցութիւնը՝ ԿԱՐԻՆԷ ԴԱՒԹԵԱՆԻ
Լուսանկարները՝ ՀԱՏԻՍԻ