ԹեհրանՀամայնք

Ծաղկազարդի եւ Դռնբացէքի արարողութիւնները Թեհրանի հայոց թեմի եկեղեցիներում

Մեծ Պահքի ժամանակաշրջանը Գալստեան կիրակի օրւայ խորհրդով հասնում է իր աւարտին: Քրիստոսի Երուսաղէմ յաղթական մուտքով յայտարարւում է Օծեալ Փրկչի երկրաւոր կեանքի վերջին ու ամենանւիրական հանգրւանի սկիզբը, որը նաեւ պսակն է հանդիսանում իր մարդեղութեան գլխաւոր նպատակի՝ մարդկային ցեղի փրկագործութեանը:

Հայ եկեղեցում Քրիստոսի յաղթական մուտքը Երուսաղէմ յիշատակւում է իբրեւ «ԾԱՂԿԱԶԱՐԴ»:

Արդարեւ այս առիթով, կիրակի, 13 ապրիլ 2025 թւականի առաւօտեան մեծ հանդիսութեամբ եւ հոծ թւով հաւատացեալների ու մանուկների մասնակցութեամբ, Թեհրանի բոլոր եկեղեցիներում նշւեց մեր Փրկչի՝ Քրիստոսի յաղթական մուտքը խորհրդանշող Ծաղկազարդը:

Ս. Սարգիս, Սրբ. Թարգմանչաց եւ Ս. Գրիգոր Լուսաւորիչ եկեղեցիներում հերթաբար՝ Կրօնական արարողութեան պատարագիչներն էին՝ Ս. Աթոռիս Վեհափառ Հայրապետ Ն. Ս. Օ. Տ. Տ. Արամ Ա Կաթողիկոսի տնօրինումով եւ Թեհրանի հայոց թեմի առաջնորդ. Տ. Սեպուհ արք. Սարգսեանի հրաւէրով քաղաքս հիւրաբար գտնւող՝ Տ. Շահան արք. Սարգսեանը, Տ. Ստեփանոս ծ. վրդ. Փաշայեանը եւ թեմիս առաջնորդի օգնական՝ Հոգշ. Հայր Առաքել աբղ. Գատեհճեանը:

Յընթացս քարոզի փառք եւ գոհութիւն յայտնւեց Աստծուն, որ այս գեղեցիկ տօնը պարգեւեց եւ բոլորիս արժանի դարձրեց իր հետ հաղորդակից դառնալու եւ իրեն փառաբանելու համար նաեւ Աղօթք բարձրացւեց առ բարձրեալն Աստւած, որ Տէրը իր ամենակալ աջի զօրութեամբ ամբողջական ապաքինում պարգեւի թեմիս առաջնորդին:

Նշւեց, որ Մեր Տիրոջ եւ Փրկիչ՝ Յիսուս Քրիստոսի մուտքը Երուսաղէմ բնորոշւած է Ծաղկազարդ անունով, որը գալիս է կոչելու մեզ՝ մաքրենք մեր սրտերն ու հոգիները եւ աղօթքով, ապաշխարութեամբ եւ խոստովանութեամբ բացենք մեր հոգու եւ սրտի դռները՝ այնտեղ բնակեցնելով մեր Տէր Յիսուս Քրիստոսին:

Նոյն օրը յետմիջօրէին, տեղի ունեցաւ Աւագ Շաբաթը նախորդող արարողութիւնը՝ «ԴՌՆԲԱՑԷՔ»-ը: Ս. Սարգիս եկեղեցում արարողութիւնը կատարւեց նախագահութեամբ՝ Տ. Շահան արք. Սարգսեանի եւ մասնակցութեամբ՝ Գերպ. Տ. Ստեփանոս ծ. վրդ. Փաշայեանի եւ Հոգշ. Հայր Առաքել աբղ. Գատեհճեանի:

Քառասնօրեայ պահեցողութեան ընթացքում Հայոց եկեղեցիների խորանի փակ մնացած վարագոյրը յընթացս հոգեպարար արարողութեան, հանդիսաւորապէս բացւեց՝ Երկնքի արքայութեան դռները խորհրդանշելով, որը բացւելու է ապաշխարութեամբ եւ սրբւելով, ինչը նպատակ եւ իմաստն է Մեծ պահոց ժամանակաշրջանի:

Այս արարողութիւնը մեզ յուշում է վերջին դատաստանի պահը, յուշում է մեզ, որ մենք մեր կեանքի ընթացքում միշտ ենթակայ ենք մեղքի, ուստի մղում է, որ խոստովանութեամբ դիմենք Աստծուն, որպէսզի մեզ արժանացնէ իր սիրոյն եւ մեղքերի թողութեան եւ դրանով մենք կարողանանք մաքուր հոգով եւ սրտով դիմաւորել իր Հրաշափառ Յարութեանը:

Յիշեցնենք, որ Դռնբացէքի այս արարողութիւնը միայն հայ եկեղեցու յատուկ արարողութիւնն է:

Թեմիս եկեղեցիներում կրօնական արարողութիւններին ներկայ էին Իրանի Իսլ. խորհրդարանում Թեհրանի եւ հիւսիսային իրանահայութեան պատգամաւոր Արա Շահվերդեանը, Թեմական խորհրդի եւ ազգային մարմինների ներկայացուցիչները, հոծ թւով հաւատացեալ ժողովուրդ եւ մանուկներ, որը վերջիններիս բաժանւեցին Եկեղեցական խորհուրդների կողմից պատրաստւած նւէրները:

Ազգային առաջնորդարանի Հանրային կապ

Related Articles

Back to top button