ԹեհրանՀամայնք

Սուրբ Ծննդեան տօների առիթով եւ Իրանի ԶՈՒ-ի հրամկազմի եւ նշանաւոր դէմքերի մասնակցութեամբ՝ տեղի ունեցաւ իրանահայ նահատակների շիրիմին ծաղիկների խոնարհման արարողութիւնը

ԻԻՀ բանակի բրիգադային գեներալ Ֆուլադի. «Իրանահայերը պատմութեան վկայութեամբ՝ միշտ քաջաբար են պաշտպանել սրբազան այս հողը, նոյնիսկ մուսուլման եղբայրների կողքին նւիրաբերել են իրենց ամենաթանկը՝ կեանքը, սակայն այս սուրբ հողից ոչ մի թիզ չեն զիջել»

«ԱԼԻՔ» – Շաբաթ, դեկտեմբերի 30-ին, Նոր Բուրաստանում նահատակներին նւիրւած յուշարձանի մօտ տեղի ունեցաւ 8-ամեայ պատերազմի նահատակների շիրիմներին ծաղիկների խոնարհման արարողակարգը:

Արարողակարգին, որը կազմակերպւել էր ԻԻՀ բանակի առաջարկով ներկայ էին նահատակների ընտանիքները, հայ ռազմագերիներից ու զինհաշմւած վետերաններից մի քանիսը:

Ազգային մարմինների ներկայացուցիչների կողքին ներկայ էին ԻԻՀ բանակի, Իսլամական յեղափոխութեան Պահապանների կորպուսի, ՀՕՊ-ի, Թեհրան նահանգի Նահատակների հիմնադրամի եւ Փաքդաշտ քաղաքի նահատակների հիմնադրամի հրամկազմն ու պատասխանատուները:

Ծրագիրն ընթացք առաւ Բանակի փողային նւագախմբի կատարմամբ՝ Իրանի Իսլամական Հանրապետութեան օրհներգով, որից յետոյ Հայրիկ Աղանեանն իր երախտագիտութեան խօսքն ուղղելով հայ նահատակների ընտանիքներին, ինչպէս նաեւ ներկայ վետերաններին Թեմական խորհրդի անունից շնորհակալութիւն յայտնեց բանակի պատասխանատուներին նման միջոցառումների կազմակերպման, ինչպէս նաեւ նման շուքով ներկայութեան համար:

Թեմական խորհրդի ներկայացուցչի ելոյթին յաջորդեց Տ. Սահակ քհնյ. Խոսրովեանի քարոզը, որի ընթացքում նա աղօթեց ընտանիքների եւ ներկաների բարօրութեան համար օրհնելով միջոցառումը:

Քահանայ հայրը փոխանցելով Սրբազան Հօր ողջոյնի եւ երախտագիտութեան պատգամը կարեւորեց հայրենասիրական ոգով սերունդներ դաստիարակող մշակոյթի եւ ինքնութեան էութիւնը եւ նշեց, որ մեր հայ տղաները նոյնպէս ոտքի ելան սիրելի Իրանը պաշտպանելու թշնամիների ներխուժումից, քանզի նրանց համար, ինչպէս միւս բոլոր իրանցիների դէպքում, այս հողը սրբութիւն էր եւ պատրաստ էին յանուն այս հողի պաշտպանութեան նւիրել իրենց կեանքը:

ԶՈՒ-ի պատասխանատուների շարքերում աչքի էին ընկնում Իրանի Բանակի 8-ամեայ պաշտպանութեան արժէքների պահպանման եւ հրապարակման կազմակերպութեան հրամանատար բրիգադի գեներալ Մոհամմադ Ռեզա Ֆուլադին, Թեհրան նահանգի Նահատակների հիմնադրամի գլխաւոր տնօրէն Աբբաս-Ալի Ռեզային, գնդապետ Ռաքնին՝ «Մալեքէ Աշթար» կորպուսի հրամանատարն իր տեղակալների հետ միասին, բանակի ռազմաօդային ուժերի հրամկազմից՝ բրիգադային գեներալ Զահեդին եւ Փաքդաշտի Նահատակների հիմնադրամի ղեկավար պրն. Ազիզփուրը։

Ազգային առաջնորդարանի ներկայացուցիչների կազմն էին համալրել Տ. Սահակ քհնյ. Խոսրովեանը, Հայրիկ Աղանեանը, Ռաֆիկ Մելիքսէթեանը, ազգ. առաջնորդարանի դիւանապետ Զօրիկ Կարապետեանը եւ Հայկական Գերեզմանատների խորհրդի անդամներ, ինչպէս նաեւ Հայ Նահատակների արժէքների պահապանման խորհրդի ներկայացուցիչները։

Իրանի Իսլամական Հանրապետութեան բանակի Պաշտպանութեան արժէքների պահպանման եւ հրապարակման կազմակերպութեան ղեկավար, բրիգադային հրամանատար գեներալ Մոհամմադ Ռեզա Ֆուլադին շնորհաւորելով Ծննդեան տօների կապակցութեամբ իր ուրախութիւնը յայտնեց ներկայ լինելու նման միջոցառմանը, որտեղ ներկայ են իրանահայ նահատակների ընտանիքներն ու պատերազմական վետերանները:

Գեներալ Ֆուլադին նոյնպէս նշելով, որ «Սրբազան պաշտպանութեան» ժառանգութիւնը եւ նահատակների կերտած արժէքների պահպանման գործը խիստ կարեւոր է եւ կրում է ազգային բնոյթ, յաւելեց. «Վետերաններն ու մեր ազատամարտիկները, անկախ ազգութիւնից ու դաւանանքից, կռւեցին յանուն երկրի պաշտպանութեան, նւիրելով իրենց ամենաթանկագինը՝ կեանքը, որով պէտք է դաստիարակւեն նաեւ մեր գալիք սերունդները»:

Նա պատմելով հայ զինծառայողներից մէկի հետ ունեցած իր յուշերից, նշեց, որ Մանջիլ քաղաքի երկրաշարժի այդ մութ ու անմխիթար օրւանից ճիշտ մէկ օր առաջ, հայ զինծառայողներից մէկն էր զօրացրւել: «Յիշում եմ Մանջիլի երկրաշարժի դառը օրը: Նախօրէին զօրացրւած այդ հայ երիտասարդը երկրաշարժը տեղի ունենալուց յետոյ նորից վերադարձել էր զօրամաս, որպէսզի կարողացածով օգնի իր զինակից ընկերներին, որոնք գործուղւել էին փրկարարա-որոնողական աշխատանքների իրականացման համար: Նրան ասացի, տղա՛ս, ինչո՞ւ ես այստեղ, նա պատասխանեց, որ ծառայութեան էր կոչւել, որպէսզի դժւար պահերին լինի իր ժողովրդի կողքին: «Եւ այսօր այդ օրն է…»»,- ասաց նա։

Ծրագրի յաջորդ բաժնում բանակի փողային նւագախմբի հնչեցրած «Նահատակների մարշ» ուղեկցութեամբ ներկաները մօտենալով Իրանահայ նահատակների յուշարձանին ծաղիկներ խոնարհեցին նրանց անմոռաց յիշատակին:

Արարողութեան պաշտօնական բաժնի աւարտից յետոյ պատասխանատուներն ու ԶՈՒ-ի հրամկազմը յիշատակի լուսանկարներով մտերմիկ եւ անկեղծ զրոյցի առիթ ունեցաւ ներկայ ընտանիքների ու վետերանների հետ:

Ապա ծրագրին ներկայ ընտանիքները մօտենալով նահատակ Ալֆրէդ Գաբրիի վերջերս կեանքին հրաժեշտ տւած մօր՝ նորոգ հանգուցեալ Սեդիկ Յարութիւնեանի շիրիմին ծաղիկներ խոնարհեցին նրա յիշատակին:

Միջոցառման աւարտին տեղի ունեցաւ ընդունելութիւն նահատակների, ազատամարտիկների եւ վետերանների ընտանիքների մասնակցութեամբ, որտեղ ազգ. առաջնորդարանի դիւանապետ Զօրիկ Կարապետեանը երախտագիտութիւնը յայտնելով ընտանիքներին իրենց մասնակցութեան համար իր պատրաստակամութիւնը յայտնեց իւրաքանչիւր ծագած խնդրի լուծման ուղղութեամբ աջակից լինելու գծով։

Յաւելենք, որ ծրագրի մասին պատմող թերթիս ֆոտոռեպորտաժը սիրելի ընթերցողի սեփականութիւնը կը դառնայ թերթիս առաջիկայ համարներից մէկում:

Առնչւող Յօդւածներ

Back to top button