Մի շարք ամերիկահայ մոռացւած գրողների մասին
Որպէս պատասխան մի հարցումի ասեմ, որ Մինաս Թէօլէօլեանի հեղինակած «Դար մը գրականութիւն» երկհատորը՝ գոնէ ամերիկահայ գրական դէմքերին ծանօթացնելու առումով, թերի է, շատ թերի է, ու, պարզ է, ես նկատի ունեմ այն տարիները, որ ուսումնասիրել է Թէօլէօլեանը։ «Դար մը գրականութիւնը» ամբողջ Հայկական Սփիւռքի գրական դէմքերի մասին համառօտ տեղեկութիւնների հաւաքածոյ է։ Աշխատանքը լուրջ ուսումնասիրութեան արդիւնք է, բայց ինձ անյայտ պատճառներով ամերիկահայ շատ-շատ գրական դէմքերի անունները չկան այդտեղ, ուստի այս առումով «Դար մը գրականութիւնը» թերի է։ Ստորեւ բերում եմ ուրիշ գրական դէմքերի մասին տեղեկութիւններ (12 հոգի՝ 213-ից), որ կայ «ԱՄՆ-ում վախճանւած հայ գրական դէմքեր» իմ հատորում․ ներառել եմ նաեւ Մինաս Թէօլէօլեանի վերաբերեալ տեղեկութիւնները։ Ռ. Օ. |
Թէօլէօլեան Մինաս
(1913 թ., Խարբերդի Պարտիզակ գիւղ, Օսմանական կայսրութիւն – 1997 թ., Բոստոն, ԱՄՆ)
Արձակագիր, բանաստեղծ, գրականագէտ, մանկավարժ, խմբագիր, հասարակական գործիչ։ 1922 թ.-ին Իզմիրի ջարդերից յետոյ, գնում է Պոլիս։ Աւարտել է Պոլսի Մխիթարեանների վարժարանը։ 17 տարեկանում, իր ընկերոջ հետ սկսել է հրատարակել «Արձան» գեղարւեստական պարբերաթերթը։ 1944 թ.-ին հաստատւել է Հալէպ, որտեղ խմբագրել է «Արեւելք» թերթը։ 1956 թ.-ին քաղաքական պատճառներով արտաքսւել է Սիրիայից եւ մէկ տարով եղել է Կահիրէ, Եգիպտոս, ապա տեղափոխւել Բէյրութ։ 1960 թ.-ին, որպէս դաշնակցական գործիչ գործուղւել է Բոստոն, ԱՄՆ ու եղել «Հայրենիք» թերթի խմբագրապետը։ Աշխատակցել է սփիւռքահայ թերթերի։
Հրատարակած բանաստեղծութիւնների հատորներն են «Նախերգանք» եւ «Մթնոլորտ»-ը։ Աշխատասիրել է նաեւ՝ «Վահան Թեքէեան» գրականագիտական վերլուծութիւնը, «Ցեղին փառքը» թատերգը, «Քերականութիւն արեւմտահայ լեզւի» երկու հատորով, «Դար մը գրականութիւն» երկու հատորով, «Պայքարը Հ․Յ․Դաշնակցութեան դէմ», «Հայկական արտասահմանը եւ Ազգային Սահմանադրութիւնը»։ Ունի անտիպ բազմաթիւ գործեր։
Ահարոնեան Վարդգէս
(1888 թ., Իգդիր, Ռուսական Կայսրութիւն – 1965 թ., մայրաքաղաք Վաշինգտոն, ԱՄՆ)
Գրող, իրաւաբան, հասարակական գործիչ եւ մանկավարժ։ Գրող, քաղաքական գործիչ Աւետիս Ահարոնեանի որդին։ 1912 թ.-ին աւարտել է Մոսկւայի համալսարանի Իրաւաբանական բաժինը։ Եղել է Զօրավար Անդրանիկի ռուսերէնի թարգմանիչը։ Իր կնոջ՝ Արմենուհի Տիգրանեանի հետ հեղինակել է «Հրազդան» հայերէն դասագրքերը ԱՄՆ-ում։ Աշխատակցել է ամերիկահայ մամուլին։ Գրական անունը՝ Վ․ Մենակ։
Հրատարակած գործերն են՝ «Յովհաննէս Թումանեան․ մարդը եւ բանաստեղծը», «Րաֆֆի․ կեանքը», «Անդրանիկ․ մարդը եւ ռազմիկը», «Լեւոն Շանթ․ մարդը եւ գործը»։ Հրատարակել է իր հօր՝ Աւետիս Ահարոնեանի, գործերի 10 հատորը։
Առլէն Մայքլ*)
(Գույումճեան Տիգրան. Michael Arlen)
(1895 թ., Ռուսէ, Բուլղարիա – 1956 թ., Նիւ Եօրք, ԱՄՆ)
Գրող, արձակագիր, թատերագիր, ակնարկագիր։ Բրիտանիայի Էդինբուրգի համալսարանում ուսանել է բժշկութիւն։ Նրա գրական վարպետութիւնը բարձր են գնահատել ամերիկեան արձակի խոշոր դէմքերը։ 1924 թ.-ին նրա հեղինակած «Կանաչ գլխարկ» վէպը նրան բերում է համաշխարհային ճանաչում։ Վէպը էկրանաւորւել է երկու անգամ։ Չառլզ Չապլինը այն համարեց արտակարգ սիրոյ պատմութիւն։ 1941 թ.-ին հաստատւում է ԱՄՆ։ Գրել է անգլերէն։
Հրատարակած գործերից են՝ «The London Venture”, “Piracy”, “The Green Hat”, “Young Men in Love”, “Lily Christine”, “Men Dislike Women”, “Man’s Mortality”, “Hell! Said the Duchess” “The Flying Duchman”. “The Romantic Lady”, “These Charming People”, “Ghost Stories”, “Babies in the Wood”, “The Crooked Coronet”, “The Ancient Sin and Other Stories”, “The Great Book of Mistry.”
*) Մայքլ Առլէն հայր
Բարջանճցի Ծերօ
(Մահը՝ ԱՄՆ-ում)
Գրող։ 1938 թ.-ին, Բոստոնում հրատարակել է «Բարջան գիւղ. համայնապատում (1600-1937)» պատկերազարդ աշխատասիրութիւնը։ Բարջանը հայկական գիւղ էր Խարբերդի շրջանում, Օսմանական կայսրութիւնում։
Եղիկեան Գրիգոր
(Մահը՝ ԱՄՆ-ում)
Թատերագիր։ 1927 թ.-ին, Բոստոնում հրատարակել է «Նոր Մարգարէն» թատերգութիւնը, որ պատմական ողբերգութեան մասին է։
Էկինեան Հայկակ
(1865 թ., Դիարբեքիր, Օսմանական կայսրութիւն – 1919 թ., Ֆրեզնօ, ԱՄՆ)
Բանաստեղծ, արձակագիր, խմբագիր, հրատարակիչ։ 1883 թ.-ին հաստատւել է ԱՄՆ-ում։ 1888 թ.-ին հրատարակել է ամերիկահայ առաջին պարբերականը «Արեգակ»-ը։ Այնուհետ ԱՄՆ տարբեր քաղաքներում հիմնադրել է ու խմբագրել է հայերէն մի քանի թերթեր։
Հրատարակած գործերն են ԱՄՆ-ում առաջին հայերէն վէպը «Վահան Հայկանուշ»-ը, «Կսկծանք», «Քնար ժողովրդական» բանաստեղծութիւնների հատորները։ Նաեւ հրատարակել է «Երգարան ազգային», «ժողովրդական երգարան» գրքերը։
Թընկըրեան (Տէր-Մարգարեան) Սոնա
(1918 թ., Պոլիս, Օսմանական կայսրութիւն – 1986 թ., Նիւ Եօրք, ԱՄՆ)
Արձակագիր, թատերագիր, մանկավարժ, հասարակական գործիչ։ Նա եղել է Պոլսոյ Պետական երգչախմբի երկարամեայ անդամը։ 1981 թ.-ին հաստատւել է ԱՄՆ, Նիւ Եօրքում, որտեղ շարունակել է աշխատակցել սփիւռքահայ մամուլին։
Հրատարակած գործերն են «Կեանքի մէջէն», «Կեանքի հետ» պատմւածքների ժողովածուները, «Տապալւած ծառը» պատմւածքը, «Մարուքեանները» վէպը եւ «Քարէ պուպրիկ» թատերգութիւնը։ Պոլսահայ թերթերում հրատարակել է պատմւածքներ․ որոշները ամփոփւել են «Սահանք» անունով երկհատորի մէջ։
Կէօրկիզեան Նւարդ
(Թաւրիզ, Իրան – Մահը՝ Ֆրեզնոյում, ԱՄՆ)
Բանաստեղծ, արձակագիր։ Յօդւածներով աշխատակցել է ամերիկահայ մամուլին։ 1950-ականներին ապրել է Ֆրեզնոյում։
1924 թ.-ին, Թաւրիզում հրատարակել է «Հայ կնոջ դերը պատմութեան մէջ» հատորը, որը լոյս է տեսել Ատրպատականի հայոց թեմի տպարանում, Իրան։
Հրատարակած գործերից են «Բաբախումներ», «Կարօտի երգեր»։ «Սրտի ձայներ» բանաստեղծութիւնների, արձակ էջերի եւ յօդւածների հատորը լոյս է տեսել 1951 թ.-ին, Ֆրեզոնում։
Մեսիայեան Երւանդ
(1882, Սեբաստիա, Օսմանական կայսրութիւն – 1956 թ., Նիւ Եօրք, ԱՄՆ)
Գրող, թարգմանիչ, խմբագիր, հասրակական գործիչ։ Աւարտել է Պոլիսի «Ռաբըրտ» կոլէջը։ 1903 թ.-ին անցնում է Փարիզ եւ ֆրանսական գրական երկերից թարգմանութիւններ անում, աշխատակցում է հայ մամուլին։ 1909 թ.-ին վերադառնում է Պոլիս եւ «Ռաբըրտ» կոլէջում ֆրանսերէն գրականութիւն դասաւանդում։ 1914 թ.-ին հաստատւում է Բոստոն, ԱՄՆ, աշխատակցում է ամերիկահայ թերթերի ու դառնում մի քանի թերթի խմբագիր։ Նա հասարակական մեծ աշխատանք է ծաւալում Միացեալ Նահանգների տարբեր քաղաքներում՝ թերթեր հիմնելով եւ ի նպաստ հայ գաղթականների եւ որբերի դրամահաւաքներ կազմակերպելով։ Պատանի տարիքից գրական երկերով հանդէս է եկել հայ մամուլում։
Հրատարակած գործերն են «Ամսարը», «Վարվառէ», «Անատոլ Ֆրանս․ Մարդն ու գործը», «Գրական դպրոցները Ֆրանսիայում» աշխատասիրութիւնները։ Ֆրանսերէնից հայերէն է թարգմանել Անատոլ Ֆրանսի վէպերը։
Սէքլէմեան (Սեքլեմեան) Աբրահամ
(1864 թ., Մուսայ Լեռան Պիթիաս գիւղ – 1920 թ., հաւանաբար Ֆրեզնօ, ԱՄՆ)
Գրող, բանաստեղծ, հրապարակագիր, խմբագիր։ Նախնական ուսումն ստացել է ծննդավայրի դպրոցում։ Սովորել է Իզմիրի ամերիկեան կոլէջում։ Հայրը զոհւել է Համիդեան ջարդերի ժամանակ, որից յետոյ մայրն ու քոյրը տեղափոխւում են ԱՄՆ, Ֆրեզնօ։ Երիտասարդ տարիքում անդամակցել է ՀՅԴ-ին։ Ուսուցիչ է եղել Կարինում, ուր ձերբակալւել է որպէս յեղափոխական գործիչ։ Բանտից ազատւելուց յետոյ անցել է Պոլիս, որտեղ հրատարակել է իր երկու հատորները։ 1898 թ.-ին հաստատւել է Ֆրեզնօ։ Գրել է նաեւ անգլերէն։
1908 թ.-ին, ուրիշ դաշնակցականների հետ միասին Ֆրեզնոյում հիմնադրել է «Ասպարէզ» թերթը։ Աբրահամ Սէքլէմեանը «Ասպարէզ» թերթի առաջին խմբագիրն էր։
Հրատարակած գործերից են «Մարդ ըլլալու միջոցը» եւ «Ճշմարիտ կինը» հեքիաթների հատորը։ Անգլերէնով հրատարակել է «Կոլտըն Մէյտըն» հատորը։ Նրա բանաստեղծութիւններն ու արձակ ուրիշ էջերը տպագրւել են ամերիկահայ մամուլում։
Փառլաքեան Նշան
(Nishan Parlakian)
(1925 թ., Նիւ Եօրք, ԱՄՆ – 2011 թ., Նիւ Եօրք)
Թատերագիր, թատերական գործիչ, թարգմանիչ։ Համալսարանական երկու վկայականներն ու դոկտորականը ստացել է Նիւ Եօրքի Կոլումբիա համալսարանից։ Թատրոնի դասախօս էր Նիւ Եօրքի «Ջոն Ջէյ» կոլէջում։ Նիւ Եօրքի ազգային առաջնորդարանին կից հայկական թատերախմբի բեմադրիչն էր։ Անգլերէն է թարգմանել մի շարք թատերգութիւններ․ Շիրւանզադէի «Պատւի համար» եւ «Չարի ոգին», Զաբէլ Ասատուրի «Հարսը», Արամ Աշոտ Պապայեանի «Թաքսի Թաքսի»-ն եւ այլն։ Կազմել ու Երեւանում հրատարակել է իր հօր՝ Ռաֆայէլ (Փայէլ) Փառլաքեանի*), բանաստեղծութիւնները՝ «Երկիր, երկինք եւ խորհուրդ» անունով։ Գրել է անգլերէն։
Հրատարակած գործերն է «Grandma, Pray for Me», «Notable Women in Modern Armenian Drama: An Anthology», «Contemporary Armenian American Drama. An Anthology of Ancestral Voices», ամերիկահայ ժամանակակից թատերագիրների ստեղծագործութիւններից մի ծաղկաքաղ, «An Anthology. Edited by Nishan Parlakian and S. Peter Cow», եօթ թատերգութիւններ հայ դասական թատերագիրներից։
*) Ռաֆայէլ (Փայէլ) Փառլաքեանի մասին տեղեկութիւնները պակսում են։ Ծնւել է Սեբաստիայի Հողդար քաղաքում, Օսմանական կայսրութիւնում։ Փայէլի գրական ունակութիւնը օրին բարձր է գնահատել Դանիէլ Վարուժանը։
Օսկանեան Խաչատուր
(Khachig Oskanian)
(1818 թ., Պոլիս, Օսմանական կայսրութիւն – 1900 թ., Նիւ Եօրք, ԱՄՆ)
Գրող, լրագրող, գրադարանավար, հիւպատոս։ Մասնաւոր ուսուցիչների մօտ տարբեր լեզուներ է սովորել։ 1834 թ.-ին, ամերիկացի քարոզիչների օժանդակութեամբ հաստատւել է Նիւ Եօրք, ԱՄՆ։ Նա առաջին հայն է Նիւ Եօրքում։ Իրաւաբանութիւն է ուսանել Նիւ Եօրքի համալսարանում ու վերադարձել Պոլիս, որտեղ հայերէն հրատարակել է «Ազդարար բիւզանդական» պարբերականը։ 1854 թ.-ին վերջնականապէս հաստատւել է Նիւ Եօրք։ Օսքան Քրիստափոր գրական անունով արեւելքի մասին յօդւածներով եւ գրական նիւթերով աշխատակցել է «Նիւ Եօրք Հերալդ» եւ ամերիկեան այլ պարբերականներին։ Գրել է անգլերէն։
1857 թ.-ին Նիւ Եօրքում հրատարակել է «Սուլթանը եւ իր ժողովուրդը» գիրքն Օսմանական կայսրութեան մասին։ Գիրքն ունի նաեւ գեղարւեստական նշանակութիւն։
Խաչատուր Օսկանեանը եղել է Կոլումբիա համալսարանի Իրաւաբանական բաժնի գրադարանավարը, Նիւ Եօրքի մամուլի նախագահը, Նիւ Եօրքում Օսմանական հիւպատոս եւ մաքսատան պաշտօնեայ։
ՌՈՒԲԻՆԱ ՕՀԱՆԵԱՆ