ԹեհրանՄշակութային

Որպէս թոռնիկ՝ ես քեզ կասեմ…

Թափուր տեղ է այս աթոռը։ Քշում եմ աթոռը տնով մէկ՝ պատուհանի տակ, դռան մօտ, ծաղկամանների, բազկաթոռների մօտ, բայց միեւնոյնն է, այս աթոռը չո՛ւնի տեղ. ասես գտել ու բերել եմ տո՛ւն, ու նա օտարականի պէս է պահում իրեն։

Ժամանակին ճօճւում էր այս աթոռն՝ իր կողքի ճօճւող փայտէ ձիու պէս։ Ես՝ ճօճւող ձիո՛ւ վրայ, եւ դու՝ ճօճւող աթո՛ռի․ ես ու դու՝ ճօճւում ու ինչ որ հանրայայտ մրցութեան էինք մասնակցում, ես քեզ ասում էի վստահաբար որ իմը՝ ձի է, իսկ քոնը՝ աթոռ. «Դու ո՞նց ես յաղթելու»։ Դէպի պատուհան եմ գնում․ պատուհանը դէմն էր, նայում, նայում էր, թէ քեզ ոնց տարան: Լուռ էր նայում, ա՛նշշուկ։ Չգիտես ինչի, փոքրիկի պէս վազեցի ես էլ նայեմ այդ ամէնն ինչ որ նայում էր նաեւ՝ պատուհանը, ասես ինչ որ բան էին գաղում ինձնից, իսկ այդ քչփչոցը այնքան աղմկոտ էր, բայց միեւնոյն ժամանակ՝ նոյնքան անհասկանալի, իսկ ես մտովի՝ ձի էի վարում, սլանում էի երկնքով մէկ՝ քեզ հետ. չէ՛ դու նորից ձիու վրայ չէիր՝ աթոռդ թեւեր ունէր ինչպէս՝ ձին, չէր խանգարում ո՛չինչ, չէր կանչում ոչ ոք, չէր յօշոտում՝ մա՛հը։ Ես էի եւ դո՛ւ՝ ընդամէնը։ Յետոյ ընկայ, թւաց աթոռդ են տանում․ ես քո լռութիւնից ապշած՝ խենթի պէս փաթաթւեցի աթոռիդ.՝ ճօճւեց. ձիո՛ւ պէս ճօճւեց, իսկ ձիու փայտէ ոտքերը, թւաց թէ՝ կոտրւեցին, թէկուզ գամւած էր կիսակլոր փայտերի վրայ, որոնք հնարաւորութիւն էին տալիս նրան՝ ճօճւելու։ Ճօճւող աթոռը կամաց-կամաց կանգ առաւ։ Իսկ ես խենթի պէս հարւածեցի աթոռիդ որ չքնի, ճօճւի, ճօճւի, որ ճօճւի՛… Իմ հարւածից երեք չորս անգամ ճօճւեց ու կանգ առաւ։ Մտածում էի եթէ ճօճւի՝ կը բացես աչքերդ։ Թւում էր՝ իսկ գոնէ հիմա ձին կը ճօճւի, կը սլանայ ու սեւ շարքի վրայով կը թռչի, եւ այս անգամ՝ ես քեզ ձիու վրայ նստեցրած կը տանեմ այս ամենից հեռու, կը հեռանանք այս անհաւատալի ողբից, որ այս ժխորին վէրջ կը դնի, բայց նա տեղից չշարժւեց, փէտացել էր․ սեւ աչքերը չէին փայլում, եւ առաջին անգամ որքա՜ն անճաշակ թւացին նրա անփայլ, իսկ այսքան ժամանակ՝ ի՜նչ գեղեցիկ թւացող աչքերը… Յետոյ յանկարծ ձին իր մէջ ուժ գտնելով եկաւ ու ես ինձ գտայ ձիու վրայ, երբ միասին գնացել էինք կռիւ տալու՝ հեռացող աթոռին, որ յետ վերադարձնէինք… Թւում էր տանում էին աթոռդ.. Ես վախեցած էի քո լռութիւնից… Կանչեցի՝ «Մեծ մա՜մ…», «Մեծ մա՜մ…» ու յիշեցի, որ ասում էիր՝ «Հա ջա՛ն»…

«Առ քո թեւերին, տար ինձ, ժամանակ,
Ես ետ մնալուց շատ եմ վախենում։
Յուշերից որքան հեռու եմ կենում,
Մէկ է, կապում են թեւերս նրանք»*):

Որպէս թոռնիկ՝ ես քեզ կասեմ՝ «Շնորհակալ եմ քե՛զ, շնորհակալ եմ, որ հէնց դու էիր իմ մեծ մամը, շնորհակալ եմ իւրաքանչիւր վայրկեանների համար, որ ես ապրեցի ու կիսւեցի քեզ հետ, որ քեզ հետ՝ ես գիտակցեցի մեծաւորի դիրքն ու փառքը… Շնորհակալ եմ քեզ՝ ի՛մ մեծ մամ…»:

07.03.2024 թ.,
Թեհրան  

*) Համօ Սահեան. «Տար ինձ ժամանակ»:

ՔՐԻՍՏԻՆԷ ԳՈԼԲՈՒԴԱՂԵԱՆ

Առնչւող Յօդւածներ

Back to top button