Մշակութային

ԵՂԵԳԱՆ ՓՈՂ

ԿԱՊՈՒՏԱՉԵԱՅ ՀԱՅՐԵՆԻՔ (Հատւած անաւարտ պոէմից)

ԵՂԻՇԷ ՉԱՐԵՆՑ

 

…Օ՜, իմ հեռու, կապուտաչեա՜յ սիրուհի,

Երկիր իմ որբ, արնաքամ ու աւերակ…

Օրերում այս տառապանքի ու մահի

Վառել է իմ սիրտը հեռու մի կրակ։

Օրը կգայ։ Ու հեռաւոր դաշտերից

Մեր հնձւորները, յոգնաբեկ, կգան տուն։

Կբոլորեն սեղանի շուրջը նորից

Ու կլինի հազար ծիծաղ ու խնդում։

Ու խնջոյքում, աներեւոյթ դու կգաս,

Սիրտս կզգայ քո թովչութիւնը մօտիկ.

Եւ չես լինի դու արնավառ մի երազ,

Ու կխնդան քո զաւակներն ան0թի…

Կտեսնեն քեզ յանկարծ լուսէ՜ ու պայծառ

Ու կլինես դու հարազատ ու անուշ։

Մութը կանցնի ու մառախուղը անծայր

Յուշ կդառնայ, հնամենի մի զրոյց…

 

Կապուտաչեա՜յ սիրուհիս, ամուսնանանք պիտի մենք

Արեւի տակ՝ հայրենի հովիտներում կանաչուն։

Ու հնամեայ աշխարհում մենք բախտաւոր կլինենք,

Կապուտաչեա՜յ սիրուհի՛ս, դրախտայի՜ն իմ թռչուն։

Հովիտներում հայրենի, հովիտներում սրբազան

Կլինի մի հարսանիք հազարնւագ ու խնդուն,

Երգ ու ծիծաղ կլինի ու աղջիկները կգան

Ու կպարեն հնամեայ պարերը խե՜նթ ու ճկուն։

Ու գինիներ կլինեն արնափրփուր ու կարմիր,

Որպէս երազն արիւնիս, որպէս հոգուս զոհը հիր։

Ու ծաղիկներ կլինեն բազմաբոյր ու բազմերանգ՝

Հարսանիքիս խնջոյքին փսփսալու են նրանք

Առասպելները ապրըւած ու զրոյցներ հնամեայ

Նրանց մասին, որ չկան ու մոռացւել են հիմա։

Եկէ՛ք, եկէ՛ք հարսանքիս օրն այնքան երգ կլինի,

Այնքան խնդում ու ծիծաղ, այնքան ցնծանք արիւնի,-

Եկէ՛ք, եկէ՛ք, սրբազան հովիտներում հայրենի

Վաղը մի սուրբ խրախճանք, մի հարսանիք կլինի։

 

Թիֆլիս 1915

Related Articles

Back to top button