Սփիւռք

Լիբանանի Բէյրութ քաղաքում հայ համայնքից որեւէ տուժած չկայ

Լիբանանի Բէյրութ քաղաքում հայ համայնքից որեւէ տուժած չկայ: Այս մասին News.am թղթակցի հետ զրոյցում ասաց «Ազդակ» թերթի գլխաւոր խմբագիր Շահան Գանտահարեանը։

«Բէյրութի հարաւային արւարձաններում, որտեղ հարւածը եղել է, այնտեղ հայ համայնք չկայ, կարող է աշխատանքի բերումով հայեր գնային, գային, բայց հայ համայնք չկայ: Բայց սպասողկան, մտահոգիչ, գերլարւած իրավիճակ է»,- ասաց նա:

Գանտահարեանը նշում է, որ թէեւ խուճապային տրամադրութիւններ չկան, բայց չի բացառում, որ մարդիկ լինեն, որոնք ցանկանան դուրս գալ երկրից:

«Երկու հանգամանք է այս որոշման վրայ ազդում, նախեւառաջ, որ թռիչքները ինչպէս լիբանանեան, այնպէս էլ այլ երկրների աւիացիոն ընկերութիւնները ոմանք հետաձգել են, ոմանք առկախել են, ոմանք չեղարկել են, եւ երկրորդը օտարերկրեայ դեսպանութիւնների կոչերը, ոմանք յորդորում են չգնալ Լիբանան կամ անյապաղ լքել Լիբանանը: Այս բոլորը ազդում է տրամադրութիւնների վրայ, բայց չէի ասի, որ խուճապային տրամադրութիւններ կան»,-ասաց նա:

Հարցին, թէ պատերազմի բռնկում կանխատեսում է, Գանտահարեանը ասաց, որ կան զսպիչ գործօններ լայն տարածաշրջանային պատերազմական գործողութիւններ չսկսելու առումով:

«Սպասողական, անորոշ իրավիճակ է, գիտենք, թէ երբ կամ ինչպէս է լինելու հակահարւածը, բայց զսպիչ գործօնները աշխատում են, օրինակ ԱՄՆ-ն յայտարարեց, որ ՀԱՄԱՍ-ի ղեկավարի սպանութիւնից յետոյ պէտք է Գազայում կրակը դադարեցւի, եւ պէտք է երկխօսութիւն սկսւի: Բայց այս պահի դրութեամբ դեռեւս պարզ չէ, զգում ենք որ այս պահին կան աշխատանքներ սահմանները չխախտելու, արգելակելու, որ այս բախումնային կէտերը չվերածւեն համընդգրկուն պատերազմի»,- յաւելեց նա:

Related Articles

Back to top button