«Ո՛չ յանձնողական քաղաքականութեանը». ՀՅԴ կառոյցների նախաձեռնութեամբ, Լիբանանում ՀՀ դեսպանատան մօտ նստացոյց է տեղի ունեցել
«ԱԼԻՔ» – Լիբանանում ՀՀ դեսպանատան դիմաց տեղի է ունեցել «Ո՛չ յանձնողական քաղաքականութեանը» խորագրով նստացոյց՝ կազմակերպւած ՀՅԴ Լիբանանի Երիտասարդական միութեան Կենտրոնական վարչութեան կողմից, եւ մասնակցութեամբ ՀՅԴ «Զաւարեան» Ուսանողական եւ ՀՅԴ Լիբանանի Պատանեկան միութիւնների:
Միաժամանակ ՀՅԴ Լիբանանի Երիտասարդական եւ «Զաւարեան» Ուսանողական միութիւնների վարչութիւնների ներկայացուցիչները հանդիպել են Լիբանանում ՀՀ արտակարգ եւ լիազօր դեսպան Վահագն Աթաբէկեան հետ եւ նրան են յանձնել նամակ, որում շեշտւած է եղել, որ երիտասարդութիւնը կտրականապէս մերժում է ՀՀ իշխանութիւնների յանձնւողական քաղաքականութիւնը եւ տարածքային միակողմանի զիջումները:
Դեսպանին յանձնւած նամակում խստօրէն դատապարտւել է՝ ուժի սպառնալիքի տակ իրականացւող որեւէ գործողութիւն, որը խախտում է Հայաստանի Հանրապետութեան ինքնիշխանութիւնը, առանց օրինական ընդհանուր սահմանային համաձայնութեան միակողմանի տարածքային զիջումները եւ Հայաստանի սահմանային անվտանգութեանը հարւածող գործընթացներն, առանց ապահովելու երկրի անվտանգութիւնը երաշխաւորող այլընտրանք:
Նամակում մասնաւորապէս շեշտւած է. «Իբրեւ հայրենիքի ճակատագիրով մտահոգ հայրենասէր երիտասարդներ, յայտարարում ենք, որ կողմ ենք լինելու միմիայն մեր շահերից բխող եւ մեր իրաւունքները պահպանող սահմանազատման եւ սահմանագծման գործընթացին: Միմիայն կողմ ենք լինելու ադրբեջանաթուրքական դաշինքի զօրքերի՝ հայրենիքից դուրսբերմանը, փրկելու համար մեր երկրի ինքնիշխանութիւնը եւ սահմանադրութեան առաջին յօդուածով ամրագրւած սկզբունքները: Միմիայն կողմ ենք լինելու հայրենիքի անվտանգութիւնը պահպանող եւ ամրապնդող գործընթացներին»: