Ո՞վ է դաշնակցական երիտասարդը

ՍԱՐԳԻՍ ՄԿՐՏՉԵԱՆ
Սիրելի՛ ընկերներ,
Հ.Յ.Դաշնակցութեան համահայկական երիտասարդական 12-րդ բանակումը իրականացւում է Հայաստանի, հայութեան եւ Դաշնակցութեան համար իրոք բացառիկ պայմաններում։
Ցաւով ենք արձանագրում այս հաստատումը, որովհետեւ կարող էր բոլորովին այլ ընթացք ունենալ մեր երկրի ու մեր ազգի ճակատագիրը։ Կարող էր դրական լինել, լուսաւոր լինել, վառ գոյներով լինել, բայց այդպէս չէ։
Այդպէս չէ, որովհետեւ 2018 թւականին Հայաստանում իշխանութեան բերւեցին գլոբալիստական ապազգային ուժեր, որոնց համար հայրենիքի ու ազգի գաղափարները խորթ են։ Նրանք հայեցի եւ ազգային դաստիարակութիւն չեն ստացել։ Նրանց համար հայրենիքը ընդամէնը բնակութեան տարածք է, իսկ ազգը ընդհանրապէս անհասկանալի եւ ժամանակավրէպ երեւոյթ։ Կարեւորը քաղաքացին է, որը կարող է այս կամ այլ երկրի քաղաքացի լինել, թէկուզեւ թշնամի երկրի, որը ամէն պահի նախապատրաստւում է քեզ ոչնչացել։ Այդ քաղաքացին է կարեւորը եւ ոչ թէ ազգը, իր ընդհանրութեան մէջ, հազարամեակներով անցած իր ուղով, իր ինքնութեամբ, մշակոյթով, լեզւով, գիտակցութեամբ ու այն բնապատմական միջավայրով, որտեղ կերտել է իր պատմութիւնը եւ որը կոչւում է հայրենիք։
Այսօր, Հայաստանի Հանրապետութեան բանտերում են մեր դաշնակցական ընկերներից մի քանիսը։ Նրանց շարքում Հ.Յ.Դաշնակցութեան Հայաստանի Երիտասարդական միութեան անդամներից երկուսը։ Նրանք, ովքեր հիմա այս բանակումում ներկայ պիտի լինէին, Հայաստանի, այսինքն, մեր հայրենիքի բանտերում են։
Հ.Յ. Դաշնակցութեան Բիւրոյի անդամ ընկեր Դաւիթ Իշխանեանը Ադրբեջանի, այսինքն Հայաստանի ու հայութեան թշնամի երկրի, բանտում է։
Ի՞նչ կապ կայ այս երկուսի միջեւ, ինչո՞ւ են դաշնակցականները Հայաստանի եւ Ադրբեջանի բանտերում։ Ինչո՞ւ են դաշնակցականները հալածանքի ենթարկւում Թուրքիայի, Ադրբեջանի եւ նաեւ Հայաստանի իշխանութեան կողմից։ Այս հարցերի պատասխաններն ուղիղ կապ ունեն այսօրւայ մեր դասախօութեան թեմայի հետ։
Դասախօսութեան թեման է՝ «Ո՞վ է դաշնակցական երիտասարդը»։ Պատասխանենք՝ դաշնակցական երիտասարդն այն երիտասարդն է, ով պաշտպանում է իր ազգի ու հայրենիքի շահերը։ Պաշտպանում է հայոց պետականութիւնը եւ ամէն ջանք գործադրում է, որպէսզի հայոց պետականութիւնը հզօրանայ։ Պայքարում է անարդարութեան դէմ եւ արդարութեան հաստատման ուղղութեամբ։ Այդ անարդարութիւնը կարող է լինել անհատի մակարդակի վրայ, կարող է լինել ազգային կամ միջազգային մակարդակի վրայ։ Դաշնակցական երիտասարդը պայքարում է յանուն արդարութեան հաստատման։
Մեր բանտարկւած ընկերները պայքարել են Հայաստանի ու հայութեան իրաւունքների ու շահերի պաշտպանութեան, հայոց պետականութեան անվտանգութեան ու հզօրացման եւ երկրում արդարութեան հաստատման ուղղութեամբ։
Եւ տրամաբանական հարց է առաջանում, իսկ մի՞թէ Հայաստանի իշխանութիւնը, որի ձեռքում է Հայաստանի պետականութեան ղեկը, չի պաշտպանում Հայաստանի ու հայութեան շահերն ու իրաւունքները։
Անցնող 7 տարիների պատմութիւնն ու փորձը ցոյց են տալիս, որ ո՛չ, չի պաշտպանում։
Եւ որովհետեւ չի պաշտպանում, հայութիւնը կորցրեց իր հայրենիքի մի մասը՝ Արցախը, որտեղ հազարամեակներ շարունակ ապրել են հայերը եւ կերտել են իրենց պատմութիւնը, մշակոյթն ու ինքնութիւնը։
Եւ որովհետեւ չի պաշտպանում, Հայաստանն ու հայութիւնը կորցրեցին Տաւուշից հատւածներ, Վայոց Ձորից հատւածներ, Սիւնիքից հատւածներ։
Եւ որովհետեւ չի պաշտպանում, Հայաստանի բանտերում են յայտնւում Հայաստանի ու հայութեան իրաւունքները պաշտպանող մարդիկ եւ այդ մարդկանց շարքում՝ մեր դաշնակցական ընկերները։
Այս շարքը կարելի է շարունակել։
Ուրեմն՝ ո՞վ է դաշնակցական երիտասարդը։ Դաշնակցական երիտասարդը արդարութեան համար պայքարող երիտասարդն է։ Դաշնակցական երիտասարդը ազգի շահերն ու իրաւունքները պաշտպանող երիտասարդն է։ Դաշնակցական երիտասարդը ազգի ոտնահարւած իրաւունքների ձեռքբերման ուղղութեամբ պայքարող երիտասարդն է։ Դաշնակցական երիտասարդը հայոց պետականութեան հզօրացման համար ամէն ջանք գործադրող երիտասարդն է։ Դաշնակցական երիտասարդը այն երիտասարդն է, ով ձգտում է Հայաստանը դարձնել աշխարհի ամենազարգացած ու ամենաանվտանգ երկրներից մէկը։
Դաշնակցական երիտասարդը ո՛չ միայն Դաշնակցութեան ֆիզիկական շարունակականութեան երաշախաւորն է, այլեւ գաղափարական։ Հետեւաբար դաշնակցական երիտասարդը գաղափարական երիտասարդ է, քաղաքական երիտասարդ է, համոզումներ ունի, իւրատեսակ աշխարհայեացք ունի, արժէքային յատուկ համակարգի տէր է, հաւատում է ժողովրդավարութեանը, հաւատում է ընկերվարութեանը, հաւատում է մարդու իրաւունքներին, եւ չի վարանում յեղափոխական պայքարից, երբ դրա անհրաժեշտութիւնը լինի։
Այս ամբողջը, այսինքն արդարութեան հաստատումը, Հայաստանի ու հայութեան իրաւունքների պաշտպանութիւնն ու ոտնահարւած իրաւունքների ձեռքբերումը, Հայաստանը գերզարգացած ու անվտանգ երկիր դարձնելը՝ կը մնան ցանկութիւնների ծիրում, եթէ չլինի յստակ նպատակ, այդ նպատակին հասնելու յստակ ու մանրամասն ծրագիր, կազմակերպւած աշխատանք, հետեւողականութիւն, կարգապահութիւն, զարգացւածութիւն, խիզախութիւն, քննդատական միտք, նւիրուածութիւն եւ յեղափոխական ոգի։
Սրանք ի՞նչ են նշանակում։ Արդեօ՞ք սոսկ բառեր են, որ հէնց այնպէս գործ ենք ածում, թէ՞ իմաստ ունեն եւ յատուկ նպատակով ենք գործածում։
Սիրելի՛ ընկերներ,
Դուք, որպէս դաշնակցական երիտասարդներ, պէտք է մտածէք, թէ ինչպէս էք տեսնում Հայաստանն ու Սփիւռքը սրանից 5 տարի յետոյ, 25 տարի յետոյ եւ 100 տարի յետոյ։ Այսինքն ինչպէս էք պատկերացնում Հայաստանը եւ Սփիւռքը 2030 թւականին, 2050 թւականին եւ 2125 թւականին։
2030-ին եւ 2050-ին դուք ողջ կը լինէք եւ կը յիշէք այսօրւայ խօսքերը։ 2125-ին դժւար եմ տեսնում մեզանից որեւէ մէկը ողջ լինի, բայց մենք պարտաւոր ենք մտածել մեր ապագայ սերունդների մասին։
Թերեւս այս իմ ասածը երեւակայական թւայ։ Կարող է հարց տաք՝ ինչո՞ ւ եւ ինչպէ՞ս մտածենք այն մասին, թէ սրանից մի քանի տասնամեակ կամ մէկ դար յետոյ ի՞նչ է լինելու, երբ դէպքերի այս ընթացքով, աշխարհաքաղաքական այս արագ զարգացումների պայմաններում, պարզ չէ, թէ վաղը ինչ է լինելու։
Ես համաձայն չեմ այս տեսակէտին, որովհետեւ դա նշանակում է լինել ազդւող եւ ոչ թէ ազդող, գործել օտարների օրակարգով եւ ոչ թէ թելադրել սեփական օրակարգը, ոչ թէ ծրագրւած աշխատել, այլ մնալ բախտի քմահաճոյքին։
Բերեմ մէկ օրինակ։
19-րդ դարի երկրորդ կէսին առաջացաւ պանթիւրքիզմը։ Պանթիւրքիզմը քաղաքական եւ ազգայնամոլական շարժում է, որի նպատակը Բալկաններից մինչեւ Չինաստան ու Սիբիր թիւրքալեզու ցեղերի համախմբումն է մէկ ու միասնական անկախ պետութեան մէջ։ Այդ գաղափարախօսութիւնը սկսզբում շատ աղոտ, բայց աստիճանաբար յղկւեց, բիւրեղացաւ եւ դարձաւ Թուրքիայի, այն ժամանակ Օսմանեան կայսրութեան, յետոյ Թուրքիայի Հանրապետութեան, պետական պաշտօնական, բացայայտ կամ գաղտնի, գաղափարախօսութիւնը։ Սկզբից մինչեւ հիմա այդ ծրագրի իրականացմանը խոչընդոտում է Հայաստանը։ 150 տարի շարունակ թիւրքերը հետապնդել են պանթիւրքական գաղափարներ։ Մշակել են ծրագիր եւ գործադրել են ըստ պայմանների։ Երբ առիթը յարմար է եղել՝ գործադրել են Հայոց Ցեղասպանութիւնը։ Յետոյ ժխտել են ցեղասպանութեան իրողութիւնը։ Շրջափակման մէջ են պահել Հայաստանը։ Գրաւել են Արցախը եւ դատարկել են հայութիւնից։ Այսօր խօսում են Սիւնիքի մասին։
Խօսում են Հայաստանում 300․000 ադրբեջանցու բնակութիւն հաստատելու մասին։ Այսինքն խօսում են իրենց վաղեմի ու մեծ երազանքը իրականացնելու մասին։ Եւ ոչ միայն խօսում են, այլեւ քայլ առ քայլ դա իրականացնում են։
Բերեմ երկրորդ օրինակը։
19-րդ դարի երկրորդ կէսին առաջացաւ սիոնիզմը։ Քաղաքական եւ ազգայնամոլական մի գաղափարախօսութիւն, որի գլխաւոր նպատակը հրեաների համար երկիր ու պետութիւն ստեղծելն էր։ 1948 թւականին կեանքի կոչւեց Իսրայէլ պետութիւնը։ Այսինքն մօտ 100 տարի հրեաները պայքարեցին պետութիւն ստեղծելու համար եւ հասան իրենց նպատակին։ Իսկ այդ օրւանից մինչեւ այսօր, այսինքն շուրջ 80 տարի, Իսրայէլը անընդհատ պատերազմների մէջ է իր հարեւան արաբական երկրների եւ Իրանի հետ՝ իր պետութիւնը պահպանելու հիմնաւորմամբ։
Այս երկու օրինակները ցոյց են տալիս, թէ ինչպէս կարելի է ունենալ գաղափար, մշակել ծրագիր եւ հետեւողականօրէն աշխատել այդ ծրագիրն իրականացնելու համար։
Ցաւօք, մենք այդ հարցում թոյլ ենք եղել։
Չկայ հայոց ազգային այն գաղափարախօսութիւնը, որը, անկախ բոլոր պայմաններից, հայերը հետեւողականօրէն ձգտում են իրականացնել։
Հայ Յեղափոխական Դաշնակցութիւնը, օրինակ, ձգտում է Ազատ, Անկախ ու Միացեալ Հայաստանի կերտմանը։ Ձգտում է Թուրքիայի կողմից Հայոց Ցեղասպանութեան պաշտօնական ճանաչմանը եւ վնասից հատուցմանը։ Ձգտում է Հայաստանում իրաւական, ժողովրդավարական եւ ընկերային արդարութեամբ պետութեան ստեղծմանը։ Ձգտում է գերզարգացած երկիր կերտելուն։ Ձգտում է Սփիւռքի ներուժը Հայաստանի հզօրացմանը ի նպաստ ծառայեցնելուն։ Համոզւած է, որ կայ մէկ ազգ եւ մէկ հայրենիք։ Համոզւած է, որ Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին մեր ինքնութեան տարրերից մէկն է, որն ազգի համախմբան գործում անգնահատելի դեր ունի եւ որին պիտի պաշտպանել։ Համոզւած է, որ հայ մարդն արժէք է, որի իրաւունքները պիտի պաշտպանւած լինեն ամէնուրէք, բայց մանաւանդ Հայաստանում։
Հայաստանի Հանրապետութեան այսօրւայ իշխանութիւնը այս ամբողջի ճիշտ հակառակն է մտածում։ Նրանց համար Հայ Դատը, Արցախը, Սփիւռքը, Հայոց Առաքելական Սուրբ Եկեղեցին եւ ազգային շատ ու շատ ուրիշ բաներ՝ որեւէ արժէք չեն ներկայացնում։ Որովհետեւ, ինչպէս ամենասկզբում ասացի, նրանք գլոբալիստական ապազգային ուժեր են։
Ահա այդտեղ պէտք է փնտրել Հ.Յ.Դաշնակցութեան եւ Հ.Հ. այսօրւայ իշխանութեան գաղափարաքաղաքական տարակարծութեան հիմքերը։
Մենք պարտաւոր ենք ունենալ տեսլական եւ այդ տեսլականին հասնելու ծրագիր։ Մենք պարտաւոր ենք ճիշտ գնահատել մեր եւ մեր թշնամիների կարողութիւնները, թոյլ ու ուժեղ կողմերը, ուժերի յարաբերակցութիւնը։
Ինչպիսի՞ն ենք ուզում լինի Հայաստանը սրանից հարիւր տարի յետոյ։ Ինչպէ՞ս ենք տեսնում Սփիւռքի գաղթօջախները սրանից յիսուն կամ հարիւր տարի յետոյ։ Դրան հասնելու համար ի՞նչ պիտի անել։ Ո՞րն է հայ մարդու, այս պարագային դաշնակցական երիտասարդի դերը այդ ամբողջի մէջ։
Նշենք մի քանի յատկանիշ.
Առաջին՝ գաղափարապաշտութիւն եւ քաղաքական գիտակցութիւն։ Դաշնակցական երիտասարդը պիտի լինի գաղափարականացած եւ քաղաքականացած։
Պիտի գիտենայ Դաշնակցութեան Ծրագիրը։ Պիտի տեղեակ լինի Դաշնակցութեան աշխարհայեացքին։ Դաշնակցութիւնը ինչպէ՞ս է տեսնում հարցերը։ Այս կամ այն հարցի կապակցութեամբ ինչու՞ է այսպէս մտածում։ Ինչու՞ է այս նպատակը ճշտել։ Ո՞րն է հիմքը։ Մեր օրերին ի՞նչ է տեղի ունենում աշխարհում, մեր տարածաշրջանում, մեր երկրում։ Ինչու՞։ Որո՞նք են պատճառները։ Այս ամբողջը անհրաժեշտ է, որպէսզի խորքային ճանաչողութիւն եւ մօտեցում ունենանք հարցերի կապակցութեամբ։
Երկրորդ՝ նպատակասլացութիւն։ Իւրաքանչիւր մարդ, թէ՛ անձնական, թէ՛ հաւաքական կեանքում, պիտի ունենայ նպատակ։ Ինչի՞ն է ուզում հասնել։ Դա պիտի յստակ լինի։ Եթէ դա չկայ, ուրեմն կընկնի կեանքի ալիքների գիրկը։ Մի օր այս կողմից, մէկ ուրիշ օր այն կողմից, կը քշւի հոսանքի կողմից՝ առանց լուրջ բանի հասնելու։ Հետեւաբար պիտի ճշտել յստակ նպատակ եւ քայլ առ քայլ ձգտել հասնելու այդ նպատակին։
Երրորդ՝ որակ։ Մարդը պիտի բարձր որակ ունենայ այն բանում, ինչն իրեն հետաքրքրում է, որն իր կեանքի ասպարէզն է կամ մասնագիտութիւնը։ Կիսատ-պռատ չպիտի լինի։ Տւեալ ոլորտում մարդուն պիտի փնտրեն։ Դաշնակցական երիտասարդը պիտի բազմակողմանիօրէն զարգացած լինի, լաւապէս մի քանի օտար լեզու իմանայ, անընդհատ ինքնակրթութեամբ ու ինքնազարգացումով զբաղւի։
Չորրորդ՝ կազմակերպւածութիւն։ Բազմաթիւ հայ հայրենասէր ու ազգասէր մարդիկ կան։ Միայն դաշնակցականները չեն։ Բայց դաշնակցականների տարբերութիւնը միւսներից այն է, որ կազմակերպւած են։ Եւ սա է վախ պատճառում թշնամուն։ Դաշնակցութիւնը կազմակերպութիւն է։ Կազմակերպւածութիւնը խիստ կարեւոր է ե՛ւ անձնական կեանքում, ե՛ւ հաւաքական կեանքում։
Հինգերորդ՝ կարգապահութիւն եւ հետեւողականութիւն։ Ցանկացած գործի յաջողութեան հիմքը կարգապահութիւնն է։ Նպատակին հասնելը պիտի լինի ամէնօրեայ խնդիր։ Ամէն օր պիտի աշխատել այդ ուղղութեամբ եւ ընդ որում՝ անվհատ։ Որովհետեւ կեանքում հազար ու մի անկանխատեսելի բաներ կարող են պատահել, որոնք կարող են մարդուն շեղել նպատակին հասնելու ճանապարհից։ Անվհատ կերպով եւ ամենայն կարգապահութեամբ պիտի հետեւողականութիւն ցուցաբերել նպատակին հասնելու համար։
Վեցերորդ՝ յանձնառութիւն։ Դաշնակցական երիտասարդը յանձնառու երիտասարդ է։ Յանձնառու իր անձի նկատմամբ, իր ընտանիքի նկատմամբ, իր ազգի ու պետութեան նկատմամբ։ Անպատասխանատու մարդը որեւէ բանի պիտանի չէ։ Պատասխանատւութեան գիտակցութիւն պիտի ունենալ շրջապատի նկատմամբ։
Եօթերորդ՝ յեղափոխականութիւն։ Դաշնակցական երիտասարդը պիտի յեղափոխական նկարագիր ունենայ։ Մարտունակ լինի։ Յեղափոխութիւն ո՛չ միայն դասական իմաստով, այլ նաեւ յեղափոխութիւն մտքերի ու արժէքների հարցում։ Պիտի պայքարել քարացած մտքերի ու կարծրատիպերի, հաշտւողականութեան ու յարմարւողականութեան դէմ։
Ութերորդ՝ քննադատական միտք։ Դաշնակցութեանը կոյր հետեւորդներ պէտք չեն, այլ քննադատական միտք ունեցող երիտասարդներ։
Երիտասարդներ, ովքեր հալած իւղի պէս չեն ընդունում ամէն բան եւ մտածելու ու վերլուծելու կարողութիւն ունեն։ Երիտասարդներ, ովքեր կարող են նոր միտք, նոր գաղափար, նոր գործելաոճ բերել Դաշնակցութիւն։ Նորարարական միտքը կարեւոր է պայքարի շարունակականութիւնը ապահովելու եւ յաջողութեան համար։
Իններորդ՝ պետականասիրութիւն։ Պետութիւնը ժողովրդի քաղաքական կազմակերպւածութեան բարձրագոյն մակարդակն է։ Պետութիւնն է, որ երաշխաւորում է ազգի անվտանգութիւնը, պաշտպանում է իր քաղաքացիների իրաւունքը, ապահովում է երկրի զարգացումը։ Մենք դարեր շարունակ պետութիւն չենք ունեցել, իսկ 1991 թւականից, ի դէմս վերանկախացած Հայաստանի, արդէն 34 տարի է ինչ ունենք պետութիւն։
Ինչքան պետութիւնը հզօր լինի՝ այդքան պաշտպանւած կը լինի քաղաքացին։ Մեր պարագային՝ ինչքան հայոց պետութիւնը հզօր լինի՝ այդքան պաշտպանւած կը լինի հայ մարդը։ Հետեւաբար պետութեան հզօրութեանը նպաստելը իւրաքանչիւր հայ մարդու, իւրաքանչիւր դաշնակցական երիտասարդի պարտականութիւնն է։
Սիրելի՛ ընկերներ,
34 տարի է անցել Հայաստանի Հանրապետութեան վերանկախացումից։ Այսօր Հայաստանը կանգնած է բազմաթիւ մարտահրաւէրների առջեւ։
Բազմաթիւ մարտահրաւէրների առջեւ է կանգնած նաեւ Սփիւռքը։ Մտածել, որ կը գայ այն օրը, երբ մարտահրաւէր չենք ունենայ՝ սխալ է։
Մարտահրաւէրները կը շատանան կամ կը պակսեն, բայց չեն վերանայ։ Այստեղից էլ «Յարատեւ կռւի» գաղափարը։ Մեր պայքարը անվերջ է եւ հետեւաբար պիտի ամենայն համբերատարութեամբ, աննկուն կամքով, ամէնօրեայ աշխատանքով դիմագրաւել այդ մարտահրաւէրները՝ յանուն Հայաստանի ու հայութեան վառ ապագայի, յանուն հզօր երկիր ու պետութիւն եւ հզօր Սփիւռք ունենալու։
Ելոյթ ՀՅԴ Երիտասարդական-ուսանողական 12-րդ Համահայկական բանակումի ժամանակ
Հանքաւան 16 յուլիս, 2025 թ.
«Դրօշակ» թիւ 7, 2025 թ.