«Դրօշակ»-ի Առաջնորդող. Նոր բաժանարարի առջեւ

2025 թ. յունւարի 24-ին շւէյցարահայ համայնքի հետ հանդիպման ժամանակ Նիկոլ Փաշինեանն ասում է. «Մենք Հայոց Ցեղասպանութեան պատմութեանն էլ պէտք է վերադառնանք, պէտք է հասկանանք, լաւ՝ ինչ է տեղի ունեցել եւ ինչու է տեղի ունեցել, եւ ինչպէս ենք մենք դա ընկալել, ում միջոցով ենք ընկալել, ոնց է, որ 1939 թ.-ին Հայոց Ցեղասպանութեան օրակարգ չի եղել, եւ ոնց է որ 1950-ին Հայոց Ցեղասպանութեան օրակարգ յայտնւել է: Սա մենք պէ՞տք է հասկանանք, թէ՞ չպէտք է հասկանանք»։ Խօսքի միւս հատւածների հետ կապելով ակնյայտ է դառնում Փաշինեանի ակնարկը՝ օտարն է այս հարցը մեզ պարտադրել իր քաղաքական հաշւարկներից ելնելով։ Որ Նիկոլ Փաշինեանը մեծ մանիպուլիատոր է, ոչ մէկի համար այլեւս գաղտնիք չէ, բայց շարունակում է հայ հասարակութեան զարմանքը յարուցել այն, թէ այս մարդը որքան է սրբապիղծ եւ ինչպէս կարող է խաղ անել ազգի ամենանւիրական զգացումների ու արժէքների հետ։ Իհարկէ, այս անարգանքին յետեւեց Սփիւռքի ու Հայաստանի լայն արձագանգը եւ կարճ ժամանակ անց խօսքերի հեղինակը փորձեց արդարանալ, որ բոլորովին այն չէր նկատի ունեցել, ինչ որ մարդիկ հասկացել էին։
Փաշինեանի պարզունակ եւ ցնորամիտ թւացող մտքերը իրականում խորքային իմաստ ունեն, եւ տարբեր ժամանակներում ասւածը տրամաբանական մէկ շղթայի մէջ դիտարկելով՝ ակնյայտ է դառնում դրանց քաղաքական գաղափարական նպատակադրւածութիւնը։ Կոնկրետ պարագայում Փաշինեանի ակնարկն ուղղւած է Ռուսաստանի կողմը, որն, ըստ իրեն, Ցեղասպանութեան օրակարգը «փաթաթել է հայ ժողովրդի վզին»՝ Թուրքիայի նկատմամբ որդեգրած քաղաքականութիւնից ելնելով։ Պէտք է խոստովանենք, որ մոլի հակառուս Նիկոլին յաջողւեց անցնող տարիների ընթացքում հայ ժողովրդի մի զգալի հատւածի դարձնելու հակառուս՝ Ռուսաստանին մեղադրելով մեր բոլոր դժբախտութիւնների՝ այդ թւում եւ հէնց Նիկոլի ձախողումների ու դաւաճանութիւնների համար։
2024 թւականի մարտի 12-ի ասուլիսում նա ասում է, թէ Ղարաբաղի հարց վաղուց չի եղել, այն լուծւած է եղել 2013, 2016 թւականներին, Ղարաբաղն առիթ է եղել, որպէսզի լուծեն Հայաստանի հարցը, եւ ով այդ հարցում շահագրգռւած է եղել, նա շահագրգռւած է եղել նաեւ, որպէսզի պատերազմ լինի, Արցախի ժողովուրդն արտագաղթի Հայաստան, որովհետեւ այստեղ իրենց ռեուրսները բաւարար չէին յեղաշրջում անելու համար։ Հետեւաբար, արցախցիներն այստեղ անհրաժեշտ են եղել, որպէս յաւելեալ ռեսուրս Նիկոլ Փաշինեանին իշխանութիւնից հեռացնելու նպատակով։ Ահա այսպէս, թէ չէ ի՜նչ Արցախ, ի՜նչ արցախահայութեան ճակատագիր, Նիկոլն ուզում էր ի վերջոյ անկախացնել Հայաստանը, իսկ Ռուսաստանը ձգտում էր նոր յեղաշրջմամբ վերջնականապէս մեր երկիրն իրեն ենթարկել:
Մենք խօսքն ուղղակի չենք մէջ բերել, սակայն իմաստը ստոյգ է, եւ հետաքրքրւողը կարող է թարմացնել յիշողութիւնը՝ դիտելով տեսանիւթը։ Իհարկէ, կրկին մեղաւորը ռուսներն են, իսկ պատերազմ յայտարարողի, ցեղասպանական գործողութիւններին մասնակից եւ աջակից Թուրքիայի, Իսրայէլի Պակիստանի մասին ոչ մի խօսք, եւ ոչ միայն այս անգամ, այլեւ առհասարակ։
Նոյն քաղաքական նպատակին է ծառայում նաեւ վերջին շրջանում Փաշինեանի հրամցրած այն միտքը, թէ 44-օրեայ պարտութեան միջով անցնելով՝ մենք ձեռք ենք բերել անկախ ինքնիշխան պետութիւն ունենալու հնարաւորութիւն։ Ոչ ոք թող չմտածի, թէ այս աշխարհացունց մտքերն այժմ են յայտնւել Հայաստանի ղեկավարի գլխում։ Նա դրանցով ներարկւած է եղել իշխանութեան գալուց շատ աւելի վաղ, պայքարել է դրանց համար հրապարակներում ու խորհրդարանում եւ դրանք կեանքի կոչելու հնարաւորութիւն է ստացել իշխանութեան գալով։
Յիշենք նաեւ խորհրդարանում հնչեցրած այն միտքը, թէ՝ պէտք է 2018-ին ասէի, որ ԼՂ-ն պէտք է լինի Ադրբեջանի կազմում, իմ ձախողումն է, որ չեմ ասել։ Նիկոլ Փաշինեանի գլխում ամրացած տարիների համոզումն է եղել, թէ Արցախն ընդամէնը խայծ է, որով ռուսները մեզ պահում են իրենցից կպած, եւ եթէ ազատւենք դրանից, ազատօրէն կարող ենք պոկւել նրանցից եւ 180 աստիճան փոխել պետութեան կողմնորոշումը։
Այլ առիթներով Փաշինեանը քննադատում է 200 տարւայ այդ կողմնորոշումը՝ համարելով այն սխալ, կարծես եթէ դրա փոխարէն հաւատարմութիւն յայտնէինք թուրքերին, ոչ ցեղասպանութիւն կը լինէր, եւ ոչ էլ այսպիսի պատմական ճակատագիր։ Իսկ մտածե՞լ է Փաշինեանը, թէ ինչու արեւմտահայութեան հետ պատահեց այն, ինչ որ պատահեց, երբ հայութեան այդ հատւածը հաւատարմօրէն ծառայում էր իր պետութեանը, ծաղկեցնում էր այն տնտեսապէս, ֆինանսապէս, մշակոյթով եւ այլ կերպ։ Ինչու ցեղասպանութիւն կազմակերպւեց այն ժամանակ, երբ, ըստ էութեան, ողջ մարտունակ տղամարդ բնակչութեանը, Առաջին աշխարհամարտի ժամանակ արեւմտահայութիւնն ուղարկեց թուրքական ճակատ։ Փաշինեանական տրամաբանութիւնը հակառակ գաղափարախօսութեամբ է մշակւած, եւ շատ յստակօրէն ծրագրաւորւած է Հայաստանը Ռուսաստանի հետ դաշնակցային յարաբերութիւնների դաշտից դուրս բերելու եւ մտցնելու ադրբեջանաթուրքական ազդեցութեան շրջագիծ։ Հէնց դրան էլ յարմարեցնում է Հայաստանի ղեկավարը երկրի ոչ միայն քաղաքականութիւնը, այլեւ պատմութիւնը, պատմական յիշողութիւնը, արժէքային համակարգը։ Գաղափարական խնդիրն այստեղ դառնում է ամենակարեւորը, որովհետեւ, եթէ ամերիկացի Բոլթոնի ակնարկած պատմաքաղաքական մտակաղապարի փոփոխութիւնը չլինի, անհնար է հայ ժողովրդին արեւմտեան փարոսով տանելը դէպի թուրքական հպատակութիւն։
Այս նպատակին է ծառայում Նիկոլի մոգոնած (կամ որդեգրած) իրական Հայաստանի, այսպէս կոչւած, գաղափարախօսութիւնը։ Եւ առանց նպատակը ծամծմելու «հայկական ժողովրդավարութեան հայրը, բացայայտ ու հանգիստ արտաբերում, է թէ. «Մեր պետական-հանրային կեանքի բոլոր ոլորտներում այս գաղափարախօսութիւնը պէտք է որդեգրւի»։ Այլ խօսքով, նպատակն է բոլշեւիկներից յետոյ Հայաստանը դարձնել երկրորդ կուսակցապետութիւնը՝ պարտոկրատիան, հաստատելով իշխող ուժի գաղափարական մենաշնորհը։ Հայրենիք-պետութեան տւեալ մեկնաբանութիւնն այլ բան չի նշանակում, քան ներկայիս Հայաստանից զատել նրա պատմութիւնն ու պատմական հարցերը, զատել Սփիւռքն ու այն ամէնը, ինչը չի տեղաւորւում ՀՀ ներկայիս սահմանների մէջ, հրաժարւել պետութեան ազգային բովանդակութիւնից եւ դարձնել այն մի տարածք, ուր հայ մարդը կունենայ միայն ուտելու եւ բազմանալու իրաւունք։ Սոյն գաղափարախօսութեան հիմքում էլ «որտեղ հաց՝ այնտեղ կաց» սկզբունքն է, որի դրական իմաստը, փաստօրէն, ոչ ոք չէր հասկացել մինչեւ Նիկոլ Փաշինեան։
Փաշինեանը Հայաստանն իր ծրագրած (իրեն թելադրւած) հունի մէջ կարող է դնել, երբ կը յաղթի նոր ընտրութիւններում եւ նոր մանդատը ներկայացնելով, որպէս իր ծրագրի նկատմամբ վստահութեան քւէ՝ կիրականացնի այն։ Իսկ աշխարհաքաղաքական իրավիճակի արմատական փոփոխութիւնն աշխարհի վրայ փլուզում է գլոբալիստական, վերազգային գաղափարախօսութիւնը եւ այն դաւանող ուժերին, որոնք եւ սատարել են Հայաստանի իշխանութեանը։ Ամերիկեան թիկունքի կորուստը մի կողմից որոշակիօրէն որբացրեց հայ գլոբալիստներին, իսկ միւս կողմից ստիպեց նրանց, որ առաւել ամուր փարւեն նրանց, ում իրենք դեռ պէտք են։ Իսկ պէտք են համապատասխան ծրագրերը կենսագործելու համար, այլապէս գլոբալիստական Եւրոպան այսօր ինքն է պառակտման շեմին։ Եւրամիութեանը միանալու Հայաստանի խորհրդարանի որոշման կարիքը բոլորովին չկար, նոյնիսկ այդ ճանապարհով գնալու համար։ Բայց նման որոշումն անհրաժեշտ էր հովանաւորներին վստահեցնելու նպատակով, որ Հայաստանի իշխանութիւնն անշեղօրէն շարունակում է Ռուսաստանից կտրւելու եւ նոր ուղիով գնալու իր կուրսը։ Կպահպանւի՞ արդեօք Եւրամիութիւնը եւ պահպանւելու դէպքում արդեօ՞ք իր գործող էլիտաների հետ չի՞ փոխւելու գաղափարական արժեհամակարգով։ Ըստ էութեան, հռչակւած այս նոր քաղաքականութեան «հայ հեղկոմի» համար հնարաւոր փոփոխութիւնը շատ էլ էական չէ, որովհետեւ նրա հովանաւորներն ու Եւրամիութիւնը միշտ չէ, որ նոյնանում են։ Միւս կողմից՝ այս դեռ փայլփլացող խայծը հարկաւոր է գալիք ընտրութիւններում ժողովրդին իր ետեւից տանելու համար։
Ռուսաստանից աւելի ու աւելի յստակօրէն զգուշացնում են, որ Հայաստանը կարող է կորցնել այն ամէնը, ինչ որ ստանում է այս դաշինքից, որը նշանակում է փոխադարձ առեւտուր, գազ, էլեկտրաէներգիա, ամենամեայ կայուն տրանսֆերտներ եւ այլն։ Միեւնոյն ժամանակ այսօրւայ վիճակով ոչ մի խոստում չկայ, որ այդ կորցրածից որեւէ բան Արեւմուտքը պատրաստ է լրացնել։
Ինչո՞ւ է Հայաստանի իշխանութիւնը շտապում կտրել այն ճիւղը, որին նստած է, երբ կողքին այլ ճիւղ չկայ, որից կարող է կառչել։ Գուցէ նա չի՞ կարող այլ բան անել, որոշակի «ծանրակշիռ փաստարկների» առկայութեամբ։ Եւ գուցէ Հայաստանի կորուստների հաշւին այս իշխանութիւնը կը ստանա՞յ երաշխիք մնալու իր աթոռին։ Գուցէ կայ ա՞յլ բացատրութիւն։ Իշխանութիւնն այս օրերին կատաղօրէն հակադարձում է Արցախի, արցախցիների դատի, անգամ Բաքւում հաշւեյարդարի ենթարկւող հայ ռազմաքաղաքական էլիտայի օգտին ձայն բարձրացնողներին։ Իշխանութիւնը, թքելով օրինականութեան վրայ, պատրաստւում է տեղական ընտրութիւններում ամէն ճանապարհով յաղթանակ ապահովել իր թիմակիցների համար։ Այս փաստերը եւս նոյն սցենարին են մաս կազմում՝ արտաքին աջակցութեամբ եւ ներքին լծակներով համապետական առաջիկայ ընտրութիւններում ապահովել սեփական վերարտադրութիւնը։ Ինքնապահպանման սրւած բնազդի թելադրանքով ամէն ինչ սկսում է դրսեւորւել բաց եւ կոպիտ ձեւով։
Այնինչ, հանրային դաշտում ինչ որ մարդիկ սահմանել են նոր բաժանարար, ըստ հետեւեալ հարցադրման՝ հա՞յ ես, թէ՞ Նիկոլական։ Ներքին բաժանարարները միշտ էլ վտանգաւոր են, բայց եւ ճիշտ է, որ գնալով իրարից օտարւում են հայ եւ նիկոլ երեւոյթները։ Մէկի յաղթանակը կը լինի միւսի անկումը, իսկ տարանջատումն անխուսափելի է։
Դրօշակ թիւ 2 2025 թ.