ՀՅԴ Մամուլ

Լոյս է տեսել ՀՅԴ պաշտօնաթերթ «Դրօշակ»-ի 2026 թ․ 7-րդ համարը

Ընթերցողին է ներկայացւել «Դրօշակի» 2026 թ. 7-րդ համարը: Թերթի յուլիսեան համարը նոյնպէս հագեցած է նիւթերով, որոնց մէջ իհարկէ գերակշռում են Հայաստանի կեանքին վերաբերող յօդւածները: Առաջնորդող յօդւածի ասելիքի առանցքում այն իրողութիւնն է, որ Հայաստանում յունիսի սկզբին տեղի ունեցած ընտրութիւնները չլիցքաթափեցին ներքաղաքական, ներհասարակական լարւածութիւնը:

Հակառակը, դրանք աւելի խորացան՝ խրոնիկական հիւանդութեան նման: Միւս կողմից արտաքին մարտահրաւէրներն աւելացան, որովհետեւ իշխանութիւնը երկրի հիմնահարցերը կապեց արտաքին շահագրգիռ ուժերի հետ՝ մէկ դէպքում սրելով առկայ խնդիրները, իսկ այլ դէպքում մեծացնելով կախւածութիւնը վերջիններից:

Արեւելագէտ Լիանա Պետրոսեանը գրում է, որ եթէ հայաստանեան ընտրութիւնների նախօրեակին Ադրբեջանը սպասողական վիճակի մէջ էր, ապա յետընտրական առաջին իսկ շաբաթներից վերջինս մեծացրել է ճնշումը Հայաստանի իշխանութիւններից իր պահանջների հարցում: Լ. Պետրոսեանը յիշեցնում է, թէ Հայաստանի ու Ադրբեջանի փոխյարաբերութիւնների վերաբերեալ նախընտրական շրջանում ինչ յայտարարութիւններ էր անում Երկրի վարչապետը եւ ինչ մտահոգութիւններ ունէր ընդդիմութիւնը: Ընտրութիւններից անմիջապէս յետյ ակնյայտ դարձաւ, որ ընդդիմութիւնը ճիշտ էր այն հարցերում, որոնց վերաբերեալ իր անհանգստութիւնն էր փոխանցում հայ հանրութեանը:

Քաղաքագէտ Վահէ Դաւթեանը անդրադառնալով Հայաստանի գէոտնտեսական շրջադարձին դէպի Եւրոպա փաստում է, թէ ինչ հիմնահարցերի առջեւ է յայտնւելու Հայաստանը, գրում է այն պատրանքների մասին, որոնք Հայաստանի իշխանութիւնները ստեղծում են երկրի համար, հրաժարւելով աւանդական էներգետիկ կապերից հաշւարկ անելով անորոշ հեռանկարի հետ:

Պատմաբան Տարօն Յակոբեանը, շարունակելով «Դրօշակի» նախորդող համարներում ներկայացրած յօդւածաշարը անդրադառնում է Արցախի Հանրապետութեան ձեւաւորման շրջանում հայոց երկրորդ հանրապետութեան դիմագրաւած ներքաղաքական խնդիրներին՝ արտաքին բարդ մարտահրաւէրների պայմաններում:

Մարի Յովհաննիսեանն, իր հերթին, ներկայացնում է Արցախի մանուկ հանրապետութեան կայացման ծանր շրջանում հայ բնակչութեան նկատմամբ պետական մակարդակով կազմակերպւած ադրբեջանական վայրագութիւններին: Անդրադառնալով 1992 թւականի ագրեսիայի ժամանակ Շահումեանի ու Մարտակերտի շրջանների բնակչութեան արտագաղթին այս անգամ հեղինակը ներկայացնում է Մարտակերտի Հաթերք գիւղի բնակչութեան նկատմամբ իրականացւած ցեղասպանական բնոյթի ոճրագործութիւնները:

Ընթերցողը «Դրօշակ»-ի յուլիսեան համարում կգտնի այլ հետաքրքրական հրապարակումներ եւս:

«Դրօշակ»-ի 2026 թ. 7-րդ համարը համացանցում կարող էք գտնել droshak.am հասցէի ներքոյ:

Ներբեռնել համարը «Դրօշակ» թիւ 7. 2026 թ.

Related Articles

Back to top button