«Դրօշակ»-ի առաջնորդող. Ասպարէզը՝ յաղթանակի հաւատացողներին
44-օրեայ պատերազմից յետոյ Նիկոլ Փաշինեանը յայտարարեց, թէ «նախորդները» վաղուց յանձնել էին Արցախը: Նա տարբեր առիթներով կրկնում է այդ միտքը՝ ամէն անգամ յիշելով նախկինում տեղի ունեցած տարբեր բանակցութիւններ եւ փաստաթղթեր: Կարծես ոչ մի նշանակութիւն չունի, որ գերագոյն հրամանատար Փաշինեանի գլխաւորութեամբ երկիրը աննախադէպ պարտութիւն է կրել, իսկ աւելի շատ տարածքներ երկրի ղեկավար գերագոյն գլխաւոր հրամանատարը «յանձնել է թղթով»: Նշանակութիւն չունի, որ 2016 թւականի քառօրեայ պատերազմից յետոյ Ալիեւը խոստովանել էր, որ արտաքին ուժերը իրեն ստիպում են ճանաչել Ղարաբաղի անկախութիւնը: Ու նոյն Ալիեւը «գլխի չէր ընկնում» Փաշինեանի մատնանշած փաստաթղթերին յղում անել եւ խաղաղ ճանապարհով Արցախը «թղթով ստանալ», ոչ թէ ռազմական սադրանքներ հրահրել թէ՛ նախկինների եւ թէ՛ Փաշինեանի օրօք:
Նշանակութիւն չունէին, կարծես, երկրի ղեկավար եղած ժամանակ Փաշինեանի յայտարարութիւնները, թէ բանակցութիւնները սկսում է իր զրոյական կէտից, եւ թէ Արցախը Հայաստան է եւ վերջ: Ինչպէս եւ նշանակութիւն չունեն օտարերկրեան բարձրաստիճան պաշտօնեաների եւ հեղինակաւոր կազմակերպութիւնների ներկայացուցիչների յայտարարութիւնները, որ Նիկոլ Փաշինեանը առաջին հայ ղեկավարն է, որը Ղարաբաղը ճանաչել է Ադրբեջանի կազմում, եւ այս պաշտօնական ճանաչումից յետոյ իրենք ոչինչ չեն կարող անել:
2020 թ. հայկական գերիշխանութեանը ենթակայ տարածքի 25 տոկոսը թշնամուն զիջելուց յետոյ Հայաստանի ղեկավարութեան համար իշխանութիւնը պահելու հարցը դարձաւ ինքնանպատակ եւ նրա քաղաքականութեան մէջ գերակայ դարձաւ հետեւեալ մարտավարութիւնը՝ գոհացնել արտաքին շահագրգիռ ուժերին, որպէսզի իշխանութեան գլխին իր մնալը լինի ձեռնտու, իսկ երկրի ներսում հնարաւորինս գաղտնի պահել տեղի ունեցող բանակցային գործընթացներն ու հնարաւոր լուծումների հեռանկարը, ներկայացնել փաստերը ոչ ամբողջովին, անյստակ ձեւով՝ դրանք «մարսեցնելով» հայ հասարակութեանը որպէս «օբիեկտիւ» իրավիճակից փրկութիւն եւ երաշխիք մշտական խաղաղութեան համար: Որպէսզի ներքին հնարաւոր բողոքը յանկարծ չսրբի դէն նետի իշխանութեանն ու նրա պայմանաւորւածութիւնները թուրքերի հետ, մանրամասնօրէն չեն ներկայացւում նախկին անկլաւները զիջելու, հաղորդակցական ուղիների բացման հանգամանքները, երբ յայտնի չէ, Հայաստանը կը ստանա՞յ որեւէ բան անկլաւները զիջելու ժամանակ կամ յայտնի է, որ Ադրբեջանի եւ մանաւանդ Թուրքիայի պահանջը մնում է Հայաստանի տարածքով «միջանցքի» ձեռքբերումը, որի նկատմամբ իրաւազօրութիւնը կը պատկանի իրենց:
Ի դէպ, Ադրբեջանի իշխանութիւնն իր հասարակութեան համար բացայայտում է սեփական յաւակնութիւնները՝ Սիւնիքը, եթէ ոչ ողջ Հայաստանը, անւանելով «Արեւմտեան Ադրբեջան», խօսում է ադրբեջանցի փախստականների Հայաստան վերադարձի, միջանցքի խնդրի մասին, Արցախի հարցը յայտարարում է փակւած եւ այլն: Ընդորում, Արցախի խնդիրը վերջնականապէս փակելու համար Ադրբեջանի իշխանութիւնը պահանջեց եւ Հայաստանի իշխանութիւնից ստացաւ պայմանագրային գրաւոր հաւաստում այն մասին, որ Արցախը պատկանում է Ադրբեջանին: Նիկոլ Փաշինեանն, իրեն բնորոշ ձեռնածութեամբ, փորձեց ներկայացնել, թէ Հայաստանի ու Ադրբեջանի տարածքների չափերը փոխկապակցւած են եւ մէկով պայմանաւորւած են միւսի չափն ու անխախտելիութիւնը:
Այնինչ ադրբեջանական կողմն ընդհանրական յայտարարութիւն անելով տարածքային ամբողջականութեան մասին՝ երբեք չի կոնկրետացնում դրա սահմանների ու չափերի հարցը, այլ ընդհակառակը՝ ոչ միայն նոր տարածքներ է պահանջում, այլեւ այս պահին 200 քառակուսի կիլոմետր խորացել է Հայաստանի սահմաններից ներս եւ նպաստաւոր դիրքերում ամրանում է թէ՛ ամրաշինական աշխատանքների, թէ՛ ռազմուժի ու զինտեխնիկայի կուտակման ճանապարհով: Ադրբեջանական կողմը վերջերս հրաժարւեց նաեւ սահմանների յստակեցման համար հիմք ընդունել կոնկրետ քարտէզներ, եւ պահանջում է, որ այդ հանգամանքը տեղ չգտնի կնքւելիք խաղաղութեան պայմանագրում: Դա եւս վկայում է, որ խաղաղութեան պայմանագիրը կնքելով, ինչպէս նոյեմբերի 9-ին տեղի ունեցաւ, թշնամին ամրագրելու է նոր ձեռքբերումները, յետոյ դրանք մեկնաբանելու է ըստ ցանկութեան եւ կանգ չառնելով գրւածի սահմաններում՝ առաջ է շարժւելու նոր նւաճումների եւ նոր պահանջների ճանապարհով:
Ասւածը տեսական ենթադրութիւն չէ, այլ բխում է նոյեմբերի 9-ից յետոյ տեղի ունեցածից, ինչպէս եւ ադրբեջանաթուրքական աշխարհաքաղաքական ակնառու յաւակնութիւններից: Այս առումով Փաշինեանի ոչ պատահականօրէն յայտնւելը Հայաստանի իշխանութեան ղեկին Ալլահի նւէրն էր, որի միջոցով թուրքական տանդեմը կարճ ժամանակում ստացաւ աներեւակայելին եւ հիմա շտապում է ձեռք բերել շատ աւելին՝ հայ ժողովրդին հասցնելով այնպիսի մի իրավիճակի, որ երբեւէ որեւէ ազգային իշխանութիւն ունակ չլինի վերականգնելու հայոց պետութեան ինքնիշխանութիւնը: Նիկոլ Փաշինեանը յայտարարում է, թէ պատմութեան ընթացքում մենք աւելի շատ յարաբերւել ենք Ադրբեջանի ու Թուրքիայի, քան Ռուսաստանի հետ, եւ չի ասում, որ այդ յարաբերութիւնները եղել են իրաւական, սոցիալ-տնտեսական, իսկ այնուհետ՝ ցեղասպանական գործողութիւններով հայ ժողովրդի դուրս մղման եւ նրա բնօրրանի իւրացման երկարատեւ գործընթաց: Դարերի եւ յատկապէս վերջին երկու հարիւր տարիների ընթացքում թշնամական տանդեմն իր ծրագրերը իրականացրել է գրեթէ ամբողջապէս եւ հիմա հետապնդում է մեր պատմական հայրենիքից մնացած մէկ տասներորդին եւս փաստացի տէր դառնալու խնդիրը՝ Նիկոլ Փաշինեանի իշխանութեան բարենպաստ պայմաններում: Հայաստանի ղեկավարը կատարում է թշնամու պահանջները՝ յոյս ունենալով, որ նրանք մի տեղ կանգ կառնեն եւ որպէս դրա երաշխաւորի՝ ցանկանում է ապաւինել Արեւմուտքի երաշխիքներին:
Ակնյայտ է, որ Փաշինեանը չի հաւատում, որ հայ ժողովուրդն ընդունակ է ինքն իրեն պաշտպանելու եւ հակառակը՝ ձգտում է թոյլ չտալ, որ տեղի ունենայ ժողովրդի ոգու նոր վերելք: Իհարկէ եթէ նա ունակ լինի սթափ գնահատելու, կընդունի, որ հայկական ինքնապաշտպանութեան փլուզումը, եւ նորի կազմակերպման անհնարինութեան մտայնութիւնը իր իշխանութեան գալու եւ իր պարտւողական գաղափարախօսութեան արգասիքն են: Այդ իմաստով հայ ժողովրդի նկատմամբ նրա առաջին եւ ամենամեծ դաւաճանութիւնը ռազմական եւ պետական կառավարման փորձի լիովին բացակայութեան պայմաններում փաստացի պատերազմից դուրս չեկած երկրի ղեկավարը դառնալու յաւակնութիւնն էր: Յայտնւելով պարտութիւնների եւ այդ գահավիժումը յաղթահարելու անկարողութեան փաստի առջեւ՝ նա դարձել է թշնամու կամակատարը եւ այժմ Հայաստանը տանում է պատմական, քաղաքական, դիւանագիտական համընդհանուր պարտութեան:
Թշնամու առջեւ ծնկած իշխանութիւնը, ոչ միայն ցեղասպանութեան պահին հրաժարւեց արցախահայութեան պաշտպանութիւնից, այլեւ ամէն ջանք գործադրեց, որ ո՛չ հայկական կողմերը, ո՛չ էլ արտաքին ուժերը բողոքի ձայն չբարձրացնեն հազարամեակներով հայապատկան Արցախի բռնազաւթման եւ էթնիկ զտման հարցով: Նա հրաժարւում է ադրբեջանաթուրքական ռազմական յանցագործութիւնների, նւաճողական յաւակնութիւնների դէմ բողոքից, անպատասխան է թողնում հակառակորդի սպառնալիքներն ու բարձրաձայնւող կեղծիքը Հայաստանի տարածքի, իբրեւ թէ նախկինում Ադրբեջանին պատկանելու մասին: Թշնամիներից սարսափած, ոստիկանական պատնէշների յետեւում սեփական ժողովրդի առջեւ աքլորացող ղեկավարը անգամ Հայաստանի ներսում ցայսօր չի հանդիպել Արցախի պաշտօնական ներկայացուցիչների հետ, դէմ է Արցախի պետական կառոյցների պահպանմանը Հայաստանում եւ զրկել է նրանց գոյատեւելու ֆինանսական միջոցներից: Հակառակը՝ նրա պահանջով Արցախն ու արցախցին Հայաստանում պէտք է դադարեն այդպիսի կարգավիճակ եւ իրաւունքներ ունենալ, իսկ աւելի խորքային ձեւով հետապնդւում է արցախցիների համախմբումը թոյլ չտալու ու այնպիսի պայմանների ստեղծումը, երբ նրանք կամ նրանց զգալի հատւածը ստիպւած կը լինի լքել նաեւ Հայաստանը:
Փաշինեանի իշխանութիւնը ոչ միայն անհաղորդ է արցախահայութեան եւ ընդհանրապէս բոլոր նորմալ հայերի ապրած մեծ ողբերգութեանը, այլեւ անամօթաբար անտարբեր է, երբ Արցախի ղեկավարութեանը Բաքու գերի տանելու ազգային նւաստացման դէմ միջոցառումներ ձեռնարկողը առաջին հերթին ինքը պէտք է լինէր:
Կատարելով թուրքերի պահանջը, նա հայկական օրակարգից դուրս է հանում ցեղասպանութեան հարցը եւ թուրք ազգայնամոլական տեսութիւնների հիման վրայ խեղաթիւրում է ողջ հայոց պատմութիւնը, դասագրքերում կեղծ պատմութիւն է գրել տալիս՝ որով «հայ պատմաբանները» զարգացնում են թուրք-ադրբեջանցի պատմաբանների պատմաշինութեան կեղծ թէզերը: Կրթական-գիտական ծրագրերում ամրագրւած պատմագիտական, գրական-մշակութային առանցքային հայեցակարգերը վերանայւում են հիմնովին, այնտեղից դուրս են մղւում այն ամէնը, ինչը վերաբերում է հայ ժողովրդի պայքարին թուրք նւաճողների դէմ, ժողովրդի պատմական ինքնութիւնն ու հոգեկերտւածքը դարերով ձեւաւորած արժէքներին, ժողովրդի պատմական ընթացքի շարունակականութիւնը բնորոշող երեւոյթները: Այլ խօսքով արտաքին ուժերի թելադրանքով ստանձնելով ժողովրդի եւ պետութեան աշխարհաքաղաքական կողմնորոշումներն ու գերակայութիւնները գլխիվայր շուռ տալու գործը նոյն տրամաբանութեամբ նա ձեռնամուխ է եղել նաեւ յեղաշրջելու ժողովրդի գիտակցութիւնը՝ ձեւաւորելով «նոր հային», անարժանապատիւ ու յիշողութիւնից զուրկ ստրուկին, որը կը դառնայ նրա ազգակործան ծրագրերի հլու ենթական: Այս ուղղութեամբ արւած վերջին բնորոշ քայլերից է Րաֆֆու ստեղծագործութիւնների դուրս բերումը ուսումնական ծրագրերից (Ստալինն ու Քեմալը գերեզմանում հրճւանքից շուռումուռ կը գան հայ յեղկոմականների այսպիսի ժառանգորդների լոյս աշխարհ գալու համար):
Որպէսզի տպաւորութիւն չստեղծւի, թէ ժողովրդի բնորոշմամբ՝ «խեղճ Նիկոլը» չհասկանալով է ընկել այս ծուղակը, պէտք է յստակ լինի, որ դա այդպէս չէ: Նա իշխանութեան է եկել Արեւմուտքի թելադրանքով՝ Ռուսաստանին տարածաշրջանից դուրս մղելու գլխաւոր առաքելութեամբ: Իր եւ իր հովանաւորների համոզմամբ դա հնարաւոր կը լինէր անել նախ եւ առաջ Արցախից հրաժարւելու եւ Ռուսաստանին հակամարտող կողմերի վրայ ազդելու այդ լծակից զրկելու ճանապարհով: Իհարկէ, սա մեծ հոգեբանական խոչընդոտ չէր Նիկոլի համար, որովհետեւ նա միշտ անթաքոյց ատել է Արցախն ու արցախցիներին, աւելորդ բեռ է համարել դրանք Հայաստանի ուսերին եւ Լեւոն Տէր-Պետրոսեանի նման միշտ համարել է, որ «…ամէն գնով ադրբեջանցիների ու թուրքերի հետ պէտք է հասնել խաղաղութեան»: 2008 թւականին Նիկոլը միացաւ նոյն կարգախօսով մեկնարկած Լեւոն Տէր-Պետրոսեանի նախագահական նախընտրական պայքարին եւ ջախջախիչ պարտութիւն կրեց, որովհետեւ այն օրերի հայութեան շատ աւելի մեծ տոկոսն էր տոգորւած հայրենասիրական ոգով, մեծ մասն էր գրագէտ, եւ բացարձակ մեծամասնութիւնը չէր պատկերացնում, որ Արցախը կարելի է զիջել: Դժբախտաբար, Նիկոլ Փաշինեանի՝ իշխանութեան գալուց յետոյ առաջնորդող ուժին սատարող զանգւածը դարձաւ վախկոտ, ազգային իդէալներին անհաղորդ, հակաարցախ եւ պատմական յիշողութիւնից զուրկ ամբոխը:
Փաշինեանն ու իր թիմը քաղաքականապէս ձեւաւորւել են արեւմտեան կոսմոպոլիտիզմի եւ հակառուսականութեան գաղափարական հէնքի վրայ եւ նոյնը կարողացան ներարկել իրենց ընտրազանգւածին: Բոլշեւիկեան ատելութեամբ նախկինների դէմ լցւած, Ռուսաստանին հայհոյող, թուրքերի եղբայրութեանը եւ արեւմտեան փրկիչներին հաւատացող հայութիւնը չի էլ ըմբռնում, որ պետութիւնը, երկիրը եւ հէնց ինքն իրեն տանում է քաղաքական ինքնասպանութեան: Եւ այս եզրակացութիւնը բնաւ կապ չունի ռուսներին սիրելու, Արեւմուտքը ատելու կամ հակառակի հետ: Քաղաքականութեան հարցում ինչպէս յայտնի է, սիրով ու ատելութեամբ չեն առաջնորդւում, այլ սառը հաշւարկով: Գոնէ Վրաստանի եւ Ուկրաինայի օրինակները մեզ պէտք է դաս լինէին՝ աշխարհաքաղաքական մեծ հրդեհների մէջ վառելափայտի դերում չյայտնւելու համար: Կը բերի՞ Արեւմուտքը կամ ուրիշ մէկը իր զինւորներին մեզ համար ռուսների դէմ կռւեցնելու: Վրաստանի ու Ուկրաինայի օրինակները փաստում են, որ՝ ո՛չ: Կը գա՞յ, ի վերջոյ, Ռուսաստանը՝ մեզ փրկելու, կամ գոնէ իր աւանդական շահերը Անդրկովկասում պաշտպանելու:
Նախ Ռուսաստանը գուցէեւ չկարողանայ դա անել թուրքարեւմտեան դաշինքի դէմ, եթէ անգամ ցանկանայ: Եւ յետոյ ինչու պէտք է անի դա, եթէ ի դէմս իշխանութեան եւ նրան ընտրող զանգւածի՝ Ռուսաստանը տեսնում է, որ Հայաստանը դարձել է հակառուսական եւ թեքւել է դէպի Արեւմուտք: Հայաստանում այս ուժի իշխանութեան պայմաններում Ռուսաստանն աւելի շուտ կը ձգտի արտաքին միւս ուժերի կողքին իր ազդեցութիւնը ապահովել Հայաստանում՝ յենւելով տնտեսական եւ էներգետիկ լծակների վրայ եւ դուրս չբերելով այստեղից սեփական զինուժը: Հայաստանը Արեւմուտքի պահանջով ձգտելով ռուսական զինուժի դուրս մղմանը՝ միաժամանակ հասկանում է, որ յատկապէս տնտեսական ու էներգետիկ կապերի խզման դէպքում Հայաստանում քաոս կառաջանայ: Սա ստիպում է նրան եւ հաւատարմութիւն դրսեւորել եւ, խաբել երկու բեւեռներին միաժամանակ:
Աւելացնենք, որ Հայաստանի համար, անշուշտ, խիստ կարեւոր է փոխգործակցութիւնը Արեւմուտքի հետ, ինչը, ի դէպ, հնարաւորինս հաւասարակշռւած ձեւով արւել է նախկինների օրօք՝ Հայաստանի համար ապահովելով որոշակի գործընկերային յարաբերութիւններ եւ հակադրութիւններից խուսափելու հնարաւորութիւն:
Աշխարհաքաղաքական հաշւարկներով պայմանաւորւած այսօր ԵԱՀԿ եռանախագահութեան երկրները, ինչպէս եւ այլ երկրներ բարձրաձայնում են Արցախի հարցի քաղաքական լուծման անհրաժեշտութեան մասին (ինչին դէմ է ադրբեջանաթուրքական տանդեմն ու Հայաստանի իշխանութիւնը): Սա նշանակում է, որ սպառւած չէ արցախցիների վերադարձի եւ Արցախի որոշակի կարգավիճակ ձեռք բերելու հնարաւորութիւնը: Ադրբեջանցիք ու թուրքերը ներդաշնակելով իրենց քաղաքականութիւնը՝ Հայաստանի իշխանութիւններին ստիպում են հրաժարւել որեւէ մէկի աջակցութիւնից եւ բանակցութիւններում հանդէս գալ միայնակ: Նոյն ժամանակ, երկու թուրքական պետութիւնները ներկայանում են որպէս աշխարհաքաղաքական ու տնտեսական կարեւոր գործընկերներ ե՛ւ Ռուսաստանի ե՛ւ Արեւմուտքի համար եւ ձեռք են բերել բոլոր կողմերի որոշակի աջակցութիւնը: Հայաստանը այստեղ եւս տեղի տալով, այսպէս կոչւած, խաղաղութեան բանակցութիւններում կամաց-կամաց յայտնւում է մեկուսացման մէջ:
Միւս կողմից Ադրբեջանը կարողացել է բանակցութիւնների օրակարգից ամբողջովին դուրս մղել Արցախի ու արցախցիների հարցերը:
«Խաղաղութեան խաչմերուկ»-ի կարգախօսը հրապարակ նետած Հայաստանի իշխանութիւնը ժողովրդին խաբում է այսօր եւ կը խաբի Ադրբեջանի հետ պայմանագիր կնքելուց յետոյ, իբրեւ թէ «ցաւոտ զիջումների» գնով յաջողւել է հասնել երկարատեւ խաղաղութեան: Յետոյ կարճ ժամանակից ակնյայտ կը դառնայ, որ խաղաղութիւնն ու տարածքային անձեռնմխելիութիւնը դարձեալ ժամանակաւոր էին: Այն ժամանակ Հայաստանի իշխանութիւնը կը մոգոնի նոր ստեր. այս ղեկավարութեան համար գլխաւորը սեփական իշխանութիւնը հնարաւորինս երկարաձգելն է, ինչը միջոց է օրինաչափ պատժից խուսափելու:
Իսկ արտաքուստ ամէն ինչ լաւ է. իշխանութիւնը տնտեսաֆինանսական ինչ-ինչ յաջողութիւնների մասին փուչիկ է խաղացնում օդում, պարծենում է ասֆալտած ճանապարհներով եւ կառուցւող շէնքերով, եւ, այս օրերին, պատրաստւում է երկրով մէկ ամանորեայ շոուներ կազմակերպել, կարծես չեն եղել ցեղասպանութեան հետեւանքով Արցախի կորուստն ու արցախահայութեան բռնագաղթը, տարւայ ընթացքում արձանագրւած բազմաթիւ զինւորների ողբերգական մահերը, Հայաստանի ռազմավարական տարածքներում թշնամու զօրքի առկայութիւնը, ինչպէս եւ չեն անհանգստացնում բանակցութիւնները, որոնց հետեւանքները կարող են ճակատագրական լինել երկրի համար: Իշխանութիւնը քողարկելով երկրի աղէտալի վիճակն ու հեռանկարները, փորձում է խաբել ժողովրդին ժամանակաւոր կայունութեամբ ու թւացեալ խաղաղութեամբ: Այնինչ Նոր տարւայ գալուստը մօտեցնում է ամենավատատեսական կանխատեսումների իրականացման վտանգը:
Հայ ժողովրդի սերուցքը կը կանգնի՞ ոտքի եւ կը կանխի՞ պետութեան գահավիժումը: Չհիմնաւորւած լաւատեսութիւնը միայն թերահաւատութիւն կարող է առաջացնել: Այո՛, անհրաժեշտ է հայրենասէր մարդկանց եւ ուժերի գործնական միաւորում ոչ թէ ճառերի, այլ գործողութիւնների ծրագրի շուրջ, ինչը հիմնաւորւած կը լինի տրամաբանական քայլերի ճանապարհային քարտէզով: Համարձակութիւնը փուչ կեցւածք է, եթէ չի դրսեւորւում որպէս կոնկրետ եւ արդիւնաւէտ գործ:
Ժողովուրդների առաջընթացը կերտում են ոչ թէ ամբոխները, այլ գիտակից փոքրամասնութիւնները: Իշխանութիւնը, որն արդէն իրեն է ենթարկել օրէնսդիր, գործադիր եւ դատական մարմինները, քարոզչական հիմնական դաշտը, ձգտում է ենթարկել նաեւ տեղական ողջ իշխանութիւնը փաստացի պատրաստւելով գալիք ընտրութիւններում վերարտադրւելու եւ պաշտպանւելու, երբ մեծամասնութեան համար ակնյայտ կը դառնան պետականութեան եւ ինքնիշխանութեան անվերականգնելի կորուստները: Անհրաժեշտ է պայքար, իսկ պայքար նախեւառաջ նշանակում է հաւատ յաղթանակի նկատմամբ: Ասպարէզ պէտք է դուրս գան յաղթանակին հաւատացողները. սրտացաւները գիտեն ինչ որ պէտք է, եւ ճառերի ժամանակը վաղուց անցել է: