ՀարցազրոյցՄշակութային

Լուսիա Կագրամանեանը՝ «ԱԼԻՔ»-ի հետ զրոյցում. «Ամէն բան ցանկանում եմ անել, որ հայկական երաժշտութիւնը հասանելի լինի աշխարհում»

Երիտադարդ ձայն, ով միջազգային հեղինակութիւն ունեցող ռադիօ-եթերից լոյս է սփռում հայկական երաժշտութեան գոհարներին

«ԱԼԻՔ»- ը զրուցել է երաժիշտ Լուսիա Կագրամանեանի հետ:

Լուսիա Կագրամանեանը ծնւել է Մոսկւայում, ապրել Վիեննայում: Նա սիրում է հայկական մեղեդիները ներկայացնել իւրովի միասնութեան մթնոլորտի մէջ, աշխատում է հայկական երաժշտութեան բազմազանութիւնն աշխարհին լսելի դարձնելու ուղղութեամբ:

Լուսիա, Դուք հանդէս էք գալիս տարբեր կատարումներով, աշխարհին ներկայացնում էք հայկական երաժշտական հիթերի իւրովի արխիւ, ներառեալ ջազ, փոփ, դիսկօ ժանրերը: Ձեր հաւաքածուները լոյս են սփռում հայկական երաժշտութեան գոհարների վրայ: Ինչքան, որ պարզ է երաժշտութիւնը Ձեր ընտանիքի խորքում է: Կը պատմէ՞ք ինչպէս է ստացւել:

– Ես մեծացել եմ երաժշտական ընտանիքում։ Մայրիկիս կողմը բոլորը երաժիշտներ են եղել, սկսած պապիկիցս, ով եղել է հայկական ջազի հիմնադիրը՝ Ցոլակ Վարդազարեանը։ Պապիկս՝ Մարտին Վարդազարեանը մինչեւ հիմա Հայաստանի լաւագոյն կոմպոզիտոր, մայեստրօ, ջազմէնն է։ Մայրս՝ Աննա Վարդազարեանը երգչուհի է, երգում է պապերիս գործերը, ջազ ստեղծագործութիւնները, նաեւ ինքն է ստեղծագործում։ Ես մեծացել եմ այդ ամենի շուրջ, մայրս միշտ երգել է, հայրս միշտ ջազ միացրել տանը։ Պապիկիս ստեղծագործութիւնների մասին իմացայ աւելի մեծ տարիքում, երբ սկսեցի ուսումնասիրել երաժշտութիւն։ Հէնց այդ շրջանից էլ սկսւեց իմ ճանապարհը հայկական երաժշտութեան ուսումնասիրման ուղղութեամբ: Պապիկս ինձ շատ է օգնում այդ գործում։

Միջազգային հեղինակութիւն ունեցող ռադիոում՝ NTS-ի եթերում հաճելի է լսել հայկական երաժշտութիւն, որը միանում է երիտասարդ, ներդաշնակ ձայնով՝ արտացոլելով, սէր, հոգատարութիւն հայկականութեան նկատմամբ: «Hello, this is Lucia Kagramanyan and you are listening to Panorama Yerevan on NTS radio». կարծես թէ ամէն ինչ ասւած է:

– Շնորհակալ եմ: Վերջին թողարկման ընթացքում նաեւ անդրադարձաք Սերգէյ Փարաջանով երեւոյթին նաեւ Սայեաթ Նովայի կեանքն էր ինձ հետաքրքիր ու այդ օրերը համընկնում էր Փարաջանովի տարելիցի հետ, ով շատ մեծ է անդրադարձել Սայեաթ Նովային, այդ իսկ պատճառով չկարողացայ չունենալ նման էպիզոդ, այսինքն, թողարկումը միայն հայկական երաժշտութեան մասին չէ, այլ նաեւ պարսկական, վրացական…: Խորհուրդ կը տայի անպայման լսել էպիզոդը՝ այցելելով Nts.live կայքը:

NTS radioPanorama Yerevan եթեր վարելն ինչպէ՞ս սկսեցիք: Յաճա՞խ էք փորփրում Հայաստանի հանրային ռադիոյի արխիւները: Ներկայացնո՞ւմ էք կորսւած ստեղծագործութիւններ, սկսած դասական ժանրերից մինչեւ օպերա եւ այլն, իսկ ո՞րն է Ձեր նախընտրած ժանրը:

– Սիրածս ժանրը հայկական ֆոլկն է, որը շատ տարբեր է լինում ու շատ ջերմ է իմ հոգուն։ Եթեր վարելն այնպէս ստացւեց, որ պապիկիս միջոցով ծանօթացայ Արթուր Իսպիրեանի հետ, ով ինձ պատմեց ռադիոտան արխիւի մասին ու եկաւ միտքն ու գաղափարը, որ կարող եմ շոու ունենալ հայկական երաժշտութեան մասին, ներկայացնել այն նաեւ Հայաստանից դուրս, այդ մտքից շատ ոգեւորւեցի ու ստեղծւեց Panorama Yerevan-ը։ Սկզբից հաւաքել եմ միայն այն ինչ, որ ունէի, յետոյ սկսեցի աւելի շատ խորանալ, գտնել մի բաներ որոնք ակնյայտ էին: Յետոյ շատ մեծ արձագանգ ստացայ օտար երկրներից, ովքեր առաջին անգամ էին լսում հայկական երաժշտութիւնն ու իմ նպատակը հէնց դա էր, որ հայկական երգն ու երաժշտութիւնը աւելի շատ ճանաչեցնել ու լսելի դարձնել ամբողջ աշխարհում, մասնաւորապէս, դրա համար էլ անունը Պանորամա է։

Բազում անծանօթ մարդիկ են Պանորամայի համար ինձ գրում, շնորհակալութիւն են յայտնում, որ հրապարակում եւ հանրամատչելի եմ դարձնում հայկական երաժշտութիւնն ու անցեալը, քանզի կան գործեր, որոնք ընդհանրապէս հասանելի չեն եւ առաջին անգամ հէնց իմ էպիզոդներում են կարող բացայայտել:

– Խօսեցինք, որ երաժտութեան կողքին նաեւ նրա պատմութիւնն էք ներկայացնում, թէ ինչպէս է ստացւում, օրինակ Սայեաթ Նովայի կատարելագործումը աշուղական արւեստի մէջ: Ձեր լսարանը ինչպէ՞ս է արձագանգում:

– Միշտ փոխադարձ կապ ունեմ իմ լսողների հետ, ունեմ մշտական լսողներ, ովքեր ոչ մի էպիզոդ բաց չեն թողնում ու շատ ոգեւորւում եմ, որ ունեմ լսողներ, ովքեր հայ չեն, բայց սիրում են հայկական լսել։ Ունեցել եմ լսող, ով կոմպոզիտոր է Բելգիայի օպերայի թարտրոնում, երբ լսել էր իմ շոուն եւ հաւանել էր հայկական մի ստեղծագործութիւն, որոշել էր այն աւելացնել հէնց իրենց ծրագրին, շատ ոգեւորիչ էր յատկապէս դա ինձ համար։ Եւրոպական երկրներում նաեւ նւագում եմ իմ սեթերը ու լսողներս միշտ գալիս են, կիսում են տպաւորութիւններով ոգեւորիչ է երբ պէտք է ստեղծել նոր Panorama էպիզոդ։

– Հայութեան ծանր իրավիճակը առաւել արդիական են դարձնում աշխարհին տարբեր միջոցներով հայութեան մասին պատմելու անհրաժեշտութիւնը:

– Այո, թողարկել եմ մի էպիզոդ, որը կոչւում է Artsakh Strong, որը հայութեան համար շատ դժւար ժամանակներում հաւաքեցի, թէ՛ իմ թէ՛ ամբողջ հայութեան համար, որի նպատակն էր, աւելի շատ լոյս ու յոյս սփռել, երաժշտութեան լեզւով ասել, որ ամէն բան լաւ է լինելու, իսկ բլոկադայի ժամանակ արել եմ մի ուրիշ էպիզոդ, որը աւելի մութ ու աղմկոտ էր, որն էլ Al Hara ռադիոյի եթեր գնաց։ Ամէն բան ուզում եմ անել, որ հայկական երգը հասանելի լինի օտարներին, որ իմանան մեր մասին աշխարհում:

– Հայկական երաժշտութեան ապագայի մասին ինչ կասէք:

– Շատ բան չգիտեմ ներկայ հայկական երաժշտութիւնից, որ աւելի յստակ պատասխան տամ, աւանդոյթները փոխւում են, երաժշտութիւնը նոյնպէս։ Շատ տաղանդաւոր երաժիշտներ կան, ովքեր փորձում են նշանակալի գործեր ստեղծել: Նաեւ ժանրեր կան, որոնք շատ որակով ու լաւ է ներկայացւում, օրինակ ջազը, կլասիկ երաժտութիւնը, ինչու ոչ նաեւ հայկական ռեպը, որը շատ եմ սիրում:

Շնորհակալ եմ:

– Ես նոյնպէս շնորհակալ եմ, լաւագոյն մաղթանքներով:

Հարցազրոյցը՝ ՍԻՒՆԷ ՖԱՐՄԱՆԵԱՆԻ

Առնչւող Յօդւածներ

Back to top button