Այսօր Ծաղկազարդ է
Այսօր Հայ Առաքելական եկեղեցին Ծաղկազարդ է նշում, որը խորհրդանշում է Քրիստոսի յաղթական մուտքը Երուսաղէմ։ Սովորաբար եկեղեցին տօնը նշում է Ս. Յարութեան տօնին նախորդող կիրակի օրը:
Օրը նշւում է Զատկից մէկ շաբաթ առաջ՝ ի յիշատակ Քրիստոսի «Երուսաղէմ մտնելու օրւայ»:
Ծաղկազարդի օրը հայոց եկեղեցիները զարդարւում են ուռենու ճիւղերով, առաւօտեան կատարւում է ժամերգութիւն եւ Անդաստանի կարգ, որից յետոյ օրհնւած ճիւղերը բաժանւում են հաւատացեալ ժողովրդին, որոնք պահւում էին մինչեւ յաջորդ ծաղկազարդ։ Դրանց վերագրւում էր բարիքի, առատութեան, պտղաբերութեան հմայական զօրութիւն։ Հաւատալով, որ դրանցով կաւելանայ իւղը, կը բարձրանայ կաթնատւութիւնը, ձւատւութիւնը, դրանք դրւել են խնոցում, մսուրքում, հաւանոցում եւ այլն։ Անդաստանի արարողութեամբ օրհնւում են աշխարհի չորս կողմերը, մասնաւորապէս Հայոց Հայրապետութիւնը, հայրենիքը, քաղաքներնու գիւղերն իրենց բնակիչներով, վանքերը, արտերը եւ տարւայ պտղաբերութիւնը։ Այն տարւայ մէջ կատարւում է 25 անգամ։
Ծաղկազարդի երեկոյեան կատարւում է Դռնբացէքի արարողութիւնը, որի ընթացքում, «Բաց մեզ, Տէր զդուռն ողորմութեան» շարականի ներքոյ բացւում են եկեղեցիների խորանների վարագոյրները՝ խորհրդանշելով Տիրոջ երկրորդ գալուստը, աշխարհի վախճանը եւ Վերջին դատաստանը։ Ժամանակին այս արարողութիւնը կատարւել է եկեղեցու փակ դռան առջեւ։ Կարդացւում է «Երգ Երգոցի» մի հատւածն ամբողջութեամբ:
Ծաղկազարդի օրը Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի տնօրինութեամբ հռչակւած է որպէս մանուկների օրհնութեան օր, քանի որ Տիրոջ՝ Երուսաղէմի տաճար մտնելու ժամանակ մանուկներն աղաղակում էին՝ ասելով. «Օրհնութիւն, Դաւթի որդուն»:
Ծաղկազարդի տօնից յետոյ՝ երկուշաբթիից մինչեւ Սուրբ Յարութեան տօնը կոչւում է Աւագ շաբաթ: