Մետաղները կարող են կուտակւել օրգանիզմում՝ խորացնելով սրտի հիւանդութիւնները
Նոր հետազօտութիւնները ցոյց են տալիս, որ կադմիումը, ուրանը, կոբալտը եւ այլ մետաղներ կարող են խորացնել սրտի հիւանդութիւնները։ Գիտնականները պարզել են, որ այդ մետաղների կուտակման հետեւանքով մարդկանց մօտ առաջացել են աւելի կոշտ կալցիումացւած զարկերակներ՝ սիրտ-անօթային հիւանդութիւնների հիմնական բաղադրիչը։
Հետազօտութեան արդիւնքները հրապարակւել են Սրտաբանութեան ամերիկեան կոլէջի ամսագրում։ Կոլումբիական համալսարանի թիմը ուսումնասիրել է աթերոսկլերոզը՝ արիւնատար անօթների աստիճանական կոշտացում, որն առաջանում է ճարպաբշտերի կուտակման հետեւանքով։ Աթերոսկլերոզը կարող է յանգեցնել նաեւ կալցիումի անառողջ նստւածքների կուտակման զարկերակներում։
Թիմն ուսումնասիրել է միջին տարիքի եւ տարեց 6400 ամերիկացիների, որոնք սիրտ-անօթային հիւանդութիւններ չունէին, երբ միացել են հետազօտութեանը։
Իւրաքանչիւր մասնակցի մեզի նմուշում ուսումնասիրւել է վեց մետաղների պարունակութիւնը, որոնք կապւած են սրտի հիւանդութիւնների հետ՝ կադմիում, կոբալտ, պղինձ, վոլֆրամ, ուրան եւ ցինկ։
Մարդիկ, որպէս կանոն, կադմիումի ազդեցութեանը ենթարկւում են ծխախոտի ծխից, միւս հինգ մետաղները կապւած են գիւղատնտեսական պարարտանիւթերի, կուտակիչների, նաւթարդիւնահանման, ձուլման, օգտակար հանածօների արդիւնահանման եւ միջուկային էներգիայի արտադրութեան հետ։
Գիտնականները մասնակիցներին բաժանել են չորս խմբի, որոնցում տարբեր մետաղների խտութիւնը մեզում տատանւել է ամենացածր մակարդակից մինչեւ ամենաբարձրը։ Ինչ վերաբերում է կադմիումին, ապա ամենամեծ մակարդակում յայտնւած մարդկանց մօտ զարկերակների կալցիումացումը հետազօտութեան 10 տարւայ ընթացքում 75 տոկոսով աւելի բարձր է եղել, քան այն մարդկանց մօտ, որոնք ունեցել են ամենացածր մակարդակը։ Վոլֆրամի, ուրանի եւ կոբալտի համար այդ ցուցանիշները մեզում 45, 39 եւ 47 տոկոսով աւելի բարձր են եղել։ Պղնձի եւ ցինկի ամենաբարձր մակարդակ ունեցող մարդկանց մօտ կալցիումացման մակարդակն աւելի բարձր է եղել 33 եւ 57 տոկոսով՝ ամենացածր մակարդակն ունեցող մարդկանց համեմատ։
News.am