Այլ

Մկանների գերմարզւածութիւնը առաջանում է PARP1 սպիտակուցի աւելցուկի պատճառով

Բրազիլացի գիտնականները պարզել են, որ ֆիզիկական չափազանց մեծ ծանրաբեռնւածութեան դէպքում առաջացող հոգնածութեան, ցաւի եւ իմունիտետի անկման «մեղաւորը» PARP1 սպիտակուցի աւելցուկն է։ Հետազօտութեան արդիւնքները հրապարակւել են «Molecular Metabolism» (MolMetа) ամսագրում։

Յայտնի է, որ առանց բաւարար վերականգնման՝ չափից աւելի ֆիզիկական ծանրաբեռնւածութիւնը կարող է ոչ միայն իջեցնել սպորտային արդիւնքները , այլեւ լուրջ վնաս հասցնել օրգանիզմին։ Ծայրայեղ դէպքերում զարգանում է գերմարզւածութեան համախտանիշ. վատանում է դիմացկունութիւնը, իջնում ախորժակը, կուտակւում է քրոնիկ հոգնածութիւն, ցաւում են մկանները, մեծանում է վնասւածքների ռիսկը, ինչպէս նաեւ խախտւում են իմունային եւ նիւթափոխանակութեան գործընթացները։

Գիտնականները մկների վրայ փորձ են անցկացրել՝ պարզելու համար, թէ ինչն է հանգեցնում նման փոփոխութիւնների։ Կենդանիներին ստիպել են շարժւել այնքան ժամանակ, մինչեւ նրանք ուժասպառ են եղել։ Նման մարզումներից յետոյ կրծողների մօտ, բնականաբար, նկատւել է աշխատունակութեան կտրուկ անկում, ապատիա եւ սթրեսային վարքագիծ, օրինակ՝ անշարժութիւն կամ մորթու մոլուցքային լիզում։

Վերլուծութիւնը ցոյց է տւել, որ նրանց մկաններում կտրուկ բարձրացել է PARP1 սպիտակուցի ակտիւութիւնը, որը պատասխանատու է վնասւած ԴՆԹ-ի վերականգնման համար։ Գիտնականները պարզաբանել են, որ դրա գործառոյթը սթրեսի ժամանակ բջիջները պաշտպանելն է, սակայն աւելցուկի դէպքում այն խաթարում է միտոքոնդրիաների աշխատանքը, բորբոքում է առաջացնում եւ վատթարացնում էներգետիկ փոխանակութիւնը։

Աշխատանքի հեղինակներից մէկի՝ Բարբարա Քրիսոլի խօսքով՝ նմանատիպ կլինիկական պատկեր է դիտւում մկանային դիստրոֆիայի, ճարպակալման եւ նոյնիսկ կախեքսիայի՝ քաղցկեղով հիւանդների մօտ ծայրահեղ հիւծւածութեան դէպքում։

Մարզումների ժամանակ գերծանրաբեռնւածութեան ենթարկւած մկների վրայ կատարւած հետազօտութեան արդիւնքում պարզւել է նաեւ, որ այն մկների մօտ, որոնց ներարկւել է PARP1-ը արգելափակող դեղամիջոց՝ գերմարզւածութեան ախտանիշներ չեն զարգացել։ Սակայն այս դեղամիջոցն օգտագործւում է քաղցկեղի բուժման համար եւ ունի ծանր կողմնակի ազդեցութիւններ, ուստի այն հնարաւոր չէ կիրառել մարզիկների վերականգնումն արագացնելու համար։ Ներկայումս գիտնականները փնտրում են PARP1-ի մակարդակը կարգաւորելու աւելի մեղմ եւ անվտանգ եղանակներ, ներառեալ բնական միացութիւնների կիրառումը։

News.am

Related Articles

Back to top button