Այլ

Ասպիրինի կանոնաւոր ընդունումը կարող է 40%-ով նւազեցնել ենթաստամոքսային գեղձի քաղցկեղի հաւանականութիւնը շաքարախտով հիւանդների մօտ

Նոր հետազօտութիւնը ցոյց է տւել, որ ասպիրինի կանոնաւոր ընդունումը կարող է 40%-ով նւազեցնել ենթաստամոքսային գեղձի քաղցկեղի առաջացման վտանգը շաքարային դիաբետով հիւանդ մարդկանց մօտ,- յայտնում է BBC-ն։

Planets cancer charity բարեգործական կազմակերպութեան տւեալներով, այն կարող է նաեւ կանխել ընդհանուր բնակչութեան շրջանում քաղցկեղի դէպքերի մէկ հինգերորդը: Սաութհեմփթոնի գիտնականներն ուսումնասիրել են Մեծ Բրիտանիայում գրեթէ 10000 մարդու բժշկական քարտերը:

Հետազօտութեան հեղինակներից մէկը՝ բժիշկ Զայեդ Համադին, յայտնել է, որ սա առաջին հետազօտութիւնն էր, որն անցկացւել է Մեծ Բրիտանիայի այսքան մեծ տարածքում եւ առաջինը, որը հաղորդում է շաքարախտով հիւանդների վրայ  դրա ազդեցութեան մասին:

Ըստ նրա, ենթաստամոքսային գեղձի քաղցկեղը համարւում է քաղցկեղի ամենածանր տեսակներից մէկը, եւ գրեթէ բոլորը, որոնք տառապում են ենթաստամոքսային գեղձի քաղցկեղով, մահանում են ախտորոշումից յետոյ հինգ տարւայ ընթացքում:

«Այս ծաւալուն ուսումնասիրութիւնը ցոյց է տալիս, որ լայնօրէն օգտագործւող ասպիրինը կարող է կանխել ենթաստամոքսային գեղձի քաղցկեղի զարգացումը: Մենք պարզեցինք, որ ընդհանուր բնակչութեան մօտ հիւանդութեան զարգացման հաւանականութիւնը  կրճատւել է 20%-ով: Սակայն առաւել ուշագրաւն այն է, որ շաքարային դիաբետով հիւանդների մօտ կանխարգելիչ ազդեցութիւնն աւելի ուժեղ է, իսկ հիւանդների այս խմբի մօտ հիւանդութեան հաւանականութիւնը 40%-ով ցածր է»,- նշել է նա։

Սաութհեմփթոնի համալսարանի եւ համալսարանական հիւանդանոցի հետազօտողները ուսումնասիրել են բրիտանական բիոբանկի 500000 մարդուց բաղկացած խմբի գրառումները, որոնք հաւաքւել են 2006-ից 2010 թւականների ընթացքում: Նրանք յայտնել են, որ վերլուծութեան պահին խմբում եղել է ենթաստամոքսային գեղձի ադենոկարցինոմայի (PDAC) 1762 դէպք՝ ենթաստամոքսային գեղձի քաղցկեղի ամենատարածւած տեսակը: Նրանց մօտ, ովքեր կանոնաւոր կերպով ասպիրին էին ընդունում այս ընթացքում, զարգացան PDAC-ի աւելի քիչ դէպքեր: Առողջապահութեան ազգային ծառայութիւնը յայտնել է, որ ասպիրինի ցածր չափաբաժինները՝ սովորաբար 75 մգ. կամ սովորական դեղահատի մէկ քառորդը, ընդհանուր առմամբ, անվտանգ են երկարաժամկէտ օգտագործման համար: Սակայն հիւանդներին խորհուրդ է տրւում այն ​​ընդունել միայն բժշկի կամ մանկաբարձի խորհրդով: Մեծ Բրիտանիայի Առողջապահութեան ազգային ծառայութեան կայքի համաձայն,  չափաբաժնի աւելացումը կարող է մեծացնել ստամոքսի խոցի առաջացման վտանգը։

News.am

Related Articles

Back to top button