Ինչպէս է միկրոբներին յաջողւում խուսափել հակաբիոտիկներից
Գիտնականները բացայայտել են այն մեխանիզմը, որի օգնութեամբ մանրէները պաշտպանւում են լայնօրէն օգտագործւող հակաբիոտիկներից։ Բարսելոնայի գիտութեան եւ տեխնոլոգիաների ինստիտուտի իսպանացի գիտնականների հետազօտութիւնը հրապարակւել է Nature Communications (NatComms) ամսագրում։
Թիմն ուսումնասիրել է աղիքային ցուպիկի (Escherichia coli) վարքը հակաբիոտիկների ազդեցութեան ժամանակ։ Օգտագործւել են ստրեպտոմիցին եւ կասուգամիցին, որոնք տարածւած հակաբակտերիալ դեղամիջոցներ են։
Երկու հակաբիոտիկները խախտում են նոր սպիտակուցներ արտադրելու մանրէների ունակութիւնը՝ նպատակաուղղւած ձեւով ազդելով դրանց ռիբոսոմի վրայ։ Այդ մոլեկուլեար կառոյցները ստեղծում են սպիտակուցներ եւ իրենք են կազմւած սպիտակուցներից եւ ռիբոսոմալ ՌՆԹ-ից։
Ռիբոսոմալ ՌՆԹ-ն յաճախ մոդիֆիկացւում է քիմիական նշաններով, որոնք կարող են փոխել ռիբոսոմի ձեւն ու ֆունկցիան։ Բջիջներն այդ նշաններն օգտագործում են սպիտակուցի արտադրման նուրբ կարգաւորման համար։
Հետազօտութիւնը ցոյց է տւել, որ ի պատասխան հակաբիոտիկների՝ E. Coli-ն սկսում է հաւաքել նոր ռիբոսոմներ, որոնք քիչ են տարբերւում նրանցից, որոնք արտադրւում են նորմալ պայմաններում։ Կախւած այն բանից, թէ որ հակաբիոտիկն է օգտագործւել, նոր ռիբոսոմները որոշակի նշաններ չեն ունեցել։ Նշանները յատկապէս կորել են այն հատւածներում, որտեղ հակաբիոտիկներն ամրանում եւ դադարեցնում են սպիտակուցի արտադրութիւնը։ Պարզւել է, որ այդ հնարքը մանրէները դարձնում է աւելի կայուն դեղերի հանդէպ։
«E. Coli-ն փոխում է իր մոլեկուկեար կառոյցները ցնցող ճշգրտութեամբ եւ իրական ժամանակում։ Դա դեղերից խուսափելու թաքուն եւ նուրբ միջոց է»,- նշել է հետազօտութեան համահեղինակ, դոկտոր Եւա Նովոան։
Գիտնականներն ակնկալում են, որ իրենց յայտնագործութիւնը կօգնի յաղթահարել համաշխարհային առողջապահութեան ամենամեծ ճգնաժամերից մէկը։
News.am