Գիտնականները պարզել են, որ ջերմային հարւածը կարող է թուլացնել սիրտը եւ ճարպակալում առաջացնել

Ֆլորիդայի համալսարանի գիտնականները պարզել են, որ ջերմային հարւածը կարող է մկների մօտ սրտի աշխատանքի թուլացում եւ ճարպակալում առաջացնել, ինչպէս նաեւ խաթարել ածխաջրերի նիւթափոխանակութիւնը: Աշխատանքի արդիւնքները հրապարակւել են Communications Biology (ComBio) ամսագրում։
Ջերմային հարւածը գերտաքացման ամենավտանգաւոր ձեւերից մէկն է, որը կարող է յանգեցնել գիտակցութեան կորստի, օրգանների վնասման եւ նոյնիսկ մահւան: Դա տեղի է ունենում, քանի որ մարմնի ջերմաստիճանի ծայրայեղ բարձրացումն ուղեկցվում է համակարգային բորբոքային պատասխանով:
Ջերմային հարւածի երկարաժամկէտ ազդեցութիւնը որոշելու համար գիտնականները լաբորատոր մկներին ենթարկել են բարձր ջերմաստիճանի: Երբ ազատւելով գերտաքացման պայմաններից, կենդանիները առաջին մի քանի օրւայ ընթացքում կարծես արագ վերականգնւեցին: Սակայն երկու շաբաթ անց նրանց մօտ առաջացան նիւթափոխանակութեան խանգարումներ, որոնք նկատելի դարձան միայն ջերմային հարւածից որոշ ժամանակ անց:
Փորձի արդիւնքները ցոյց են տւել, որ ջերմային հարւածը թուլացրել է կրծողների սրտերը, խաթարել ածխաջրային նիւթափոխանակութիւնը եւ նպաստել քաշի աւելացմանը։ Այս ազդեցութիւնները յատկապէս նկատելի էին արուների մօտ։ Երբ մկներին կերակրում էին ճարպային սննդակարգով, նիւթափոխանակութեան խանգարումները եւ ճարպի աւելացումն աւելի սրւեցին:
Գիտնականները նշել են, որ ջերմային կաթւածի երկարաժամկէտ հետեւանքները նման են ուղեղի ցնցումից կամ վիրուսային վարակներից յետոյ առողջութեան փոփոխութեանը: Նրանք ենթադրել են, որ ծայրայեղ գերտաքացման նմանատիպ հետեւանքները կարող են առաջանալ ոչ միայն մկների, այլեւ մարդկանց մօտ:
News.am