Այլ

Մարդու օրգանիզմն աւելի լաւ է դիմադրում ծերացմանը, քան նախկինում ենթադրւում էր

«ԱԼԻՔ» – Նոր հետազօտութիւնը ցոյց է տւել, որ մարդու մարմինը կարող է աւելի դիմացկուն լինել ծերութեան նկատմամբ, քան նախկինում թւում էր: Լոնդոնի Թագաւորական կոլէջի հետազօտողների եւ նրանց գործընկերների՝ Journal of the American Chemical Society-ում (Ամերիկեան քիմիական ընկերութեան ամսագրում) հրապարակւած աշխատանքը ցոյց է տալիս, որ քրոմատինը՝ ԴՆԹ-ի եւ սպիտակուցի խառնուրդը, որում պարունակւում է իւրաքանչիւր բջջի գենոմը, աւելի դիմացկուն է ծերացման հանդէպ, քան նախկինում ենթադրւում էր:

Գիտնականների կարծիքով՝ դրանով հնարաւոր է հասկանալ, թէ օրգանիզմն ինչպէս կարող է յաղթահարել ծերացմանն առնչւող անխուսափելի «մաշւածութիւնը», եւ այն որտեղ կարող է առաւել խոցելի լինել դրա հետեւանքների համար՝ հիմք դնելով ամբողջ օրգանիզմի հետագայ երիտասարդացմանն ուղղւած պրոցեդուրաների համար:

Սա յատկապէս ճիշտ է հիստոնային սպիտակուցների համար, որոնցից կազմւած է քրոմատինը եւ որը կարող է «ապրել» մօտ 100 օր, նախքան մէկ ուրիշով համալրւելն ու փոխարինւելը: Իրենց կեանքի ընթացքում սպիտակուցները ձգւում եւ դէֆորմացւում են կամ ենթարկւում են «ժանգոտում» յիշեցնող գործընթացների։ Այդ վնասւածքը յանգեցնում է սպիտակուցի բնական քիմիական փոփոխութիւններին, որոնք կոչւում են հետտրանսլացիոն ձեւափոխութիւն կամ մոդիֆիկացիա (PTM): Փոփոխելով սպիտակուցների ֆիզիկական եւ քիմիական կառուցւածքը՝ այդ պրոցեսները կարող են փոխել դրանց գործառոյթը եւ նոյնիսկ յանգեցնել դրանց գործունէութեան խափանումների։

Որոշ դէպքերում այս ձախողումը կարող է յանգեցնել այնպիսի հիւանդութիւնների, ինչպիսին քաղցկեղն է, սակայն մեխանիզմները, որոնցով դա տեղի է ունենում, յաճախ անհասկանալի են: Բացի դրանից, քանի որ բնական ծերացումը տեղի է ունենում դանդաղ, օրգանիզմի սպիտակուցներում այդ գործընթացի ուսումնասիրութիւնը կարող է դժւար լինել:

Բացայայտելու համար, թէ ինչպէս են սպիտակուցները ենթարկւում «մաշւածութեան»՝ ըստ ծերացման աստիճանի, թիմը քիմիական եղանակով քրոմատինը սարքել է փորձանոթում իր կեանքի ցիկլի երկու տարբեր փուլերում՝ նոր ձեւաւորւած եւ շատ հին. վերջինս պարունակում է ծերացմանն առնչւող PTM:

Գիտնականների թիմի կարծիքով՝ վերահսկւող ծերացման «սպիներով» այս քրոմատինային մոդելները, որոնք կշռում են մօտ երեք միլիոն դալտոն, ինչը համարժէք է ատոմային մասշտաբի օբիեկտների զանգւածին, ինչպիսին ատոմներն են, ամենամեծն են իրենց տեսակի մէջ:

Related Articles

Back to top button