Այլ

Երկաթ պակասորդային սակաւարիւնութիւնը զգալիօրէն մեծացնում է իշեմիկ կաթւածի ռիսկը երիտասարդների շրջանում

Վերջերս կատարւած հետազօտութեան արդիւնքները ցոյց են տալիս, որ երկաթ պակասորդային սակաւարիւնութիւնը (Iron-deficiency anemia) ինքնուրոյն եւ զգալիօրէն մեծացնում է իշեմիկ կաթւածի ռիսկը երիտասարդների շրջանում։ Հետազօտութեան արդիւնքները հրապարակւել են eJHaem բժշկագիտական հանդէսում։

IDA-ն աշխարհում անեմիայի ամենատարածւած ձեւն է։ Այն առաջանում է երկաթի անբաւարարութեան հետեւանքով, երբ արեան կարմիր բջիջների արտադրութիւնը ապահովելու համար բաւարար երկաթ չկայ։

IDA-ն անհամաչափօրէն աւելի շատ է ազդում կանանց վրայ՝ դաշտանի ընթացքում երկաթի կանոնաւոր կորստի եւ յղիութեան ընթացքում երկաթի պահանջարկի աճի պատճառով։ Մայրական անեմիան կարող է յանգեցնել երեխայի մօտ մտաւոր հետամնացութեան, աուտիզմի սպեկտրի խանգարումների եւ ուշադրութեան դեֆիցիտի/հիպերակտիւութեան խանգարման զարգացմանը։

Բացի դրանից, այժմ գնահատւում է, որ բոլոր կաթւածների 10-15%-ը տեղի է ունենում 18-50 տարեկան մարդկանց շրջանում, այս խումբը նոյնպէս բնութագրւում է IDA-ի տարածւածութեան աճով։

Նոր հետազօտութեան մէջ հետազօտողները բուժառուներին բաժանել են երկու խմբի՝ նրանք, ում մօտ վերջերս ախտորոշւել էր իշեմիկ կաթւած, դասւել են A խմբին, իսկ նրանք, ովքեր իշեմիկ կաթւածի պատմութիւն չունէին, դասւել են B խմբին։

Հետազօտողներն ուսումնասիրել են ԱՄՆ-ի աւելի քան 300 հիւանդանոցների բժշկական գրառումների հաւաքածու, ի մի բերելով տեղեկութիւններ իշեմիկ կաթւածից տառապող եւ դրանից զերծ 15- 50 տարեկան բուժառուների մասին։

Հետազօտութիւնից բացառւել են թրոմբոցիտոզի, չարորակ ուռուցքի, նախասրտերի ֆիբրիլիացիայի, հակաֆոսֆոլիպիդային համախտանիշի, կաթւածի պատմութեան, յղիութեան, հեմոգլոբինոպաթիաների, դրանց թւում՝ մանգաղաձեւ բջջային անեմիայի, համակցւած բանաւոր հակաբեղմնաւորիչների օգտագործման, թրոմբոֆիլիայի, ճարպակալման եւ կաթւածի սկսւելուց մէկ տարի առաջ հակակոագուլիանտների օգտագործման ախտորոշումներով բուժառուները։

Սկզբնապէս յայտնաբերւել է 21 միլիոն 802 հազար 239 բուժառու։ 36 հազար 989-ը դասակարգւել են A խմբում, իսկ 21 միլիոն 765 հազար 250-ը՝ B խմբում։

A խմբում 1880 մարդու (5.1%) մօտ նախկինում ախտորոշւել էր երկաթ պակասորդային սակաւարիւնութիւն։ B խմբում 241 հազար 110 մասնակիցների շրջանում առաջին անգամ ախտորոշւել է երկաթ պակասորդային սակաւարիւնութիւն (1.10%): Հետազօտողները նշել են, որ A խումբը B խմբի համեմատ ունէր հիպերտոնիայի, շաքարախտի, դիսլիպիդեմիայի, ծխելու եւ ճարպակալման աւելի բարձր ցուցանիշներ: Բազմափոփոխական վերլուծութիւնից յետոյ նախկինում երկաթ պակասորդային սակաւարիւնութիւն ունեցող բուժառուների շրջանում կաթւածի ռիսկը զգալիօրէն աւելի բարձր էր:

Երկաթ պակասորդային սակաւարիւնութիւնն կապւած էր կաթւածի ռիսկի 39%-ով բարձրացման հետ՝ անկախ նկարագրւած միւս բոլոր ռիսկի գործօններից։

news.am

Related Articles

Back to top button