Այլ

Բերանի խոռոչի մանրէները կարող են նպաստել ենթաստամոքսային գեղձի քաղցկեղի զարգացմանը

Նոր ուսումնասիրութեան համաձայն՝ մարդու մօտ ենթաստամոքսային գեղձի քաղցկեղի զարգացման ռիսկը կարող է կապւած լինել բերանի խոռոչում ապրող մանրէների հետ։

«JAMA Oncology» ամսագրում հրապարակւած յօդւածում հետազօտողները գրում են, որ մարդկանց մօտ ենթաստամոքսային գեղձի քաղցկեղի զարգացման ռիսկը աւելի քան երեք անգամ մեծանում է, եթէ նրանց բերանի խոռոչում առկայ են 27 տեսակի բակտերիաներ եւ սնկեր, ներառեալ նրանք, որոնք անմիջականօրէն կապւած են լնդերի հիւանդութիւնների հետ։

«Այժմ պարզ է, քան երբեւէ, որ ատամները խոզանակով մաքրելը եւ ատամնաթել օգտագործելը կարող է ոչ միայն օգնել կանխարգելել պարօդոնտալ հիւանդութիւնները, այլեւ պաշտպանել քաղցկեղից»,- յայտարարել է ուսումնասիրութեան համահեղինակ, Նիւ Եօրքի համալսարանի Գրոսմանի բժշկական դպրոցի պրոֆեսոր Ռիչարդ Հէյզը։

Ենթաստամոքսային գեղձի քաղցկեղը համարւում է «լուռ մարդասպան», քանի որ այն վաղ յայտնաբերելու համար քիչ արդիւնաւէտ սքրինինգային մեթոդներ կան։ Հետազօտողներն իրենց բացատրական գրառումներում նշում են, որ դա այն ծայրայեղ կենսավտանգ է դարձնում. հնգամեայ գոյատեւման ցուցանիշը կազմում է ընդամէնը 13%։

Նախորդ ուսումնասիրութիւնները ցոյց են տւել, որ բակտերիաները կարող են թափանցել ենթաստամոքսային գեղձ՝ կուլ տւած թքի միջոցով, ինչը մեծացնում է բերանի խոռոչի վատ առողջութիւն ունեցող մարդկանց մօտ քաղցկեղի զարգացման ռիսկը։ Այս մասին յայտնում է «Planet Today»-ը։

Սակայն հետազօտողները նշում են, որ դեռ պարզ չէ, թէ որ (կոնկրետ) միկրոբներն են նպաստում ենթաստամոքսային գեղձի քաղցկեղի զարգացմանը։

Ուսումնասիրութեան ընթացքում գիտնականները վերլուծել են թքի նմուշներ, որոնք վերցւել էին 122,000-ից աւելի ամերիկացիներից, որոնք մասնակցել էին քաղցկեղի սքրինինգի եւ կանխարգելման երկու լայնամասշտաբ հետազօտութիւններին։

Խումբը յայտնաբերել է ենթաստամոքսային գեղձի քաղցկեղ ախտորոշմամբ 445 պացիենտի եւ նրանց թքի նմուշները համեմատել է պատահական ընտրւած 445 մարդու նմուշների հետ, որոնց մօտ քաղցկեղ չէր յայտնաբերւել։

Հետազօտողները յայտնաբերել են բակտերիաների 20 տարբեր տեսակներ եւ սնկերի չորս տեսակներ, որոնք ազդում են ենթաստամոքսային գեղձի քաղցկեղի ռիսկի վրայ։

Նրանք նաեւ ենթաստամոքսային գեղձի քաղցկեղը կապել են երեք բակտերիաների հետ, որոնք, ինչպէս արդէն յայտնի է, նպաստում են լնդերի հիւանդութիւնների առաջացմանը՝ Porphyromonas gingivalis, Eubacterium nodatum եւ Parvimonas micra։

Արդիւնքները ցոյց են տալիս, որ ընդհանուր առմամբ, միկրոբների ողջ խումբը ենթաստամոքսային գեղձի քաղցկեղի ռիսկը մեծացրել է գրեթէ 3.5 անգամ։

«Բերանի խոռոչում բակտերիաների եւ սնկերի պոպուլիացիաները որոշելով՝ ուռուցքաբանները կը կարողանան յայտնաբերել այն մարդկանց, ովքեր ամենաշատը կարիք ունեն ենթաստամոքսային գեղձի քաղցկեղի սքրինինգի»,- ասում է ուսումնասիրութեան համահեղինակ, Նիւ Եօրքի համալսարանի Գրոսմանի բժշկական դպրոցի պրոֆեսոր Ջիյոն Անը։

Սակայն հետազօտողները նշել են, որ քանի որ ուսումնասիրութիւնն դիտողական է, այն չի կարող ուղղակի պատճառահետեւանքային կապ հաստատել բերանի խոռոչի առողջութեան եւ ենթաստամոքսային գեղձի քաղցկեղի միջեւ։

Այնուհետեւ, թիմը նախատեսում է ուսումնասիրել, թէ՛ արդյոք բերանի խոռոչի վիրուսները կարող են նպաստել քաղցկեղի զարգացմանը, եւ թէ՛ ինչպէս կարող է բերանի խոռոչի միկրոբիոմը ազդել պացիենտների գոյատեւման հնարաւորութիւնների վրայ։

News.am

Related Articles

Back to top button