Այլ

Որքանով է էլեկտրոնային ծխախոտը մեծացնում նախադիաբետի առաջացման վտանգը

Էլեկտրոնային ծխախոտ ծխելը մեծացնում է շաքարի նիւթափոխանակութեան խանգարումների եւ նախադիաբետի առաջացման վտանգը: Նման եզրակացութեան են հանգել Ջորջիայի համալսարանի հետազօտողները: Արդիւնքները հրապարակւել են AJPM Focus բժշկագիտական  հանդէսում:

Հետազօտողները վերլուծել են աւելի քան 1,2 միլիոն ամերիկացի մեծահասակների առողջութեան եւ կենսակերպի տւեալները՝ Հիւանդութիւնների վերահսկման եւ կանխարգելման կենտրոնների (CDC) տւեալների բազայից: Արդիւնքները ցոյց են տւել, որ միայն Էլեկտրոնային ծխախոտ ծխելը նախադիաբետի առաջացման վտանգը մեծացնում է 7%-ով:

Աւանդական ծխախոտները նախընտրող մասնակիցների շրջանում այս ցուցանիշը հասել է 15%-ի, իսկ երկուսն էլ համատեղածների շրջանում՝ 28%-ի: «Երկակի ծխողների» շրջանում միաժամանակ աւելի մեծ էր լիարժէք շաքարախտի ախտորոշման հաւանականութիւնը՝ 9%-ով աւելի բարձր, քան չծխողների շրջանում:

Նախադիաբետը վիճակ է, որի դէպքում արեան մէջ գլիւկոզի մակարդակը նորմայից բարձր է, բայց ոչ այնքան բարձր՝ 2-րդ տիպի շաքարախտը ախտորոշելու համար: Առանց բուժման եւ կենսակերպի փոփոխութիւնների՝ նախադիաբետը յաճախ վերածւում է իսկական շաքարախտի եւ մեծացնում է սրտանօթային բարդութիւնների առաջացման վտանգը:

Այդ ազդեցութեանը յատկապէս խոցելի էին աւելորդ քաշ ունեցող անձինք, ինչպէս նաեւ որոշակի էթնիկ խմբերի անդամներ, մասնաւորապէս՝ աֆրոամերիկացիները եւ լատինոամերիկացիները։

Հեղինակներն ընդգծում են, որ չնայած աւելի անվտանգ այլընտրանքի իր համբաւին, էլեկտրոնային ծխախոտ ծխելը կարող է նուրբ ազդեցութիւն ունենալ նիւթափոխանակութեան վրայ եւ նպաստել երկարատեւ՝ սրտանօթայինից մինչեւ երիկամային եւ նեարդաբանական բարդութիւնների։

News.am

Related Articles

Back to top button