«ԱԼԻՔ» – Մեդիափորձագէտ եւ irdiplomacy.ir-ին աշխատակցող վերլուծաբան Ֆարշադ Ադէլն իր վարած սոցիալական ցանցերում հրապարակած վերջին գրառմամբ անդրադարձել է Իսրայէլի դէմ իրականացւած Իրանի հրթիռային աննախադէպ յարձակմանը՝ կատարւածը գնահատել է որպէս հակամարտութիւնների ասպարէզում գծւող նոր հարթութիւն՝ ուղիղ առճակատումներից խուսափելու տաբուն վերանալու առւոմով:
Փորձագէտը իրադարձութիւնների զարգացումները մեկնաբանել է, որպէս տարածաշրջանում նոր հաւասարումներ սահմանելու փորձ, ինչը կարող է սկզբնաւորւել Իրան-Իսրայէլ ուղիղ առճակատումից:
Ֆարշադ Ադէլի չորս կէտերից կազմւած ակնարկում նշւած է.
1. Հրթիռակոծման գիշերը, Իրանի պատասխան հրթիռային եւ անօդաչու սարքերի յարձակումը կարեւոր գործողութիւն էր, որի հիմնական արդիւնքը Իրանի եւ Իսրայէլի միջեւ առճակատումը նոր փուլ տեղափոխելն է: Այժմ, տարիներ շարունակ զսպւածութիւնից, ստարատեգիական լռութիւնից եւ հիբրիդային պատերազմից յետոյ, Իրանն ու Իսրայէլը ուղիղ առճակատման փուլի են անցել:
Սա ինքնին նշանակում է, որ մենք կը տեսնենք հակամարտութիւնների նոր մակարդակ, քանի որ գերուժ համարւող կողմերի ուղիղ առճակատման գնալու տաբուն այլեւս վերացւած է։
2. Յիշենք, որ մարտարւեստում՝ «մարտավարութիւնը պատերազմում զինւած ուժեր օգտագործելու գրագիտութիւնն է, իսկ ռազմավարութիւնը՝ առանձին մարտերը պատերազմի նպատակով օգտագործելու դոկտրինա»։ Իրանի եւ Իսրայէլի միջեւ պատերազմն ընդարձակ մարտադաշտ է, որտեղ երկու կողմերն էլ «մարտավարութիւն» են օգտագործում դիմակայելու միմեանց, առաջ մղելու համար իրենց ռազմավարական նպատակները: Անցած գիշեր (հրթիռակոծման) մարտավարութեան եւ մենամարտի (առայժմ) արդիւնքը եղել է Իսրայէլի զսպող ուժը ջախջախելը եւ Իրանի կողմից հակամարտութեան նոր շեմ սահմանելը:
Իսրայէլի համար եւս սա հասկանալի է դարձել, եւ ելնելով Թել Աւիւի վարչակարգի ռազմավարական տրամաբանութիւնից՝ արձագանգելն անխուսափելի է, իսկ հնարաւոր այդ պատասխանը պէտք է լինի այնպէս, որով վերականգնւի այս ռեժիմի (սահմանած) զսպող ուժը: Այդ իսկ պատճառով, Իսրայէլի կողմից չարձագանգելու ենթադրութիւնները (ռազմավարական տրամաբանութեան առումով) այնքան էլ ճիշտ չեն, եւ պէտք է հանրութեանը նախապատրաստել նման դրւագների համար նաեւ։
3. Նման իրավիճակներում (Իսրայէլի պատասխանի) Իրանի եւ Իսրայէլի միջեւ պատասխանները անխուսափելիօրէն կը վերածւեն «պինգ-պոնգ»-ի տրամադրութեան, ինչը կարող է ունենալ անցանկալի հետեւանքներ, ներառեալ ԱՄՆ-ի եւ նոյնիսկ արեւմտեան երկրների կոալիցիայի ներգրաւմանը, ինչը Նեթանիահուի հիմնական նպատակն է, որի համար էլ նա անցաւ հիւպատոսութեան շէնքի վրայ յարձակում գործելու ծրագրին:
4. Անկասկած, Թեհրանը Իսրայէլի պատասխանի հաւանականութիւնը մեծ է համարում եւ պատրաստ է գրոհների յաջորդ ալիքներին անցնել աւելի լայնածաւալ ու գերզարգացած հրթիռների կիրառմամբ, քանի որ այս շրջափուլում կողմերից իւրաքանչիւրը եթէ աւելի ուժեղ չարձագանգի հակառակորդին, կը նշանակի՝ ընդունել է հաւասարումների հարցում նրա կողմից գծւած նոր սահմանումները: Իսկ սա պարտւող կողմի համար հաւասար է լինելու բազմաթիւ նւաճումների կորստի հետ:
Յ. Գ.- Ներկայ պահին տեղի ունեցած իրադարձութիւնների վերաբերեալ ցանկացած վերլուծութիւն եւ հրապարակում հիմնւած է ռազմավարական տրամաբանութեան վրայ, իսկ տարբեր արտաքին գործօններ կարող են ազդելով խնդրի վրայ՝ այլ ընթացք հաղորդել իրադարձութիւններին: