Արեւմուքում մարդ չի մնում պաչիկի համար կամ «իսկ հիմա ես Նատաշան եմ»
Նիկոլ Փաշինեանի եւ իր թիմակիցների կողմից սնուցւող հակառուսական ալիքն այս տարւայ ընթացքում վերածւեց արդէն հակառուսական հիստերիայի եւ ճղճղոցների։ Այս ընթացքում Նիկոլ Փաշինեանն ԱԺ-ում Բելառուսի Հանրապետութեան նախագահ Լուկաշենկոյի՝ Շուշի կատարած այցին անդրադառնալիս, յստակ ակնարկով, անգամ հեգնանքով, մեղադրեց Ռուսաստանի Դաշնութեանն՝ Արցախի դէմ պատերազմ պլանաւորելու մէջ, Նիկոլ Փաշինեանի կինը՝ Աննա Յակոբեանը, գնում է ուկրաինական Բուչա, որտեղ իբրեւ ռուսները ցեղասպանութիւն են իրագործել, Ալէն Սիմոնեանն ամիսներ առաջ յայտարարեց, թէ ռուսները դաւաճանել են մեզ, իսկ յետոյ Եւրամիութեան խորհրդարանների նախագահների համաժողովում յայտարարեց, թէ Ռուսաստանը ներխուժել է Ուկրաինա՝ յաւելելով, որ պաշտպանում է Ուկրաինայի տարածքային ամբողջականութիւնը, իսկ ահա ԱԽՔ Արմէն Գրիգորեանն օրերս յայտարարեց, թէ Արցախը յանձնել են ոչ թէ իրենք, երբ Պրահայում այն ճանաչում էին Ադրբեջանի մաս, այլ ռուսները, որ խաղաղապահ գործունէութիւն էին ծաւալում։ Տասնեակ, գուցէ հարիւրաւոր այլ մեղադրանք-յայտարարութիւններ կարելի է յիշել, բայց կարծում ենք այսքանն էլ բաւական է հասկանալու համար հիստերիայի մակարդակը։
Ու ահա այս ամէնի ֆոնին Ռուսաստանի Դաշնութիւնում Հայաստանի դեսպան Վաղարշակ Յարութիւնեանը գնում է ռուսական Բելգորոդ քաղաք եւ ծաղիկներ խոնարհում Ուկրաինայի տարածքում Արեւմուտքի դէմ ընթացող մարտերի ժամանակ զոհւած ռուս զինծառայողների յուշակոթողին։ Յետոյ Յակոբ Արշակեանն է մեծ պատւիրակութեամբ մեկնում Ռուսաստան, որտեղ իր ռուս պաշտօնակցի հետ քննարկում են հայ-ռուսական յարաբերութիւններին առնչւող հարցեր։ Պարզ է, որ Վաղարշակ Յարութիւնեանն ու Յակոբ Արշակեանը չեն գործում Փաշինեանից անջատ, ու նրա համաձայնութեամբ են տեղի ունեցել նշւած այցելութիւնները։ Շատերին է յուզում, թէ ինչո՞ւ յանկարծ Հայաստանի՝ էութեամբ հակառուս իշխանութիւնները յիշեցին Բելգորոդն ու յատուկ ռազմական գործողութիւնների զոհերին։ Այս հարցի պատասխանը պէտք է գտնել Եւրոպայում ընթացող քաղաքական գործընթացների ծիրում։
Արեւմուքում մարդ չմնաց պաչիկի համար
Եւրոպական մի շարք երկրներում տեղական ընտրութիւններ են։ Ամենաազդեցիկ երկրներում՝ Ֆրանսիա, Գերմանիա, Իտալիա, Բելգիա, օրերս նաեւ ԵՄ-ից դուրս եկած Մեծ Բրիտանիայում փոխւեցին իշխանութիւնները։ Ըստ ամենայնի՝ ԱՄՆ-ում եւս աշնանը իշխանութիւն կը փոխւի։ Գործող նախագահ Բայդէնի դիրքերն էապէս զիջում են Թրամփի դիրքերին։
Նշւած դերակատարներից Փաշինեանի՝ արտաքին գլխաւոր հովանաւորներ էին հանդիսանում ԱՄՆ գործող իշխանութիւնները, Ֆրանսիայի նախագահ Մակրոնն անձամբ, ինչպէս նաեւ Մեծ Բրիտանիայի արդէն նախկին կառավարութիւնը (ՄԲ-ի դերակատարումը ակնառու չէ, բայց այն էական է։ Չմոռանանք, որ Հայաստանում նոր ստեղծւած Արտաքին հետախուզական ծառայութիւնը հէնց բրիտանացիների քաւորութեամբ է ձեւաւորւում)։
Հիմա, փաստօրէն, ստացւում է, որ Բրիտանիայի նախկին կառավարութիւնը չկայ, Ֆրանսիայի նախագահ Մակրոնի դիրքերը էապէս թուլացած են․ եթէ անգամ չհեռանայ, վստահաբար այլեւս նախկին ազդեցութիւնը չի կարող ունենալ։ Մակրոնի փոխարէն շատ հաւանական է՝ իշխանութեան գայ Լը Բէնը, ով յայտնի է իր պրոռուսական հայեացքներով եւ ռուսների հետ հաշտութեան գնալու համոզմունքով։ Իսկ Մակրոնը, յիշեցնենք, Փաշինեանի հիմնական աջակիցն է ԵՄ-ում։ Հեռանում է նաեւ ԱՄՆ դեմոկրատ նախագահ Բայդէնը եւ նրան փոխարինելու է գալիս Հանրապետական Թրամփը, ով վստահաբար արտաքին լրիւ այլ որակի քաղաքականութիւն է վարելու, որին վախով են սպասում անգամ ամերիկեան փողերով Հայաստանում հակառուս աշխատողները։ Ուկրաինական պատերազմի հովանաւորների մասին խօսելն անգամ աւելորդ կը լինի․ Թրամփը յայտարարել է, որ գալու է ու կանգնեցնելու է պատերազմը Ռուսաստանի հետ։
Այս փոփոխութիւները Փաշինեանին պէտք է յուշեն, որ Արեւմուտքում իր հետ համբուրւող տղամարդ գործիչ չի մնալու ու դժւար է ենթադրել՝ արդեօք նախկին դարձող ներկաներին փոխարինողները կը ցանկանա՞ն Փաշինեանի հետ համբուրւել: Եղածների անցած ճանապարհն ու համոզմունքները, եթէ հաշւի առնենք, ապա դժւար նման մէկը գտնւի։
Արեւմուտքի հակառուսական ճամբարը փլուզւում է
Օրերս շատերի համար անսպասելի Կիեւ կատարած այցից յետոյ Մոսկւա այցելեց Հունգարիայի վարչապետ Օրբանը։ Նա ՌԴ մայրաքաղաքում հանդիպեց նախագահ Պուտինի հետ։ Երկրների առաջնորդները քննարկել էին ուկրաինական հարցը։
Յիշեցնենք, որ Հունգարիան վերջերս ստանձնել է Եւրոխորհրդի նախագահութիւնը, եւ այդ կարգավիճակով Օրբանի՝ Մոսկւա այցելելը յատկապէս նշանակալից էր։
Այս այցից յետոյ ԵՄ-ում մէկ այլ աղմկայարոյց յայտարարութիւն հնչեց։ Սլովակիայի վարչապետ Ռոբերտ Ֆիցոն յայտարարել է, որ ինքը կը միանար հունգարացի գործընկեր Վիկտոր Օրբանին Մոսկւա մեկնելիս, եթէ մահափորձից յետոյ իր առողջական վիճակը թոյլ տար դա անել, յայտնել է BBC-ն:
«Ուզում եմ իմ հիացմունքն արտայայտել Հունգարիայի վարչապետի նկատմամբ, որ առանց վարանելու ուղեւորութիւններ է կատարել Կիեւ եւ Մոսկւա»,-մահափորձից յետոյ իր առաջին հրապարակային ելոյթում ասել է Ֆիցոն: «Եթէ առողջութիւնն ինձ թոյլ տար գնալ, ես հաճոյքով կմիանայի նրան»,-ասել է Ֆիցոն։
«Իսկ հիմա ես Նատաշան եմ»
Հաշւի առնելով Արեւմուտքում քաղաքական էլիտաների փոփոխութիւնը, ինչպէս նաեւ ռուսների հետ հաշտութեան գնալու տրամադրութիւնների առկայութիւնը՝ կարելի է ենթադրել, որ Փաշինեանն ու ՔՊ-ն պատարստւում են աշնանն իրենց «որբանալուն», իսկ դա վերջնական կարձանագրւի Թրամփի՝ ԱՄՆ նախագահ դառնալով, եթէ, իհարկէ, ֆորս մաժորներ չլինեն (Փաշինեանի եւ աշխարհի գլոբալիստների միակ յոյսը հնարաւոր ֆորս մաժորն է)։ Ըստ ամենայնի՝ սրանով է պայմանաւորւած Փաշինեանի կողմից հակառուսական հիստերիայից կէս յետքայլ անելը։ Մարդիկ չնչին, բայց տեղ են թողնում, որ նոյեմբեր-դեկտեմբերին յայտարարեն՝ «Իսկ հիմա ես Նատաշան եմ»։ Այլ բան է, որ հաւատացող չի լինելու։
Politik.am
«ԱԼԻՔ» – «Իսկ հիմա ես Նատաշան եմ» թեւաւոր խօսք է, մէջբերւած սովետական կինոյի լաւագոյն ֆիլմերից մէկի՝ «3+2»-ից (ռեժիսոր՝ Հենրիկ Յովհաննիսեան):