Ալիեւ. ««Արեւմտեան Ադրբեջանի» ադրբեջանական բնակչութիւնը ժամանակի ընթացքում կը վերադառնայ իր «հայրենիք»»
«ԱԼԻՔ» – Օկուպացւած Շուշիում Ադրբեջանը մեդիաֆորում է անցկացնում, որի բացմանը ներկայ է եղել նաեւ երկրի նախագահ Իլհամ Ալիեւը: Տեղեկացնում է News.am-ը:
Իր ելոյթում Բաքւի բռնապետը կրկին անդրադարձել է ադրբեջանցիների Հայաստան վերադարձի թեմային: Նա համոզմունք է յայտնել, թէ իր յորջորջած, այսպէս կոչւած «Արեւմտեան Ադրբեջանի» (չակերտները՝ ԱԼԻՔ-ի) ադրբեջանական բնակչութիւնն ի վերջոյ կը վերադառնայ «հայրենիք», ինչի համար բաւարար է Երեւանի համապատասխան քաղաքական կամքը։
«Ներկայիս Հայաստանի տարածքից վտարւած ադրբեջանցիներն անպայման կը վերադառնան իրենց հայրենի հողերը»,- յայտարարել է Ալիեւը։
«Ես խորապէս համոզւած եմ, որ ադրբեջանցիների վերադարձի օրը անպայման կը գայ, եւ ապաւինում ենք Հայաստանի ղեկավարութեան քաղաքական կամքին, նրա հռչակած ժողովրդավարութեանն ու օրէնքի գերակայութեան սկզբունքներին նրա հաւատարմութեանը»,- ասել է Ադրբեջանի նախագահը։ Նա պնդել է, թէ «Բաքւի մօտեցումը Ղարաբաղի բնակչութեան հայկական մասի վերաինտեգրման հարցում նման քաղաքական կամքի օրինակ է ադրբեջանական իրաւական դաշտում»։
«Բնականաբար, մենք Հայաստանի կառավարութիւնից ակնկալում ենք ճիշտ նոյն մօտեցումը, ինչ մերը։ Մենք նրանցից յստակ յայտարարութիւն ենք ակնկալում, թէ ինչպէս կարող են այսօրւայ Հայաստանի տարածքից, «Արեւմտեան Ադրբեջանից» (չակերտները՝ ԱԼԻՔ-ի) վտարւած ադրբեջանցիները կամ վտարւածների ժառանգները վերադառնալ իրենց պատմական հողերը՝ այցելել նրանց կամ ապրել այդ հողերում։ Աւելին, մեր տւեալներով՝ ադրբեջանցիներով բնակեցւած գիւղերի 90 տոկոսում այժմ կեանք չկայ, դրանք ուղղակի ամայի են»,- յայտարարել է Ալիեւը։
Բաքւի բռնապետն անդրադարձել է Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ այսպէս կոչւած խաղաղութեան գործընթացին.
«Արտաքին գործերի նախարարի կողմից ինձ տրամադրւած տեղեկատւութեան համաձայն՝ խաղաղութեան պայմանագրի տեքստը համաձայնեցւել է 80-90 տոկոսով»,- ասել է նա՝ յաւելելով. «Առաջինը, Հայաստանը պէտք է դրական արձագանգի մեր առաջարկին։ Երկրորդ՝ ե՛ւ Հայաստանը, ե՛ւ Ադրբեջանը պէտք է համատեղ դիմեն ԵԱՀԿ-ին՝ Մինսկի խումբը լուծարելու խնդրանքով, քանի որ այս խումբը վերջին մի քանի տարիներին գործնականում պասիւ է եղել»:
Ալիեւն առիթը բաց չի թողել կրկին մեղադրանքներ հնչեցնելու հայկական Սփիւռքի հասցէին.
«Երբեմն մեզ զարմացնում է, որ Ադրբեջանի մասին միջազգային լրատւամիջոցներով տարածւած տեղեկատւութիւնը համապատասխանում է իրականութեանը։ Այսինքն՝ մենք երկար տարիներ եղել ենք փաստերի մանիպուլեացիայի, կեղծ պատմութիւնների զոհ։ Դրանցից մէկը Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ հակամարտութիւնն էր եւ ողջ հայկական Սփիւռքի մոբիլիզացիան։ Հայամէտ քաղաքական գործիչներն ու լրատւամիջոցների ներկայացուցիչները յարձակւել են Ադրբեջանի վրայ, կեղծ տեղեկութիւններ են տարածել Ադրբեջանի մասին եւ Ադրբեջանին ներկայացրել իրականութիւնից հեռու կերպարով»,- ասել է նա:
Յիշեցենք, որ երէկ՝ յուլիսի 20-ին օկուպացւած Շուշիում մեկնարկած մեդիաֆորումին մասնակցում են 50 երկրների 150 հիւրեր, այդ թւում՝ 30 երկրներից տեղեկատւական գործակալութիւնների ներկայացուցիչներ։